Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է 22-ամյա երիտասարդի կողմից կատարված դանակահարության դեպքը

13.01.2020 15:10

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 22-ամյա երիտասարդի կողմից առերևույթ կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 08:50-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին  հաղորդում է ստացվել այն մասին, որ «գոտկային շրջանի կտրած» վերք ախտորոշմամբ  նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել 23–ամյա Երևան քաղաքի բնակիչը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ից  06:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակի մոտ, միմյանց ողջագուրվելով բարևելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է իր ծանոթ՝ Երևան քաղաքի 23-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում` դեպքի վայրի զննություն, վերցվել է հանցագործության գործիք դանակը:

Նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի