Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է Ախուրյան գյուղի բնակչի դանակահարության դեպքը. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք

13.02.2019 11:49

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ախուրյան գյուղի 47-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի բնակչին:

2019թ. փետրվարի 9-ին՝ ժամը 23:50-ին, Ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած-կտրած, որովայնի ծակած-կտրած թափանցող վերք հեմոպերիտոներում, հեմոռագիկ շոկ, ձախ վերին վերջույթի ծակած-կտրած վերքեր, գլխի մազածածկ հատվածի, քթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչը՝ ծնված 1971թ.:

Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 10-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1969թ.:

Նախնական քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. փետրվարի 9-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Գյումրու 49-ամյա բնակիչը և Ախուրյան գյուղի 47-ամյա բնակիչը վերջինիս տանը ճաշել են միասին և ալկոհոլ օգտագործել, որի ժամանակ նրանց միջև վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում 49-ամյա տղամարդը ձեռքերով հարվածել է տանտիրոջը, որից հետո իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Քրեական գործով Ախուրյան գյուղի բնակիչը ճանաչվել է տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են դեպքի պահին տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հագին եղած հագուստները, կատարվել է խուզարկություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի