Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավազակային հարձակում Եղվարդում. հարուցվել է քրեական գործ

08.11.2016 18:52

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայիք մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եղվարդ քաղաքի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 03-ի սահմաններում, 3-4 դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել Եղվարդ քաղաքի բնակիչ Ա.Ստեփանյանի բնակարան, մահակներով, որպես զենք օգտագործվող առարկաներով և որսորդական հրացանով վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար։ Հափշտակելով Ա.Ստեփանյանի մոտ առկա կանխիկ գումարը, ինչպես նաև՝ «iphone 6» և «SAMSUNG» մոդելի բջջային հեռախոսները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք դիմել են  փախուստի:

Դեպքի առթիվ 2016թ. նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Նույն օրը Նաիրիի քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ ստեղծելու մասին:

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մոտ մեկ տասնյակ անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել դատաբժշկական, դատամատնադրոշմային և դատահետքաբանական փորձաքննություններ:

Ա.Ստեփանյանը ճանաչվել է տուժող:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ առերևույթ հանցագործության կատարած հանձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի