Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննչական կոմիտեի նախագահն ամփոփել է Արարատի մարզային քննչական վարչության կողմից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքները (լուսանկարներ)

26.02.2019 14:48

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ամփոփել է մարզային վարչության կողմից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:

Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով նախորդ տարի վարչության գործունեությունը՝ թվային ցուցանիշներով:

2018 թվականի ընթացքում Արարատի մարզի տարածքում արձանագրվել է հանցագործության 1343 դեպք` նախորդ տարվա 1233 դեպքի դիմաց, այսինքն՝ տեղի է ունեցել հանցագործությունների դեպքերի թվի աճ 110 դեպքով կամ 8.9%-ով: Հանցագործությունների դեպքերի աճն արձանագրվել է մարզի 3 տարածքներում՝ Արարատում, Մասիսում և Արտաշատում:

Նախորդ տարվանից փոխանցված 129 դեպքերի հետ միասին 2018թ. Արարատի մարզի տարածքում հաշվառված 1472 դեպքերից բացահայտվել է 1127-ը կամ 76,6%:

Ամբակում Գրիգորյանը հայտնել է, որ դեպքերի աճը մեծապես պայմանավորված է ոստիկանությունում դեպքերի գրանցման գործընթացի բարելավմամբ և երկրում քաղաքական փոփոխությունների հետևանքով  քաղաքացիների դիմումների և հաղորդումների կտրուկ ավելացմամբ:

2018թ. ընթացքում Արարատի մարզային քննչական վարչության թվով 17 ծառայողներ խրախուսվել են, պարգևատրվել արտահերթ կոչումներով, մեդալներով, շնորհակալագրերով, ստացել դրամական պարգևներ:

Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններն ու հանձնարարությունները դրվում են օպերատիվ խորհրդակցության օրակարգ, դրանք խորհրդակցության ընթացքում քննարկվում և պարզաբանվում են աշխատակիցներին:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տրվել են հանձնարարականներ:

«Մեր խնդիրը թվային ցուցանիշները չեն, այլ՝ աշխատանքների գրագետ և արդյունավետ կազմակերպումը»,- ընդգծեց ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանը մարզային վարչության անձնակազմին հորդորեց քաղաքացիների հետ շփումներում դրսևորել սրտացավ և կոռեկտ վարքագիծ:

«Մարտ ամսից սկսվելու է ատեստավորման գործընթաց, և այն անձինք, ում գիտելիքները պատշաճ մակարդակի չեն լինի, կուղարկվեն լրացուցիչ վերապատրաստման: Ատեստավորման գործընթացն անձից ազատվելու միջոց չէ, այլ՝ գիտելիքների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանք: Քննիչի  տեսական գիտելիքների կատարելագործումը մեզ համար առաջնային խնդիր է»,- շեշտեց Քննչական կոմիտեի նախագահը:

Հայկ Գրիգորյանն Արարատի մարզային քննչական վարչության աշխատանքը գնահատեց գերազանց և վարչության պետին հանձնարարեց ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման:

«Շարունակեք աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ: Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ»,- ընդգծեց ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցի ավարտին լսեց քննիչների՝ քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հնչեցված առաջարկությունները և վստահեցրեց, որ յուրաքանչյուր առաջարկ քննարկման առարկա է դարձվում Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կողմից:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի