Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գործառույթներ

 

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

 

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է  «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։

 

Քննիչի  լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 

Ըստ այդմ, քննիչը պետական պաշտոնատար անձ է, ով իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն:

 

Քննիչը լիազորված է հանցագործության դեպքով նախապատրաստել նյութեր, մերժել քրեական գործի հարուցումը, հարուցել քրեական գործ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գործն ընդունել իր վարույթ կամ քննության համար ուղարկել այլ քննիչի, իր վարույթում եղած գործի քննության ընթացքում հարուցել քրեական գործ, եթե հայտնաբերվել է նոր հանցագործության դեպք, որը կատարել է այլ անձ:

 

Քննիչը քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունն ստուգելու նպատակով:

 

Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվում է դատարանից ստանալ թույլտվություն: Քննիչը պատասխանատվություն է կրում քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու համար:

 

Քննիչը, մասնավորապես, լիազորված է`

 

-մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարել դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնել նմուշներ և նշանակել փորձաքննություն.

-հարցաքննել կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային, նշանակել փորձաքննություն, կատարել զննություններ, խուզարկություններ, առգրավումներ և այլ քննչական գործողություններ.

-միջոցներ ձեռնարկել վնասը տուժած անձին հատուցելու համար.

-պահանջել փաստաթղթեր և նյութեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին.

-պահանջել կատարել վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ.

-իր իրավասության սահմաններում նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնից տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման և հանցագործությունների բացահայտման, անհայտ կորած անձանց և կորած գույքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.

-իր կողմից նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնին նրա համար պարտադիր գրավոր հանձնարարություններ տալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին.

-հետաքննության մարմնին  հանձնարարել իրագործել ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաև հետաքննության մարմնից անհապաղ աջակցություն ստանալ քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելիս.

-կատարված հանցագործության մասին հետաքննության մարմնից հաղորդում ստանալիս մեկնել դեպքի վայր և ներգրավվել գործի քննությանը` քրեական գործ հարուցելու կամ հարուցված գործն իր վարույթ վերցնելու միջոցով.

-առանձին քննչական գործողությունների կատարումը հանձնարարել հետաքննության մարմնին.

- կանչել անձանց որպես վկա.

-գործին մասնակից դարձնել ընթերականեր,  թարգմանիչներ,  մասնագետներ,  փորձագետներ.

-ձերբակակել հանցագործության համար կասկածվող անձին և որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.

-որոշում կայացնել անձին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին,  մեղադրանք առաջադրել և այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել դատախազին.

-ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող.

- ապահովել փաստաբանների նշանակումը քրեական գործով որպես պաշտպաններ և թույլ տալ անձանց քրեական գործով վարույթին մասնակցել որպես ներկայացուցիչներ.

- պաշտպաններին և ներկայացուցիչներին հեռացնել քրեական գործով վարույթին մասնակցելուց, եթե կհայտնաբերվեն քրեական դատավարությանը նրանց մասնակցությունը բացառող`  քրեական դատավարության օրենսգրքի  93-րդ  հոդվածում նշված հանգամանքները.

- համապատասխան անձանց ազատել իրավաբանական օգնություն ստանալու համար սահմանված վճարումներից.

- լուծել ընթերակային,  թարգմանչին,  մասնագետին, փորձագետին հայտնած բացարկները.

- լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև այլ անձանց հայտարարությունները և դիմումները.

- իր իրավասության սահմաններում լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց բողոքները.

-որոշում ընդունել խափանման միջոցներ ընտրելու, փոխելու, վերացնելու և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին՝  բացառությամբ կալանքի, իր որոշմամբ ազատել կալանքի տակ պահվող այն մեղադրյալին, որի կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է.

- որոշում ընդունել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.

-դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության,  փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով.

- անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա դրված կալանքը, հեռախոսային խոսակցությունները լսելը.

- բողոքարկել դատախազի յուրաքանչյուր ցուցումը` չկասեցնելով դրա կատարումը.

- որպես մեղադրյալ ներգրավելու, հանցագործությունը որակելու և մեղադրանքի ծավալի, նախաքննությունն ավարտելու կամ գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի ցուցումներին համաձայն չլինելու դեպքում դրանք առանց կատարելու բողոքարկել վերադաս դատախազին.

- ընդունել որոշում քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այդ որոշման պատճենը  24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին՝ որոշման օրինականությունն ստուգելու նպատակով.

- կազմել և դատախազի հաստատմանը ներկայացնել մեղադրական եզրակացություն, իսկ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքն անմեղսունակ վիճակում կատարած կամ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարելուց հետո անմեղսունակ դարձած անձանց նկատմամբ քրեական գործերով` եզրափակիչ որոշում:

 

Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում քննիչի լիազորությունների սահմաններում քրեական գործով կայացված որոշումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից:

Քննիչն իրականացնում է նաև քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

 

 Որոշման բողոքարկման կարգը

 

• քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել  դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին: Օրենքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան.

• բողոքները կարող են լինել գրավոր, իսկ նրանց գրավոր ձևն օրենքով հատուկ նախատեսված չլինելու դեպքում` նաև բանավոր: Քրեական վարույթն իրականացնող մարմինը բանավոր բողոքը մտցնում է տվյալ պահին կատարվող դատավարական գործողության արձանագրության մեջ կամ կազմում առանձին արձանագրություն.

• քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների, ինչպես նաև այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի կողմից, ում հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, կարող է բողոքարկվել վերադաս դատախազին.

• հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի,  պաշտպանի, տուժողի,  քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, ում իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից.

 

•կասկածյալը, մեղադրյալը,  պաշտպանը, տուժողը, քրեական դատավարության մասնակիցները, այլ անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց,  քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը,  ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները`  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում.

 

• խափանման միջոց կիրառելու, փոփոխելու մասին քննիչի և հետաքննության մարմնի որոշումը կասկածյալը,  մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները,  դատավարության այլ շահագրգիռ մասնակիցները կարող են բողոքարկել համապատասխան դատախազին, իսկ դատախազի որոշումը՝ վերադաս դատախազին.

• քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում.

•  միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժելու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որի պատճենը դիմողին է հանձնվում միջնորդություն հարուցելու պահից մեկ օրվա ընթացքում: Մինչև միջնորդության հարցը լուծելը գործը չի կարող հանձնվել դատախազին:

Այն գործով հարուցված միջնորդությունը բավարարելուց քննիչի հրաժարվելը, որը քննիչը մտադրված է մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատախազին, կարող է միջնորդությունը բավարարելուց հրաժարվելու մասին որոշման պատճենը դիմողին հանձնելու պահից  2 օրվա ընթացքում բողոքարկվել դատախազին: