Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մեղադրանք է առաջադրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության համար և արգելանքից ազատելու որոշում կայացվել

29.05.2017 09:36

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետզոտումն ապահովելու, շարժառիթը պարզելու ուղղությամբ:

Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է կնոջ հետ վիճաբանության ժամանակ:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննության տվյալներով` կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվածքներից ամուսինը տեղում մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը, և արգելանքից ազատելու որոշում կայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Միաժամանակ, հաշվի առնելով քրեական գործի տվյալները՝ քննիչը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ կիրառել կնոջ և նրա բնակարանի նկատմամբ, ինչի ապահովումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի