Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Խորհրդանիշներ

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը հաստատվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի որոշմամբ։
 
Խորհրդանիշի տարրերն են` երկու արծիվները, վահանը (երկու խաչաձևված աչքերի տեսքով), կնգումի (հայկական կզաքիսի) մորթին և կաղնու տերևները: Խորհրդանիշի ոսկեգույնով երիզված շրջանակաձև կենտրոնում երկու արծիվները պահում են խաչված աչքերի գծապատկերով ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի սպիտակ մորթիով:
 
Հաջորդ՝ արտաքին շրջանակաձև շերտում ոսկեգույն հայերեն տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ»: Ընդհանուր շրջանը երիզում է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:
 
Արծիվները ոսկեգույն են և խորհրդանշում են ուժ, սլացք, զգոնություն, կամք և սրատեսություն: Կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթին ընդգծված է սև գույնի պոչիկների պատկերներով, որը խորհրդանշում է արդարություն (արդարադատություն), անաղարտություն և ողջախոհություն՝ վկայելով կրողի բարոյականության, վեհության և անբասիրության մասին:
 
Խաչված աչքերի գծապատկերով ոսկեգույնով երիզված վահանը խորհրդանշում է ուշադրություն, ուշիմություն, անձի, հասարակության և պետության պաշտպանության ապահովում հանցագործություններից:
 
Սուրը ոսկեգույն է և խորհրդանշում է անկախություն, արդարություն և պայքար: Այն ուղղահայաց դիրքով գտնվում է վահանի հետնամասում: Վահանից դուրս՝ վերևի մասում երևում է սրի խաչաձև բռնակը, իսկ ներքևից դուրս է գալիս սրի շեղբը։
 
Միմյանց փոխկապակցված կաղնու երկու ոսկեգույն տերևները խորհրդանշում են անհողդողդ ուժ, տոկունություն, երկարակեցություն և վեհություն: Ոսկեգույնը խորհրդանշում է իմաստություն, արժանապատվություն, իշխանություն, իսկ մուգ կապույտը՝ զսպվածություն, ճշմարտություն, վճռականություն:
 
Խորհրդանիշի պատկերն ունի շրջանաձև տեսք: Շրջանը հավերժության և անսահմանության խորհրդանիշն է: