Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության գործով անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հայտարարվել է հետախուզում

06.07.2016 13:35

Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Վանաձորի բնակիչ, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ։ Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հուլիսի 03-ին Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ  իրենց մոտ է տեղափոխվել 1961թ. ծնված Արմեն Մնացականյանի դիակը՝ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով և ձախ թևի քերծվածքներով»: Պարզվել է, որ Ա.Մնացականյանի դին բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքին հարակից հանդամասում գտնվող քլորատան մոտակայքից։

Սպանության դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ա.Մնացականյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքը պատճառվել է ծաղկի վաճառքով զբաղվող անհատ ձեռնարկատիրոջ մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ըստ քննության տվյալների՝ 2016 թվականի հուլիսի 3-ին Ա.Մնացականյանի ընկերոջ՝ Ռ.Մարտիրոսյանի խնդրանքով երրորդ անձը  5000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամը տվել է ծաղկի վաճառքով զբաղվող անհատ ձեռնարկատիրոջը՝ այն մանրելու խնդրանքով։ Գումարային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է Վանաձոր քաղաքի խճուղուն կից հանդամասում, որտեղ վերջինս և Ռ.Մարտիրոսյանն առանձնացել են՝ զրուցելու նպատակով։ Վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ՝Ռ.Մարտիրոսյանի  ուղղությամբ, սակայն գնդակները նրան չեն դիպել։ Լսելով կրակոցի ձայները՝ նրանց է մոտեցել Ա.Մնացականյանը և փորձել հանդարտեցնել, որի ժամանակ նույն հրազենից կրակոց է արձակվել գիտնականի  կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2016 թվականի հուլիսի 5-ին որոշում է կայացվել՝ անհատ ձեռնարկատիրոջը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի