Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Պարզվում են հայր և որդի Վարդանյաններին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները

27.04.2016 12:49


ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ հայր և որդի Վարդանյաններին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

2016 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:40-ին, Երևանի «Միքայելյան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ն.Վարդանյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի ծակած-կտրած թափանցող վերքի հեմոպնևմոթորաքս» և Մ.Վարդանյանը՝ «գլխի գագաթային շրջանի և որովայնի առաջային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայր և որդի Վարդանյանները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են Կոտայքում գործող ռեստորանային համալիրներից մեկում։ Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գտնվող ռեստորանային համալիր, ի թիվս այլ հաճախորդների, այցելել է 10 տղամարդ, ովքեր  միասին ճաշել են նշված ռեստորանի առանձնասենյակներից մեկում: Հացկերույթի ընթացքում հաճախորդները վնասել և ոչնչացրել են առանձնասենյակի գույքը, ինչի կապակցությամբ վիճաբանություն է առաջացել վերջիններիս և ռեստորանի ղեկավարի՝ Մ. Վարդանյանի և նրա որդու՝ Ն. Վարդանյանի միջև, որի ընթացքում հաճախորդներից մեկը դանակով հարվածել է Ն.Վարդանյանի որովայնին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս: Վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաև Մ.Վարդանյանը:

Քրեական գործի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել հացկերույթի մասնակիցների շրջանակը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու համար։ Էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի