Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

52-ամյա ոստիկանության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար

12.06.2020 14:09

2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի 4 աշխատակիցներ վիճաբանության ահազանգով մեկնել են Երևան քաղաքի Նոր-Արեշ 11-րդ փողոցի 133-րդ հասցե, որտեղ նույն հասցեի 52-ամյա բնակիչը՝ որը նախկինում եղել է ոստիկանության աշխատակից, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է իր տան մուտքի դիմաց ավտոմեքենան կայանած վարորդի հետ: Նկատելով ոստիկանության աշխատակիցներին 52-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, քաշել և վնասել է ոստիկաններից մեկի համազգեստը, ձեռքով հարվածներ հասցրել նրանց դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանները ճանաչվել են տուժող, վերջիններիս վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի