Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Պարզվել են 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է

26.11.2016 14:18

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները, դանակի գործադրմամբ նրան ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14.20-ին, շտապօգնության թիվ 6 ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են  Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 1979թ. ծնված Ա.Մաղաքյանի դիակը՝ աջ ազդրի կտրած-ծակած վերքով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ՝ կնոջ մարմնական վնասվածքն ստանալու հանգամանքները պարզելու համար։

Նախնական տվյալներով՝ տուժողն իր ժամանակավոր բնակության վայրում վիճաբանել է նույն տանը ժամանակավորապես բնակվող տղամարդու հետ, որի ժամանակ վերջինս սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է կնոջ աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսին` Ա.Մաղաքյանի առողջությանը պատճառելով աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսի երկայնակի ծակած-կտրած վերքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ա.Մաղաքյանն ստացած վնասվածքի հետևանքով մահացել է:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որի նախաքննության կատարումը, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս.Մաթևոսյանի որոշմամբ, հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ արնանման նյութի հետքեր, ձեռքի գծանախշի հետք, արնանման նյութի հետքերով խոհանոցային սուր դանակ, տղամարդու մեկ զույգ լվացած կոշիկ, արնանման նյութի հետքերով վարագույր, սեղանի ծածկոց և տղամարդու հագուստ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատամատնադրոշմային փորձաքննություններ: Հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք:

Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով հայտնաբերվել և ձերբակալվել է։ Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի