Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության ղեկավարության և բուժաշխատողների կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին է փոխանցվել 12 մլն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

05.12.2018 13:02

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության առանձին պաշտոնատար անձանց կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները:

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության այրվածքների բաժնի բժիշկների կողմից 2018թ. հունվար-հունիս ամիսներին, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժվող հիվանդների տվյալներով ՀՀ առողջապահության նախարարություն են ներկայացվել նախատեսված բուժման ծառայության վերաբերյալ՝ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Արդյունքում՝ ընկերության հաշվեհամարին պետբյուջեից փոխանցվել է գումար՝ իրականում չմատուցված ծառայությունների դիմաց։

Պետությանը պատճառված վնասի իրական ծավալները պարզելու, քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով քննիչի կողմից նշանակվել է ստուգում՝ ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման, ֆինանսական միջոցների տնօրինման գործընթացներում։ Ստուգման կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետներին:

Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի, ընկերության այրվածքային բաժնի բժիշկների, ֆինանսական գծով փոխտնօրենի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին է փոխանցվել 12.000.000 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի