Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին՝ խոշոր չափերով գողություն կատարելու համար. քրեական գործն ուղարկվել է դատարան

07.08.2020 10:24

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով գողության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի  44-ամյա բնակիչը 2020թ. փետրվարի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, նախնական համաձայության գալով 34-ամյա իր ընկերոջ հետ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ընկերոջ կողմից վարվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով  մեկնել  են Մերձավան գյուղ: Մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ նրանք մետաղյա լինգով կոտրել են վերոնշյալ գյուղում գործող արտադրամասի մուտքի դռան փականը և ապօրինի մուտք գործել արտադրամասի տարածք՝ կատարելով էլեկտրական և շինարարական սարքերի գողություն, որից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ արտադրամասի սեփականատիրոջը պատճառելով  խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի  44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել  դատարան:  Իսկ նրա ընկերոջ մասն  առանձնացվել է առանձին վարույթում, նշված քրեական գործի շրջանակներում վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պատճառված գույքային վնասի մեծ մասը վերականգնվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի