Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացառված է, որ որևէ քաղաքացի ՀՀ-ում քրեական պատասխանատվության չենթարկվի, եթե նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար իրավական հիմքեր. ՀՀ Վարչապետը շնորհավորել է ՔԿ ծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ (լուսանկարներ)

08.10.2018 17:35

Այսօր ՀՀ Քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ Վարչապետը Քննչական կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ, մաղթել տոկունություն իրենց աշխատանքում և հաջողություններ՝ օրինականության, արդարության և արդարադատության հաստատման գործում:

«Չպետք է թաքցնենք, որ Հայաստանում իրավապահ համակարգը և հանրությունը հարաբերությունների շատ բարդ շրջան են անցել: Համոզված եմ, որ թևակոխում ենք բոլորովին նոր փուլ, որտեղ հարաբերությունների լարման երկար ժամանակաշրջանին գալիս է փոխարինելու նոր հարաբերությունների հաստատման, փոխվստահության և համագործակցության կարևոր շրջափուլ, որովհետև ես խնդիր եմ համարում այն երևույթը, երբ որևէ երկրում հանրության և իրավապահ, քննչական մարմինների միջև չկա համագործակցություն: Դա երկրում ապօրինությունների զարգացման առաջին և ամենակարևոր նախապայմանն է: Ակնհայտ է, որ մենք այդ շրջափուլն ունեցել ենք, և նույնիսկ գիտենք դրա պատճառները: Որքանո՞վ են այդ պատճառներն ընդունելի, այլ հարց է, բայց մենք պատճառները գիտենք, և այսօր կարող ենք արձանագրել, որ այդ պատճառները վերացված են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է արագ իրականացնել հանրություն-քննչական մարմիններ հարաբերությունների սերտացման գործընթացը և արձանագրել, որ այն արդեն սկսվել է:

«Տեղյակ եմ, որ վերջին 5 ամիսներին քննչական մարմինները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում՝ հայտնի հանգամանքների բերումով, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ աշխատանքի համար, շնորհակալություն հայտնել, որ չեք զլանում այդ աշխատանքը կատարել և ըմբռնումով եք մոտենում իրավիճակին: Կարծում եմ, որ սա կապված է նաև ձեր պրոֆեսիոնալ պատրաստակամությունից, նաև այն իրողությունից, երբ քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլև բացառվում են: Այսինքն՝ բացառված է, որ որևէ քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության չենթարկվի, եթե նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար իրավական հիմքեր, բացառված է, որ որևէ անմեղ քաղաքացի ենթարկվի քրեական հետապնդման՝ քաղաքական միջամտության կամ որևէ այլ միջամտության պատճառով: Եվ ես համոզված եմ, որ այսօր այդ մթնոլորտն առկա է»,- նշել է վարչապետը:

Հանդիսավոր նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Հայ Գրիգորյանն իր ելույթում ներկայացրել է մինչդատական վարույթի որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով հանցագործությունները բացահայտելու, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու, երկրում արդարադատության իրականացմանն աջակցելու ուղղությամբ կատարված քայլերը, ինչպես նաև՝ առկա խնդիրները:

«2018 թվականի ինն ամիսներին ՀՀ քննչական կոմիտեն գործել է գերծանրաբեռնված. քննիչների վարույթում քննվել է 19.520 քրեական գործ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 4.104-ով կամ 26,6 %-ով: Ընդ որում՝ քննված քրեական գործերի 41%-ը քննվել է 2018թ. հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 46 քրեական գործ: Դա ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ բոլոր երկրներում։ Բացի այդ, Քննչական կոմիտեի՝ շուրջ երեք տասնյակ քննիչ գործուղվել է քննչական այլ մարմիններ՝ Հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, և խմբերի կազմում ներգրավվել նրանց վարույթներում գտնվող քրեական գործերի քննությանը։

Պետք է փաստեմ, որ քրեական գործերի աննախադեպ աճի համատեքստում արտադրողականության բարձր մակարդակը ոչ միայն պահպանվել է, այլ նաև՝ աճել. ավարտված գործերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ  աճել է 2347-ով. 9 ամիսների  ընթացքում  նախաքննությունն ավարտվել է 6390 քրեական գործով, որոնցից միայն 2176-ը, այսինքն՝ 34,1 %-ը, ավարտվել է երրորդ եռամսյակում: Այս վիճակագրական տվյալները վկայում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները ջանք ու եռանդ չեն խնայել՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտելու նախաքննությունը՝ դրանով իսկ անհարկի անհարմարություններ չպատճառելով քաղաքացիներին»,- ասել է Հայկ Գրիգորյանը:

ՀՀ ՔԿ նախագահն իր ելույթում անդրադարձել է Քննչական կոմիտեի կողմից կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող պայքարին՝ հատուկ շեշտելով, որ իր կողմից հանձնարարվել է կոռուպցիոն բնույթի գործերով ամփոփումներ իրականացնել շաբաթական կտրվածքով՝ ըստ բնագավառների:

«Եթե համառոտ ամփոփենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության՝ 2018 թվականի ինն ամիսների արդյունքները, ապա կարող ենք ասել, որ կոռուպցիոն դրսևորումներ են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում։ Մասնավորապես՝ հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, ԲՈՒՀ-երի, բժշկական կենտրոնների, սոցիալական ծառայության և հայփոստի, ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող ընկերությունների, բնապահպանության ծառայողների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ղեկավարների և պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ։

Նշված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել դպրոցների տնօրենների, բուժաշխատողների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, սոցիալական աջակցության տարածքային գործակալության, «Հայփոստ» ՓԲ ընկերության, Բնապահպանության նախարարության ծառայողների, «Հայանտառ» ՊՈԱԿ պաշտոնատար անձանց, անտառապահների և այլն։

Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չարաշահումները կրել են զանգվածային բնույթ, որոնցով պետությանը պատճառվել են առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, և դրանք վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը մշտապես գտնվում են քննության ուշադրության կենտրոնում»,- հայտարարել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա, իրավակարգի և օրինականության արմապնդման գործում ներդրում ունենալու համար վարչապետ Փաշինյանի միջնորդությամբ կոմիտեի մի խումբ ծառայողներ արժանացել են պարգևների: Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մայիլյանը պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալով: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանին շնորհվել է «ՀՀ վաստակավոր իրավաբան» պատվավոր կոչում: Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Ռաֆայել Վարդանյանն արժանացել է վարչապետի շնորհակալագրի, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը և Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթը՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի