Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

«Հաց բերող»-ի փաստաբանը հավաստել էր, որ մարտի 18-ին փորձագետը կլինի Երևանում. ՀԿԳ քննիչ

21.03.2017 20:00

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության կատարման մասին Aysor.am-ի հարցերին է պատասխանում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Գևորգ Աղաբաբյանը։

- Ի վերջո͵ ինչո՞ւ  միջազգային փորձագետները չմասնակցեցին Արթուր Սարգսյանի դիակի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությանը, թեև հայտարարվեց, որ միջնորդությունը բավարարվել է։

- ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում մարտի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ, և նախատեսվում էր նույն օրը կատարել նշանակված դատաբժշկական փորձաքննությունը։ Սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց՝ դատաբժշկական փորձաքննության կատարումը հետաձգելու համար, որպեսզի Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության կատարմանը միջազգային փորձագետների ներգրավվեն։

Միջնորդությունն ըստ էության քննարկելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն՝ պարզելու, թե որքան ժամանակ է հնարավոր Արթուր Սարգսյանի դին պահել դիահերձարանում՝ բացառելով դատաբժշկական հետազոտությունների համար անհրաժեշտ որևէ նմուշի կորուստը: Ստացված պատասխանի համաձայն՝ Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը նպատակահարմար է կատարել մահվանից հետո մոտ 12-48 ժամվա ընթացքում, քանի որ ավելի ուշ կատարելու դեպքում դիակների մոտ տեղի են ունենում դիակային վաղ և ուշ փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր է կազմաբանական և ձևաբանական փոփոխությունների հստակ պատկերի ձևախախտումներ:

Ասեմ, որ միջազգային փորձագետներ ներգավելու վերաբերյալ միջնորդությունն ի սկզբանե բավարարվել է և փաստաբան Տիգրան Եգորյանին պարզաբանվել, որ դատաբժշկական փորձաքննությունը նպատակահարմար է կատարել մահվանից մոտ 12-48 ժամվա ընթացքում, ուստի անհրաժեշտ է նշված ժամկետում ապահովել իրենց կողմից մատնանշված փորձագետների մասնակցությունը դատաբժշկական փորձաքննությանը։ Ստացանք հավաստում, որ արդեն ունեն նախնական քննարկումներ փորձագետների հետ։ Մարտի 17-ի երեկոյան վարույթն իրականացնող մարմնին փաստաբանը հայտնեց, որ ստացել են Վրաստանից հրավիրված դատաբժիշկ-փորձագետի համաձայնությունը եւ նա մարտի 18-ին մինչև ժամը 13-ը կլինի Հայաստանում:

Սակայն մարտի 18-ին արդեն փաստաբանն ասաց, որ խնդիրներ են առաջացել փորձագետների ժամանելու հետ կապված, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ չեն ժամանելու։ Միջնորդություն ներկայացվեց, որ Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը կատարվի նրա եղբոր՝ տուժողի իրավահաջորդ Արսեն Սարգսյանի և վերջինիս ներկայացուցիչների ներկայությամբ՝ տեսաձայնագրառմամբ:

Նշված միջնորդությունը նույնպես բավարարվել է, տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին է հանձնվել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն կատարելու մասին որոշումը, իսկ տուժողի իրավահաջորդ Արսեն Սարգսյանը ներկայանալով ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ՝ հրաժարվել է մասնակցել դիակի դատաբժշկակկան փորձաքննությանը:

Նշված փորձաքննությանը տուժող կողմից մասնակցել է միայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը, Արթուր Սարգսյանի դիահերձման գործողությունը տեսաձայնագրառվել է:

- Բայց փաստաբանը հայտարարում է, որ միջազգային փորձագետներին նախաքննական մարմինը պետք է հրավիրեր, ինչը չի արվել։

- Անկեղծ ասած, նման միջնորդության կամ պայմանավորվածության մասին առաջին անգամ իմացա մամուլից՝ մարտի 20-ին։ Դա բացարձակ ապատեղեկատվություն է։ Մարտի 17-ին միջնորդություն ենք ստացել փորձաքննությանը ներգրավել կոնկրետ փորձագետների և ոչ թե, որ նախաքննական մարմինն իր նախաձեռնությամբ հրավիրի միջազգային փորձագետներ։ Փաստաբանը միջնորդել էր ներգրավել միջազգային փորձագետների՝ նշելով նաև կոնկրետ անձանց տվյալները։ Մասնավորապես՝ Ջորջ Ալեմպիևիչին (Բելգրադի Համալսարան բժշկական ֆակուլտետի դատաբժշկական բժշկության ինստիտուտի դատաբժշկական բժշկության պրոֆեսոր), Օնդեր Օզկալիպցիին դատաբժիշկ, պրոֆեսոր Սեբնեմ Քորուր Ֆինկանցի դատաբժիշկ փորձագետ, Ռուսադան Բերիաշվիլի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր դատաբժիշկ փորձագետ (Թբիլիսի պետական բժշկական համալսարան): Եվ երաշխավորել ենք, որ սահմանված կարգով նշված անձինք Հայաստան ժամանելու դեպքում կներգրավվեն փորձաքննությունների կատարմանը։

Առնվազն տարօրինակ է, որ դիահերձումից հետո, ժամկետանց հայտարարություն է հնչում, թե նախաքննական մարմինը պետք է հրավիրեր փորձագետներ, երբ ի սկզբանե խնդիրը դրվել էր, որ հենց տուժող կողմի հրավիրած մասնագետները մասնակցեն փորձաքննությանը։ Մարտի 17-18-ին ոչ միայն նման միջնորդություն չենք ստացել, այլ անգամ մամուլում նման հայտարարություն չի եղել։ Ավելին՝ նույն մամուլում ևս մարտի 18-ին տեղեկություն կար, որ փորձագետ հրավիրելու հարցը լուծվել է, եւ Վրաստանից փորձագետ է ժամանելու, թե ինչու չժամանեց՝ այդ հարցն արդեն այլ անձի պետք է ուղղեք։ Տուժող կողմի առաջարկած միջազգային փորձագետներին ներգրավելու միջնորդությունը բավարարվել է, եւ տուժողի հրավիրած փորձագետների՝ Հայաստան չգալու համար սլաքները վարույթն իրականացնող մարմնին ուղղելն արդեն իրավական հարթությունում չէ, իսկ հասարակական կարծիքն ապակողմնորոշելու համար հնչեցվող հայտարարությունները մեկնաբանելը ճիշտ չեմ համարում։


 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի