Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավազակային հարձակում բանկի մասնաճյուղի նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

08.12.2015 19:52


Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:16-ին, ահազանգ է ստացվել, որ զինված հարձակում է տեղի ունեցել «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի նկատմամբ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:10-ին, անհայտ անձը մուտք է գործել բանկ, ատրճանակի սպառնալիքով բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար և դիմել փախուստի: Նախնական տվյալներով` հափշտակվել է 1 300 000 ՀՀ դրամ և 16 000 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակությունը` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը):

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի