Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

23-ամյա աղջկան առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել չորս երիտասարդի

30.04.2015 18:57
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ 23-ամյա աղջկան առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
 
2015 թվականի մարտի 16-ին Լոռու մարզի մի բնակչուհի գրավոր հաղորդում է տվել, որ Վանաձորի Մաշտոցի փողոցից, բռնության գործադրմամբ, առևանգել են դստերը:
 
Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
 
Նախաքննությամբ պարզվել են աղջկա առեւանգման հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։  Քննության տվյալներով՝ Լոռու մարզի բնակիչ Վ.Մալաքյանը նախապես իմացել է, որ 23-ամյա աղջիկը չի ցանկանում իր հետ ամուսնանալ, սակայն նախնական համաձայնության է եկել  իր երեք ընկերների հետ նրան առեւանգելու հարցի շուրջ։ Պայմանավորվածության համաձայն՝ 2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դարանակալել են,  իսկ երբ տեսել են աղջկան և նրան ուղեկցողին, վերջիններիս դիմադրությունը ճնշելու և հաղթահարելու համար մեկը բռնել է ուղեկցողի հագուստից, իսկ մյուս երկուսը  բռնության  գործադրմամբ, աղջկան  կամքին հակառակ նրան նստեցրել են ավտոմեքենան և առևանգել:
 
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ  4 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
 
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի