Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

«ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենք

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 


 
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 
1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում (այսուհետ՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտ) պետական ծառայության հիմնական սկզբունքները, և կարգավորվում են Քննչական կոմիտեի դեպարտամենտում կառավարման և ղեկավարման, պետական ծառայության պաշտոնների դասակարգման, պետական ծառայության դասային աստիճանների, պետական ծառայության պաշտոնի նշանակման, պետական ծառայողների տեստավորման և վերապատրաստման, պետական ծառայության կադրերի ռեզերվի, պետական ծառայողների իրավական վիճակի, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ։
 
Հոդված 2. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայությունը
 
1. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայությունը (այսուհետ՝ պետական ծառայություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական ծառայության հատուկ տեսակ է, որն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկում և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին (այսուհետ՝ Քննչական կոմիտե) օրենքով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն։
2. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայություն չի համարվում պաշտոնավարումը քննիչի պաշտոնում, ինչպես նաև տեխնիկական սպասարկման և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը։
3. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համարվում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի աշխատողներ, և նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով։
 
Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
 
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պետական ծառայության պաշտոն` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.
2) պետական ծառայության պաշտոնների անվանացանկ` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պետական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.
3) պետական ծառայության պաշտոնի անձնագիր (նկարագիր)` տվյալ պաշտոնն զբաղեցնող պետական ծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու ներկայացուցչությունը նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պետական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև պետական ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.
4) պետական ծառայող` պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող անձ.
5) քննիչի օգնական` քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչներին և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներին ամրակցված պետական ծառայող.
6) պետական ծառայության դասային աստիճան` պետական ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.
7) պետական ծառայողի ատեստավորում` զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.
8) պետական ծառայողի վերապատրաստում` պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.
9) պետական ծառայության կադրերի ռեզերվ` սույն օրենքով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոններ չզբաղեցնող անձանց հանրույթ.
10) ծառայողական քննություն` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով պետական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.
11) մասնագիտական աշխատանքային ստաժ` բարձրագույն կրթության, իսկ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ` անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից։ Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակահատվածը.
12) պետական ծառայողի ռոտացիա` օրենքով սահմանված դեպքում և կարգով պետական ծառայողին նույն մարմնում (այդ թվում` նույն մարմնի այլ կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումում) փոխադրում կամ փոխատեղում։
 
Հոդված 4. Օրենքի գործողության ոլորտը
 
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների վրա։
 
Հոդված 5. Պետական ծառայության մասին օրենսդրությունը
 
1. Քննչական կոմիտեի դեպարտամենտում ծագող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով և իրավական ակտերով։
2. Պետական ծառայության հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե սույն օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:
3. Պետական ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Քննչական կոմիտեի նախագահի (այսուհետ` Կոմիտեի նախագահ) հրամանով հաստատված ներքին կարգապահական կանոններով։
 
Հոդված 6. Քննչական կոմիտեի դեպարտամենտը
 
1. Քննչական կոմիտեի դեպարտամենտը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Քննչական կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենքներով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը։
2. Քննչական կոմիտեի դեպարտամենտը Քննչական կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով։
3. Քննչական կոմիտեի դեպարտամենտը գործում է սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրության հիման վրա։
4. Քննչական կոմիտեի դեպարտամենտը`
1) իրականացնում է պետական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կադրային քաղաքականությունը, կազմակերպական, ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ` ուղղված Քննչական կոմիտեի արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը և ապահովմանը.
2) օժանդակում է Քննչական կոմիտեի հանձնաժողովների, խորհուրդների և մյուս կոլեգիալ մարմինների նիստերի կազմակերպատեխնիկական բնույթի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը.
3) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, Քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությամբ և Կոմիտեի նախագահի հրամաններով սահմանված այլ լիազորություններ։
5. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից՝ առանձին տողով՝ որպես Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե և կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
 
Հոդված 7. Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը
 
1. Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը ներառում է կառուցվածքային ստորաբաժանումները և առանձնացված ստորաբաժանումները։
2. Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթները հաստատում է Կոմիտեի նախագահը։
 
Հոդված 8. Պետական ծառայության հիմնական սկզբունքները
 
1. Պետական ծառայության հիմնական սկզբունքներն են`
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.
2) պետական ծառայության կայունությունը.
3) պետական ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնականությունը և օրենքի առջև պետական ծառայողների իրավահավասարությունը.
4) պետական ծառայության հրապարակայնությունը.
5) պետական ծառայողների քաղաքական զսպվածությունը.
6) քաղաքացիների համար պետական ծառայության հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.
7) պետական ծառայողների արհեստավարժությունը.
8) պետական ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.
9) պետական ծառայողների պատասխանատվությունը իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
10) պետական ծառայողների անկողմնակալությունը, ազնվությունը.
11) պետական ծառայողների գործունեության վերահսկելիությունը և հաշվետու լինելը.
12) մարդու և քաղաքացու իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելը։

 

ԳԼՈՒԽ 2. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 9. Պետական ծառայության կառավարումը

 
1. Պետական ծառայության կառավարումն իրականացնում է Կոմիտեի նախագահը։
2. Կոմիտեի նախագահի` որպես պետական ծառայության կառավարման մարմնի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով։
 
Հոդված 10. Պետական ծառայության ղեկավարման մարմինը
 
1. Պետական ծառայության ղեկավարման մարմինը Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարն է։
2. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը պետական ծառայող է, որին նշանակում է Կոմիտեի նախագահը՝ հինգ տարի ժամկետով։
3. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով, Քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով։

 

ԳԼՈՒԽ 3. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 11. Պետական ծառայության պաշտոնները

 
1. Պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից։
2. Պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ.
2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ.
3) պետական ծառայության առաջատար պաշտոններ.
4) պետական ծառայության կրտսեր պաշտոններ։
3. Պետական ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին և 2-րդ ենթախմբերի, իսկ գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի։
4. Պետական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է։
 
Հոդված 12. Պետական ծառայության դասային աստիճանները
 
1. Պետական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.
1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճաններ.
2) պետական ծառայության գլխավոր պաշտոնների`
ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան,
բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,
գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.
3) պետական ծառայության առաջատար պաշտոնների`
ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,
բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,
գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
4) պետական ծառայության կրտսեր պաշտոնների`
ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,
բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,
գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան։
2. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Կոմիտեի նախագահի առաջարկությամբ։
3. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում է Կոմիտեի նախագահը` Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի առաջարկությամբ։
4. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը։
5. Պետական ծառայության պաշտոնի (բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի) նշանակման հետ միաժամանակ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի) պետական ծառայողին շնորհվում է պետական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի պետական ծառայության (այդ թվում` հանրային ծառայության տվյալ դասային աստիճանին կամ կոչմանը համապատասխանեցված) համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան։ Տվյալ դեպքում անձը պահպանում է իր ավելի բարձր դասային աստիճանը։
6. Պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան (բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի) շնորհվում է համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի հետո, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի։
7. Պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին (բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի) պետական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում։ Պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի համապատասխան դասային աստիճանի շնորհման համար սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Կոմիտեի նախագահը համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հանրապետության Նախագահին:
8. Պետական ծառայողների դասային աստիճանները պահպանվում են աշխատանքից ազատվելիս, հանրային ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելիս, այդ թվում` Քննչական կոմիտեի դեպարտամենտում այլ պաշտոնի նշանակվելիս։
9. Պետական ծառայության դասային աստիճանն իջեցվում է մեկ աստիճանով՝ որպես կարգապահական տույժի տեսակ, բացառությամբ պետական ծառայության 1-ին և 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանների։
10. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 17-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ պետական ծառայողը զրկվում է պետական ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ։
 
Հոդված 13. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը և Քննչական կոմիտեի դեպարտամենտի հաստիքացուցակը
 
1. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը՝ Կոմիտեի նախագահի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքն ու հաստիքացուցակը՝ Կոմիտեի նախագահի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Բյուջետային տարվա ընթացքում պետական ծառայության պաշտոնների անվանացանկի և հաստիքների քանակի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում։
4. Քննչական կոմիտեի դեպարտամենտի հաստիքացուցակը ներառում է պետական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հաստիքների քանակը։
 
Հոդված 14. Պետական ծառայության պաշտոնի անձնագիրը (նկարագիրը)
 
1. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) պետք է առնվազն ներառեն սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասերով նախատեսված պահանջները։
2. Պետական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են հետևյալ պահանջները.
1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ ) կրթություն.
2) պետական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ և պետական ծառայության առնվազն 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան (համապատասխան դասային աստիճան) կամ առնվազն վեց տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։
3. Պետական ծառայության գլխավոր պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են հետևյալ պահանջները.
1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթն իրավաբանական չէ) կրթություն.
2) պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա պետական ծառայության ստաժ և պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։
4. Պետական ծառայության առաջատար պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են հետևյալ պահանջները.
1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթն իրավաբանական չէ) կրթություն.
2) պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։
5. Պետական ծառայության կրտսեր պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են առնվազն միջնակարգ կրթության պահանջը։
6. Յուրաքանչյուր ստորադաս խմբում պետական ծառայության անցնելու համար բավարար է ավելի բարձր խմբի համար սահմանված պահանջները բավարարելը։
7. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են նաև աշխատանքային ստաժի հետևյալ պահանջները.
1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.
2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
3) պետական ծառայության առաջատար պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ։
8. Պետական ծառայության պաշտոնի անձնագիրը (նկարագիրը) կարող է փոփոխվել, եթե դա պետական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքում։
9. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) հաստատում է Կոմիտեի նախագահը` Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ։

 

ԳԼՈՒԽ  4. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 15. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

 
1. Սույն օրենքով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից։
 
Հոդված 16. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձինք
 
1. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է պետական (հանրային) ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը պետական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը։ Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
 
Հոդված 17. Պետական ծառայության պաշտոնի նշանակումը և ազատումը
 
1. Պետական ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով։
2. Պետական ծառայության պաշտոնում նշանակված անձինք պաշտոնից ազատման օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում անփոփոխելի են, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված պետական ծառայողի ռոտացիայի դեպքի։
3. Պետական ծառայության պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է՝
1) Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին՝ Կոմիտեի նախագահը.
2) Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալներին, Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին, քննիչի օգնականին՝ Կոմիտեի նախագահը` Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ.
3) պետական ծառայության մյուս ծառայողներին՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը:
4. Առաջին անգամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով։
 
Հոդված 18. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը
 
1. Պետական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է մրցութային կամ արտամրցութային կարգով։
 
Հոդված 19. Պետական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը
 
1. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում պետական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ նոր ստեղծված պետական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում 15-օրյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու`
1) այն պետական ծառայողին, որը միաժամանակ`
ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,
բ. համարվում է պետական ծառայության միևնույն խմբի և ենթախմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված պետական ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է պետական ծառայության իր զբաղեցրած ենթախմբին հաջորդող մեկ ենթախումբ բարձր ենթախմբի պաշտոն կամ պետական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ ենթախմբեր, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում` 2-րդ ենթախմբի պաշտոն, կամ մինչ կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցրել է այդ պաշտոնը,
գ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն.
2) պետական ծառայության կադրերի ռեզերվից այն անձին, որը միաժամանակ՝
ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,
բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:
 
Հոդված 20. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը
 
1. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվում է փակ կամ բաց մրցույթ։
2. Պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանում է Կոմիտեի նախագահը։
 
Հոդված 21. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթը
 
1. Պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարվելու դեպքերում (բացառությամբ պետական ծառայության կրտսեր պաշտոնների) այդ պաշտոնի զբաղեցման համար Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի հրամանով կարող է անցկացվել փակ մրցույթ։ Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող պետական ծառայողները և սույն օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք։
2. Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ։ Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի Քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում։
3. Փակ մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում հաշվի են առնվում նաև մրցույթի մասնակցի ատեստավորման արդյունքները կամ անմիջական ղեկավարի գրավոր բնութագիրը։ Հարցազրույցն անցկացվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով։
4. Փակ մրցույթն անցկացնում է Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտը։
5. Փակ մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը։
6. Փակ մրցույթի արդյունքների վերաբերյալ կարող է բողոք ներկայացվել Կոմիտեի նախագահին կամ հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:
 
Հոդված 22. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթը
 
1. Սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով փակ մրցույթի արդյունքում նշանակում չկատարվելու կամ պետական ծառայության թափուր կրտսեր պաշտոն առաջանալու կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարվելու դեպքերում Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այդ պաշտոնները զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին (այսուհետ` մրցույթ)։
2. Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում։
3. Մրցույթն անցկացնում է մրցութային հանձնաժողովը, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ու մրցութային հանձնաժողովների գործունեության կազմակերպական ապահովումն իրականացնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտը։
4. Մրցութային հանձնաժողովն անձին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը։
5. Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ անձ։
6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի։
7. Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին պետական ծառայողները, ինչպես նաև կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով։
 
Հոդված 23. Թեստավորումը և հարցազրույցի փուլը բաց մրցույթում, բաց մրցույթի արդյունքների ամփոփումը
 
1. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։
2. Թեստերը կազմվում են Կոմիտեի նախագահի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված բնագավառներում ստուգելու համար։
3. Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար ծածկագրերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով։
4. Թեստավորման փուլում հաղթող են ճանաչվում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները։
5. Թեստավորման անցկացման կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը։
6. Հարցազրույցի փուլին մասնակցում են թեստավորման փուլում հաղթող ճանաչված մասնակիցները։
7. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում՝ նրանց մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները ստուգելու և գնահատելու նպատակով։
8. Մրցութային հանձնաժողովի անդամների գնահատականների ամփոփումից հետո առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող։
9. Հարցազրույցի անցկացման և գնահատման կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը։
10. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը։ Մրցույթի արդյունքները տրամադրվում են մրցույթի մասնակիցներին կամ հանրային ծանոթացման համար փակցվում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի վարչական շենքում` մատչելի վայրում։
11. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կամ մասնակիցների վերաբերյալ ամփոփիչ արձանագրությունը ներկայացնում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին։ Ամփոփիչ արձանագրությունը պարունակում է տվյալներ մրցույթում հաղթած անձի կամ անձանց վերաբերյալ։
12. Ամփոփիչ արձանագրությունը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կամ հաղթող ճանաչված մասնակիցներից որևէ մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում։
13. Մրցույթի արդյունքների վերաբերյալ կարող է բողոք ներկայացվել Կոմիտեի նախագահին կամ հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:
 
Հոդված 24. Նոր և կրկնակի մրցույթը
 
1. Նոր մրցույթն անցկացվում է`
1) երբ մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման փուլում չի հավաքում անհրաժեշտ միավորների նվազագույն քանակը, կամ
2) երբ հարցազրույցի փուլում մասնակիցներից ոչ մեկը մրցույթում հաղթող չի ճանաչվել կամ
3) սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված դեպքերում։
2. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ։ Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում։ Այն անցկացվում է 10-օրյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով։
3. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ։
4. Սույն օրենքով սահմանված կարգի կամ Կոմիտեի նախագահի սահմանած կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով։ Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ: Իսկ եթե անձը նշանակվել է պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնում, ապա ազատվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով:
5. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով։
6. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվում, ապա պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնը համալրվում է կադրերի ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձանցից` հարցազրույցով։
 
Հոդված 25. Պետական ծառայողի ռոտացիան
 
1. Պետական ծառայողի ռոտացիան իրականացվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ` պետական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով։
2. Պետական ծառայողի ռոտացիան իրականացվում է պետական ծառայության պաշտոնի միևնույն խմբի և ենթախմբի սահմաններում և չի կարող հանգեցնել աշխատավարձի չափի նվազեցման։
3. Պետական ծառայողի ռոտացիան պետական ծառայության պաշտոնի ավելի ցածր խմբի կամ նույն խմբի ավելի ցածր ենթախմբի սահմաններում կարող է իրականացվել միայն տվյալ պետական ծառայողի գրավոր համաձայնությամբ` պահպանելով իր զբաղեցրած պաշտոնում տրվող աշխատավարձի չափը։
4. Պետական ծառայողի ռոտացիան պետական ծառայության պաշտոնի ավելի բարձր խմբի կամ նույն խմբի ավելի բարձր ենթախմբի սահմաններում կարող է իրականացվել, եթե պետական ծառայողը բավարարում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները:
5. Ռոտացիոն կարգով պետական ծառայության պաշտոնը կարող է զբաղեցվել 6 ամսից մինչև երեք տարի ժամկետով։ Տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ այն կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ մեկ տարի ժամկետով։
6. Ռոտացիայի դեպքում պետական ծառայողի համար չի կարող սահմանվել փորձաշրջան։
7. Մշտական բնակության վայրից դուրս պետական ծառայողի ռոտացիա իրականացնելիս օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով պետական ծառայողին տրվում է ծախսերի փոխհատուցում (կացարան, տրանսպորտային միջոցներ և այլն)։
 
Հոդված 26. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության ստաժը
 
1. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության ստաժը ներառում է պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը, այդ թվում` ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու, քաղաքական, քաղաքացիական կամ հայեցողական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, մինչև տվյալ պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը:
2. Պետական ծառայության ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` պետական ծառայողի ընդհանուր, մասնագիտական աշխատանքային ստաժում և պետական ծառայության ստաժում։
3. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է պետական ծառայության ստաժին։
 
Հոդված 27. Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը
 
1. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև պետական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, պետական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով պետական ծառայողի գործուղման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնը զբաղեցվում է`
1) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պետական ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքով նախատեսված գործուղման դեպքերի։ Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում`
2) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` պետական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող պետական ծառայողի կամ հաշվի առնելով սույն օրենքի 14-րդ, 15-րդ հոդվածների, 33-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր չի կնքվում, եթե պետական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա՝ տվյալ պաշտոնից սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 17-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով, ինչպես նաև սույն օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով սահմանված պետական ծառայողի վարձատրության պահպանման դեպքում:
3. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է պետական ծառայողի ծառայության ներկայանալու օրը։
4. Սույն օրենքի հիման վրա ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատում է Կոմիտեի նախագահը։
 

 
ԳԼՈՒԽ  5. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 28. Պետական ծառայողի ատեստավորումը

 
1. Յուրաքանչյուր տարի պետական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման։
2. Պետական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ։
3. Պետական ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո։
4. Պետական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված գրավոր որոշման հիման վրա։
5. Ատեստավորումն անցկացվում է պետական ծառայողի անմիջական մասնակցությամբ։
6. Ատեստավորման ենթակա չեն`
1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող պետական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած պետական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծառայողները, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած պետական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար։
8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ պետական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում։
9. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը չի տարածվում սույն օրենքի 19-րդ հոդվածով և սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա։
10. Ատեստավորման ենթակա պետական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին։
11. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է պետական ծառայողի ծառայողական բնութագիրը, որը պետք է բովանդակի տվյալներ պետական ծառայողի մասին, նրա գործնական, անձը բնութագրող հատկանիշների մասին և ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ կատարողականի գնահատականը։ Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում պետական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա։
12. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածում պետական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն։ Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակահատվածի երկու երրորդից ավելին, ապա պետական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում։ Եթե ծառայողը տարվա ընթացքում տեղափոխվել է պետական ծառայության այլ պաշտոնի, ապա նրա գործունեության ծառայողական բնութագիր ներկայացնում է այն անմիջական ղեկավարը, որի ենթակայությամբ ավելի երկար ժամանակահատված է աշխատել այդ ծառայողը։
13. Պետական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին։
14. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել պետական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա։
15. Ծառայողական բնութագրի ձևը և բնութագրման չափանիշները, ինչպես նաև կատարողականի գնահատման ձևը և կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը։
16. Պետական ծառայողի ատեստավորումն անցկացնում է ատեստավորման հանձնաժողովը։
17. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.
1) փաստաթղթային.
2) թեստավորման և հարցազրույցի։
18. Այն պետական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն պետական ծառայության դասային աստիճան, ինչպես նաև պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողները ենթակա են փաստաթղթային ատեստավորման։
19. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով։ Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ու հմտությունները ստուգելու նպատակով։
20. Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով։
21. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր պետական ծառայողի համար քվեարկության է դնում սույն հոդվածի 20-րդ մասի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը։
22. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն պետական ծառայողները`
1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.
2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը։
23. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։ Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը` սույն օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված կարգով։
24. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։
25. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է ատեստավորման հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները։
26. Ատեստավորման հանձնաժողովի որոշումները, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում Կոմիտեի նախագահի որոշումները պարտադիր են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համար։
27. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 23-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որը պետական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու որոշման դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում։
28. Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն հոդվածի 27-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքները ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պետական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ` նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
29. Պետական ծառայողը ատեստավորման արդյունքների վերաբերյալ կարող է բողոք ներկայացնել Կոմիտեի նախագահին կամ հայց ներկայացնել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:
30. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը, ատեստավորման հանձնաժողովների կազմը և աշխատակարգը հաստատում է Կոմիտեի նախագահը։
 
Հոդված 29. Պետական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը
 
1. Յուրաքանչյուր պետական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների։ Վերապատրաստում կարող են անցնել նաև պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողները:
2. Վերապատրաստումն անցկացվում է պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պետական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, գործնական հմտությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` պետական ծառայողի, քննիչի (քննիչի օգնականի դեպքում) կամ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի նախաձեռնությամբ։
3. Պետական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի հայտի հիման վրա։
4. Պետական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։
5. Պետական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է Կոմիտեի նախագահի սահմանած կարգով և եղանակներով։
6. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
7. Վերապատրաստման և գործուղման դեպքում պահպանվում են՝
1) պետական ծառայողի պաշտոնը և ստաժը.
2) վերապատրաստման դեպքում` նաև վարձատրությունը.
3) մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում` պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ՝ նաև վարձատրությունը.
4) մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում` Կոմիտեի նախագահի թույլտվությամբ՝ նաև վարձատրությունը։
8. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը հաստատում է Կոմիտեի նախագահը։
 
Հոդված 30. Պետական ծառայողների կադրերի ռեզերվը
 
1. Պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են`
1) սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կամ 9-րդ կետով նախատեսված հիմքերով պետական ծառայության պաշտոնից ազատված անձինք.
2) սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք.
3) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված բաց մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված և պետական ծառայության պաշտոնի չնշանակված անձինք.
4) սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով պաշտոնից ազատված Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը:
2. Պետական ծառայության կադրերի ռեզերվում ընդգրկված և երեք տարվա ընթացքում պետական ծառայության պաշտոն չստանձնած անձինք, բայց ոչ ավելի, քան 65 տարեկանը լրանալը, հանվում են կադրերի ռեզերվից։
3. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է Կոմիտեի նախագահը։
  

ԳԼՈՒԽ  6. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 31. Պետական ծառայողի հիմնական իրավունքները

 
1. Պետական ծառայողի հիմնական իրավունքներն են`
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր անձնական գործի բոլոր նյութերին և փաստաթղթերին ծանոթանալը, բացատրություններ ներկայացնելը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
4) աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը.
5) աշխատանքային առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.
6) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
7) իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից.
8) իր խախտված իրավունքները սահմանված կարգով բողոքարկելը.
9) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննության անցկացում պահանջելը.
10) պետական ծառայության դասային աստիճանի սահմանված կարգով բարձրացումը.
11) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
12) մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.
13) պետական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը, դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը։
2. Պետական ծառայողն ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ։
 
Հոդված 32. Պետական ծառայողի հիմնական պարտականությունները
 
1. Պետական ծառայողի հիմնական պարտականություններն են`
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ապահովելը.
3) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.
4) սահմանված կարգով տրված հանձնարարականները և ընդունված որոշումները կատարելը.
5) իրավական ակտով սահմանված ներքին կարգապահական կանոնները պահպանելը.
6) ներկայացված բոլոր փաստաթղթերն ու դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերն ուսումնասիրելը և սահմանված կարգով դրանց ընթացք տալը.
7) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և իր իրավասության սահմաններում դրանց ընթացք տալը.
8) պետական և ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` գաղտնիքը պահպանելը ծառայությունը դադարեցնելուց հետո.
9) սահմանված կարգով և ժամկետներում ատեստավորմանը և վերապատրաստմանը մասնակցելը.
10) Կոմիտեի նախագահի հաստատած՝ պետական ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները պահպանելը։
2. Պետական ծառայողը կրում է նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ։
 
Հոդված 33. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
 
1. Պետական ծառայողին արգելվում է`
1) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից.
2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
3) լինել ներկայացուցիչ, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի.
4) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը ծառայության մեջ է, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
5) իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, ներառյալ` կրոնական միավորումների շահերի համար, նրանց համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովել, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.
6) թույլ տալ պետական ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնների խախտումներ, իր ծառայողական դիրքն օգտագործել անձնական կամ ծառայության շահերին չառնչվող այլ նպատակներով.
7) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
8) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.
9) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
10) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված անձանց հետ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
11) համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
12) լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Պետական ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն։
2. Պետական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պետական ծառայողն օրենքով սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում այն հանձնել հավատարմագրային կառավարման։ Պետական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ։
 
Հոդված 34. Պետական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները
 
1. Պետական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`
1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.
2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են։
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում պետական ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց։ Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա պետական ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, և այդ մասին գրավոր տեղեկացնել Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, իսկ եթե վերջինս տվյալ պետական ծառայողի վերադասը չէ կամ հանձնարարական տվողն է, ապա Կոմիտեի նախագահին։ Պետական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած պաշտոնատար անձը։
 
Հոդված 35. Պետական ծառայողի սոցիալական երաշխիքները
 
1. Պետական ծառայողի սոցիալական երաշխիքներն են`
1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանները.
2) վարձատրությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.
3) ամենամյա վճարովի արձակուրդը.
4) վերապատրաստումը` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.
5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրությունը.
6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ նրա մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովումը.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության և պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.
8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը։
2. Պետական ծառայողին Կոմիտեի նախագահի սահմանած դեպքերում և կարգով ծառայողական անհրաժեշտության դեպքում հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։
 
Հոդված 36. Պետական ծառայողի վարձատրությունը
 
1. Յուրաքանչյուր պետական ծառայող առանց որևէ խտրականության ունի օրենսդրությամբ սահմանված չափով վարձատրության իրավունք։
2. Պետական ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
Հոդված 37. Պետական ծառայողի սոցիալական ապահովությունը
 
1. Պետական ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
 
Հոդված 38. Պետական ծառայողի իրավական վիճակը վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ
 
1. Վերակազմակերպումը կամ կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են վերակազմակերպմամբ կամ կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ։ Հաստիքների կրճատման դեպքում ծառայությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված պետական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող պետական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` պետական ծառայության առավել երկար ստաժ ունեցող պետական ծառայողին։
2. Վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետևանքով պետական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր թափուր (անվանափոխված) պաշտոնները, բացառությամբ նոր ստեղծված պետական ծառայության պաշտոնների, զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, եթե այդ պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով և ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով։
 
Հոդված 39. Պետական ծառայողի անձնական գործը
 
1. Պետական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է Քննչական կոմիտեի դեպարտամենտը։
2. Պետական ծառայողների անձնական գործերի վարման կարգը հաստատում է Կոմիտեի նախագահը։
 

ԳԼՈՒԽ  7. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 40. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար պետական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) կառավարման մարմնի հիմնած մեդալով պարգևատրում.
5) դասային աստիճանի բարձրացում.
6) կարգապահական տույժի հանում։
2. Պետական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ։
3. Պետական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված խրախուսանքի տեսակները կիրառում են`
1) դասային աստիճանի բարձրացման դեպքում` դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք.
2) մյուս դեպքերում` պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք։
 
Հոդված 41. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
 
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, ներքին կարգապահական կամ պետական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
1) դիտողություն.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) օրենքով սահմանված կարգով պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.
5) պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի (բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի) իջեցում` մեկ աստիճանով.
6) զբաղեցրած պաշտոնից ազատում։
2. Պետական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգապահական տույժերի տեսակները կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը պետական ծառայողի նկատմամբ կիրառում է պետական ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
4. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված պետական ծառայողից։ Գրավոր բացատրություն տալուց հրաժարվելու փաստը պետք է ամրագրվի արձանագրությամբ, այս դեպքում կարգապահական տույժը նշանակվում է միայն անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա։
5. Քննիչի օգնականի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու համար կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացվում է տվյալ քննիչի զեկուցագիրը՝ իր օգնականի թույլ տված կարգապահական խախտումների վերաբերյալ։
6. Սույն հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված տույժերը պետական ծառայողների նկատմամբ կիրառվում են միայն էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա։
7. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը։ Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից։
8. Կարգապահական տույժի մասին պետական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում։
9. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ։
10. Պետական ծառայողի նկատմամբ պաշտոնից ազատում և պաշտոնից իջեցում կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո։ Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում պետական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել` պետական ծառայողի վարձատրության պահպանմամբ։
11. Սույն օրենքի հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատում է Կոմիտեի նախագահը։
12. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում էթիկայի հանձնաժողովը կարգապահական խախտման հետ կապված հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ պետական ծառայողի մեղավորության հարցը, իսկ ծառայողական քննություն անցկացնելուց հետո Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ներկայացրած հարցադրման շուրջ` նաև տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կամ «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը։ Էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող անձը նշանակում է կարգապահական տույժը։
13. Եթե պետական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված։ Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե պետական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող, ինչպես նաև սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում։
14. Էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատում է Քննչական կոմիտեի նախագահը։
 
Հոդված 42. Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը
 
1. Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`
1) անձնական դիմումը.
2) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կամ 3-րդ և 5-րդ կամ 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.
3) պետական ծառայողի վարքագծի կանոնի կոպիտ խախտումը.
4) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.
5) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.
6) պետական ծառայության տվյալ պաշտոնի վերացումը (կրճատումը) կամ հաստիքների կրճատումը, ինչպես նաև Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լուծարումը, եթե պետական ծառայողը համաձայն չէ այլ ստորաբաժանման պետական ծառայության պաշտոն զբաղեցնել.
7) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
8) սույն օրենքի պահանջների խախտմամբ պետական ծառայության պաշտոնի նշանակվելը.
9) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը` չհաշված օրենքով սահմանված կարգով տրված արձակուրդը.
10) սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.
11) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
12) օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռը.
13) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.
14) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
15) դատական կարգով պետական (հանրային ծառայության) պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
16) պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը, իսկ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի պաշտոն զբաղեցնելու դեպքում՝ նաև սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալը.
17) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.
18) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.
19) սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը, այդ թվում՝ եթե պետական ծառայողը համաձայն չէ իրեն առաջարկվող թափուր պաշտոնում նշանակվել.
20) սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված արտամրցութային կարգով պետական ծառայության թափուր պաշտոնում նշանակվելը։
2. Պետական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ կամ 9-րդ կետերով սահմանված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող պետական ծառայողները։ Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հիմքով զբաղեցված պաշտոնից ազատվել չեն կարող պարտադիր զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողները:
4. Պետական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-19-րդ կետերով նախատեսված՝ պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը։
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պետական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նշված չէ։
6. Սույն հոդվածի 1-ին մասի 6-19-րդ կետերով պաշտոնից ազատելու դեպքում պետական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:
 
Հոդված 43. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը
 
1. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարեկանն է։
2. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ` Կոմիտեի նահագահի հրամանով, պետական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի:
3. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում Կոմիտեի նախագահի հրամանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:
4. Պետական ծառայողի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համար Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը համապատասխան միջնորդություն է ներկայացնում Կոմիտեի նախագահին՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ:
 
Հոդված 44. Պետական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու կամ պաշտոնից ազատելու որոշումը բողոքարկելը
 
1. Պետական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` պետական ծառայության պաշտոնից ազատելու մասին որոշումը կարող է բողոքարկել ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով։
2. Պետական ծառայության պաշտոնից ազատելու մասին իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում պետական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։

 
ԳԼՈՒԽ  8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 45. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

 
1. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով։
2. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով։


ԳԼՈՒԽ  9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 46. Օրենքի ուժի մեջ մտնելը

 
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 
Հոդված 47. Քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրության հաստատումը և ստեղծումը
 
1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկը ենթակա է ստեղծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ կանոնադրությունը, պետական ծառայողների պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը ենթակա են հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
 
Հոդված 48. Համապատասխան մարմինների աշխատողներին Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողներ համարելը
 
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի համապատասխան քննչական մարմիններում աշխատող պետական ծառայողները համարվում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողներ և նշանակվում են պաշտոնի արտամրցութային կարգով՝ սույն օրենքով սահմանված կարգով, սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված ժամկետում անցնում ատեստավորում:
2. Մինչև մրցութային հանձնաժողովի կազմավորումը և աշխատակարգի հաստատումը պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պետական ծառայողները Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայության պաշտոնի են նշանակվում արտամրցութային կարգով և սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված ժամկետում անցնում ատեստավորում:
 
Հոդված 49. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողների առաջին ատեստավորումը
 
1. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 10 ամիս հետո:
 
Հոդված 50. Պետական ծառայության դասային աստիճան շնորհելը
 
1. Սույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով նշանակված պետական ծառայողներին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը շնորհված դասային աստիճանները, կոչումները պահպանվում են՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, և համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին:
2. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պաշտոնի նշանակվելիս տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի բարձր դասային աստիճան (կոչում) ունեցող անձանց՝ սույն օրենքով համապատասխանեցված դասային աստիճանները պահպանվում են:
3. Սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նշանակված պետական ծառայողներին շնորհվում է սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան դասային աստիճան:
4. Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված դասային աստիճանով (կոչումով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
5. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողների նկատմամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:
 
Հոդված 51. Պետական ծառայողների առաջին վերապատրաստումը
 
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` հաջորդ տարվա առաջին աշխատանքային օրվանից։
 
Հոդված 52. Պետական ծառայողների վարձատրությունը
 
1. Մինչև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողների համար սահմանված աշխատավարձի նոր համակարգը գործելը Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, իսկ Քննչական կոմիտեի դեպարտամենտում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Կոմիտեի նախագահը՝ ապահովելով նույնանման պաշտոնների միջև դրույքաչափերի համապատասխանությունը:
2. Սույն օրենքի ընդունումը չի կարող հանգեցնել Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի դրամական բավարարման կամ աշխատավարձի չափի նվազեցման:
 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ
 
Ս. Սարգսյան
 
2014 թ. հունիսի 10
Երևան
ՀՕ-26-Ն