Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Համագյուղացիները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, ինչն ավարտվել է դանակահարությամբ

07.07.2016 12:30

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասը պատճառվել է անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզի 58-ամյա բնակիչը համագյուղացուն կասկածել է իր կնոջ հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մեջ։  Խանդի հողի վրա վրեժ լուծելու նպատակով 2016 թվականի հունվարի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, 58-ամյա տղամարդն իր տան բակ է կանչել համագյուղացուն, ապա պարզաբանումներ ստանալու համար վերջինիս ավտոմեքենայով դուրս եկել գյուղից: Ճանապարհին՝ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ, նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում 58-ամյա տղամարդը, գտնվելով ավտոմեքենայի հետնամասում, իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել է համագյուղացու աջ բազկին: Վիճաբանությունը շարունակվել է նաև ավտոմեքենայից իջնելուց հետո, և նույն դանակով մեկական անգամ հարվածել է նաև  համագյուղացու աջ ազդրի և աջ նստատեղի շրջաններին։ Պատճառված մարմնական վնասվածքները, դատաբժշկական փորձաքննությամբ, գնահատվել են ծանր։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 58-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի