Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեում ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը հաստատելու մասին

05.09.2018 14:56

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


Հրաման՝





05.09.2018., ք. Երևան, թիվ 147-Լ  



Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  12-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝



Հրամայում եմ՝


 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու  կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին:

3. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների, ստորաբաժանումների պետերին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին։ 





Հ. Գրիգորյան

 

 

  

Հավելված

Հաստատված է Հայաստանի Հանրապետության

 քննչական կոմիտեի նախագահի

«05» 09. 2018թ  թիվ  147-L հրամանով

 

 

ԿԱՐԳ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ  ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն  կատարելու կարգը (այսուհետ՝ նախնական ուսումնասիրություն)։

2. Կոմիտեի ծառայողի կողմից կատարված առերևույթ իրավախախտման առկայությունը պարզելու նպատակով մինչև կարգապահական վարույթի հարուցումը կատարվում է նախնական ուսումնասիրություն:

3. Նախնական ուսումնասիրությունը կատարում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը:

4. Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Կոմիտեի վարչական շենքերում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ վայրերում։

5. Նախնական ուսումնասիրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրության, սույն կարգի և այլ իրավական ակտերի համաձայն:


ԳԼՈՒԽ 2.
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԸ


6.Նախնական ուսումնասիրություն կատարելու առիթ է Կոմիտեի ծառայողի կողմից առերևույթ իրավախախտում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը:

7. Նախնական ուսումնասիրություն կատարելու առիթներ կարող են լինել նաև Կոմիտեի ծառայողի կողմից առերևույթ իրավախախտում կատարելու մասին՝

1)պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր հաղորդումները, դիմումները.
2) լրատվության միջոցի հաղորդումը.
3) Կոմիտեի ծառայողի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն կազմված արձանագրությունները.
4) Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամի միջնորդությունը.
5)Կոմիտեում հայտնաբերված իրավախախտման մասին Կոմիտեի ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիրը։

8. Նախնական ուսումնասիրության առիթների առկայության դեպքում Կոմիտեի նախագահը, ինչպես նաև՝ Հանձնաժողովի անդամների կողմից նախնական ուսումնասիրություն կատարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում՝ Հանձնաժողովի նախագահը, նախնական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, Կոմիտեի ծառայողի կողմից առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն։

9.Նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողը վարույթ իրականացնելիս սահմանափակվում է նախնական ուսումնասիրություն նշանակելու առիթ հանդիսացող փաստաթղթերում նշված հանգամանքների ստուգմամբ և պարզաբանմամբ, իսկ ուսումնասիրության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում դրանք նույնպես ստուգվում և պարզաբանվում են՝ այդ մասին նախապես զեկուցելով Կոմիտեի նախագահին։



ԳԼՈՒԽ 3.
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ


10. Նախնական ուսումնասիրության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են՝

1)     իրավախախտման օբյեկտիվ հատկանիշները (արարքը, հետևանքը, պատճառական կապը, տեղը, ժամանակը, եղանակը).
2)     իրավախախտման սուբյեկտիվ հատկանիշները (մեղքի առկայությունը, շարժառիթը, նպատակը).
3)     իրավախախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները։



ԳԼՈՒԽ 4
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՆՐԱ ՎԵՐԱԴԱՍԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


11.Նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողը լիազորված է՝

1)     սահմանված ժամկետներում անցկացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախնական ուսումնասիրություն՝ կատարված  գործողություններին տալով համապատասխան փաստաթղթային ձևակերպում.
2) Կոմիտեի նախագահի և անմիջական ղեկավարի պահանջով պարբերաբար ներկայացնել նախնական ուսումնասիրության նյութերը և զեկուցել ընթացքի մասին.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ մարմիններից և կազմակերպություններից սահմանված կարգով պահանջել փաստաթղթեր, նյութեր և տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել իրավախախտման և դրան առնչվող անձանց մասին.
4) ուսումնասիրել առերևույթ իրավախախտման փաստին առնչվող քրեական, քաղաքացիական, կարգապահական կամ վարչական վարույթի նյութեր և Կոմիտեի տնօրինության տակ գտնվող այլ փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում դրանց կրկնօրինակները կցել նախնական ուսումնասիրության նյութերին.
5) վերցնել բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ) առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողից, նախնական ուսումնասիրությանն աջակցող այլ անձանցից.
6) կատարել զննություն.
7) իր իրավասության սահմաններում լուծել կարգապահական խախտում կատարած Կոմիտեի ծառայողի միջնորդությունները.
8) պարզաբանել առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողի, մասնագետի, թարգմանչի, այլ անձի իրավունքներն ու պարտականությունները,

12.Նախնական ուսումնասիրություն իրականացրած ծառայողը կարգապահական վարույթի ընթացքում պարտավոր է՝

1) ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության վերաբերյալ եզրակացությունը.
2)հանդես  գալ բացման խոսքով և պատասխանել  Հանձնաժողովի նախագահի և անդամների հարցերին.
3) կազմել Հանձնաժողովի ըստ էության որոշումների և եզրակացությունների նախագծերը.
4)ներկայացնել Կոմիտեի նախագահի դիրքորոշումը «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված տույժերի կիրառման մասին:

13. Նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի անմիջական ղեկավարը լիազորված է՝

1) նախնական ուսումնասիրությունը հանձնարարել ներքին անվտանգության վարչության ծառայողին, տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ.
2) նախնական ուսումնասիրության ընթացքում դրա իրականացումը գրավոր հանձնարարել ստորաբաժանման այլ ծառայողի.
3) մասնակցել նախնական ուսումնասիրության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը, անձամբ կատարել նախնական ուսումնասիրություն.
4) գրավոր հաստատել նախնական ուսումնասիրության արդյունքներով կազմված եզրակացությունը, իսկ դրա հետ համաձայն չլինելու դեպքում՝ ներկայացնել անհամաձայնությունը պատճառաբանող զեկուցագիր։


ԳԼՈՒԽ 5
ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ԽԱԽՏՄԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


14. Առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողն իրավունք ունի՝

1) նախնական ուսումնասիրությանը մասնակցելու պահից ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.
2) իմանալու, թե ինչում է կասկածվում և բացատրություն տալ դրա վերաբերյալ.
3) բացարկ ներկայացնելու, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է նախնական ուսումնասիրության ելքով։ Բացարկը լուծում է Կոմիտեի նախագահը։
4) Նախնական ուսումնասիրության ընթացքում միջնորդություններ ներկայացնելու առանձին գործողություններ կատարելու, ինչպես նաև նախնական ուսումնասիրության նյութերին իր դիմումը հիմնավորող փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.
5) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ, միջնորդություններ ու դիտողություններ.
6) մինչև նախնական ուսումնասիրության ավարտը ծանոթանալու նյութերին (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների), ներառյալ նախնական ուսումնասիրության արդյունքներով կազմված եզրակացությանը։

15. Առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողը պարտավոր է.

1) նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի պահանջով ներկայանալու նախնական ուսումնասիրության իրականացման վայր, մասնակցելու անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատելու դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում  ներկայացնելու գրավոր պատճառաբանություն.
2) նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի պահանջով ներկայացնելու իր մոտ եղած՝ նախնական ուսումնասիրությանն անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը։


ԳԼՈՒԽ 6
ՆԱԽՆԱԿԱՆ  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ  ՄԻԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՆՋԱՏՈՒՄԸ


16.Նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի զեկուցագրի հիման վրա Կոմիտեի նախագահի, իսկ Հանձնաժողովի անդամի միջնորդության հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ՝

1) մեկ վարույթում կարող են միացվել առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողի կողմից առերևույթ իրավախախտում կատարելու վերաբերյալ երկու կամ ավելի  նախնական ուսումնասիրության նյութերը.
2)մեկ կամ մի քանի  առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողների վերաբերյալ նախնական ուսումնասիրության նյութը կարող է առանձնացվել առանձին վարույթում, եթե դա բացասաբար չի  անդրադառնա նախնական ուսումնասիրության  լրիվության և օբյեկտիվության վրա:


ԳԼՈՒԽ 7
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ


17. Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան դրա նշանակումից սկսած 15 օրվա ընթացքում: Սույն կարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված միջնորդությունը նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի կողմից բավարարելու դեպքում նախնական ուսումնասիրության ժամկետը երկարաձգվում է երեք օրով:

18.Նախնական ուսումնասիրության ժամկետը նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողի պատճառաբանված  զեկուցագրի հիման վրա Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի կողմից կարող է երկարաձգվել մինչև 15 օրով, եթե.

1) նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողից անկախ պատճառներով  ձգձգվում են այլ մարմին կատարված  հարցումների պատասխանները.
2) նախնական ուսումնասիրության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ։

19.Նախնական ուսումնասիրության ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում նախնական ուսումնասիրությունը սույն կարգով  նախատեսված հիմքերով եղել է կասեցված։

20. Նախնական ուսումնասիրությունը վերսկսելուց հետո այն ավարտվում է 15–օրյա ժամկետում։


ԳԼՈՒԽ 8
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՐԳԸ


21. Նախնական ուսումնասիրությունը կարող է կասեցվել, եթե՝

1) Հայաստանի Հանրապետության դատախազության և նախաքննության մարմինների քննարկմանն է ուղարկվել նախնական ուսումնասիրության նյութեր՝ մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև Կոմիտեի ծառայողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը.
2) նախնական ուսումնասիրություն նշանակելուց հետո պարզվել է, որ փաստի առթիվ նախաքննության մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ՝ մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև Կոմիտեի ծառայողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը.
3) նախնական ուսումնասիրության ժամկետն ավարտվելուց հետո հայտնի չէ այն ծառայողը, ով պետք է ենթարկվի կարգապահական տույժի.
4) առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողը ծանր հիվանդ է կամ գտնվում է արձակուրդում (գործուղման մեջ)՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուծել նախնական ուսումնասիրության վերջնական ընթացքը.
5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է նախնական ուսումնասիրության կատարմանը։

22. Սույն կարգի 21-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում նախնական ուսումնասիրությունը կասեցվում է այն իրականացնող ծառայողի կամ վերջինիս անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա՝ Կոմիտեի նախագահի, իսկ Հանձնաժողովի անդամի միջնորդության հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրության դեպքում՝ Հանձնաժողովի որոշմամբ։

23. Սույն կարգի 21-րդ մասով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում նախնական ուսումնասիրությունը վերսկսվում է սույն կարգի 22-րդ մասով սահմանված կարգով:

24. Նախնական ուսումնասիրություն իրականացնող ծառայողը պարտավոր է սեղմ ժամկետում գրավոր տեղեկացնել նախնական ուսումնասիրության կասեցման կամ վերսկսման մասին այն քաղաքացուն, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին, ումից ստացվել է Կոմիտեի ծառայողի կողմից իրավախախտում կատարելու վերաբերյալ դիմումը, հաղորդումը կամ միջնորդությունը։

25. Սույն կարգով նախատեսված հիմքերով նախնական ուսումնասիրությունը կարող է կասեցվել կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո առավելագույնը 12 ամիս ժամկետով։


ԳԼՈՒԽ 9
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ


26. Նախնական ուսումնասիրությունը դադարեցվում է, եթե՝

1) իրավախախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողը մահացել է, և կարգապահական պատասխանատվության ենթակա այլ ծառայողներ չկան.
2) իրավախախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողը պաշտոնից ազատվել է Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով.
3) իրավախախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի արարքում բացակայում են կարգապահական խախտման հատկանիշները.
4) իրավախախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները.
5) նախնական ուսումնասիրություն նշանակելու առիթ հանդիսացող փաստերի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ կամ համաներման ակտ.
6) լրացել է սույն կարգի 25-րդ մասով նախատեսված նախնական ուսումնասիրությունը կասեցնելու առավելագույն ժամկետը։

27. Նախնական ուսումնասիրությունը դադարեցնելու վերաբերյալ այն իրականացնող ծառայողը կամ վերջինիս անմիջական ղեկավարը կազմում է եզրակացություն, որը համապատասխան որոշում կայացնելու նպատակով ներկայացվում է Կոմիտեի նախագահին, իսկ Հանձնաժողովի անդամի միջնորդության հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրության դեպքում՝ Հանձնաժողովի քննարկմանը։


ԳԼՈՒԽ 10
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ  ԸՆԹԱՑՔԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


28. Նախնական ուսումնասիրության ընթացքը և արդյունքները վարույթ իրականացնող ծառայողը պետք է գրանցի արձանագրություններում և գրավոր այլ փաստաթղթերում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ դրանց կցված հավելվածներում։ Նախնական ուսումնասիրության ընթացքն ու արդյունքները պարունակող փաստաթղթերը պետք է կազմվեն այնպես, որ ապահովվի դրանց բովանդակության հստակ ընկալումը։ Նախնական ուսումնասիրության հիմքում չեն կարող դրվել Օրենքի և սույն կարգի պահանջների խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալներ։

29.Նախնական ուսումնասիրության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում նյութերը համապատասխան զեկուցագրով ներկայացվում են Կոմիտեի նախագահին։

30. Նախնական ուսումնասիրության արդյունքում կազմվում է եզրակացություն՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Եթե առկա է օրենքի խախտում, սակայն դրանք էական կամ պարբերական խախտումներ չեն, ապա արձանագրված խախտումները քննարկվում են օպերատիվ խորհրդակցությունում՝ հետագայում այդպիսիք բացառելու համար:

31.Եզրակացությունը բաղկացած է ներածական, նկարագրական֊ պատճառաբանական և եզրափակիչ հետևյալ մասերից.

1) ներածական մասում նշվում են տվյալներ եզրակացությունը կազմելու վայրի, նախնական ուսումնասիրություն սկսելու առիթի, հիմքի և ժամկետի մասին.
2) նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են՝

ա. նախնական ուսումնասիրության ընթացքում պարզված հանգամանքների և դրանց հիմնավորումների վերաբերյալ տվյալները,
բ. Կոմիտեի ծառայողի մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող փաստական տվյալները,
գ. Կոմիտեի ծառայողին բնութագրող այլ հանգամանքներ,
դ. Կոմիտեի ծառայողի վերջին մեկ տարում ստացած գործող կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալները.

3) եզրափակիչ մասում շարադրվում են կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ հետևությունները, նախնական ուսումնասիրություն իրականացրած անձի անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, դասային աստիճանի, ինչպես նաև եզրակացությունը կազմելու տարվա, ամսվա և ամսաթվի մասին։

32. Կոմիտեի ծառայողի կողմից կարգապահական խախտման առերևույթ հատկանիշների առկայության դեպքում Կոմիտեի նախագահը կամ տեղակալը կարող են Կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությամբ դիմել Հանձնաժողովին։

33. Հանձնաժողովի անդամի միջնորդության հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրության եզրակացությունը և նյութերը ներկայացվում են Հանձնաժողովի նախագահին և միջնորդություն ներկայացրած անդամին։ Նախնական ուսումնասիրության եզրակացությունը պարտադիր չէ միջնորդություն ներկայացրած Հանձնաժողովի անդամի համար։

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի