Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կանխել հանցանք ծնող պատճառները. «Հայզինվոր»

29.08.2017 16:52

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանի հարցազրույցը՝ «Հայզինվոր» պարբերականին

-Պարոն Գրիգորյան, քանի որ 2016թ. քառօրյա պատերազմից հետո չենք անդրադարձել բանակում կատարված հանցագործություններին, ուստի՝ մենք այդ մասին անպայման կխոսենք ավելի ուշ, իսկ այժմ խնդրում եմ ներկայացնել օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումները և պատմել դրանց արդյունավետության մասին: Իրավապահները ասում են, որ պատիժը նույնպես հանցագործությունների կանխարգելում է, այդուամենայնիվ, վստահ եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակում օրինականության մակարդակը բարձրացնող միջոցառումները չեն սահմանափակվել միայն պատժի շրջանակում: Առկա բացահայտումներից ու հարուցված քրեական գործերից դատելով` ինչպե՞ս եք գնահատում օրինականության վիճակը բանակում: Եվ ի՞նչ նոր շեշտադրումներ են արվել՝ իրավիճակից ելնելով:

–Այն կարծիքին չեմ, թե պատիժը հանցագործությունների կանխարգելման գործում էական նշանակություն ունի, և այդ կապակցությամբ քրեաբանությունը խիստ հատկանշական օրինակ ունի. երբ Ֆրանսիայում գրպանահատի ձեռքը հրապարակավ կտրում էին, նույն այդ հրապարակում հավաքված քաղաքացիների գրպաններից անհետանում էին դրամապանակները: Այսինքն` նման խիստ պատժի պայմաններում նույնպես գրպանահատությունը շարունակվում էր: Ես ավելի շատ կարևորում եմ պատժի անխուսափելիության սկզբունքը:

Իրավաբանները նաև ասում են, որ հանցանքը սոցիալական երևույթ է, և հանցագործության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը հանցանք ծնող պատճառները վերացնելն է:

– Անշուշտ: Զինված ուժերում օրինականության վիճակը, հանցավորության շարժընթացի մակարդակն ուղղակի կապված են զինված ուժերի մարտունակության հետ. որքան ցածր է հանցավորության մակարդակը, այնքան բարձր է մարտունակությունը: Եվ հակառակը: Զինվորական քննչական գլխավոր վարչության հիմնական խնդիրներից մեկը զինված ուժերին աջակցելն է և բանակում օրինականության առավելագույն մակարդակ ապահովելը: Դա է պատճառը, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունում պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում որոշ հանցատեսակների վերաբերյալ, իրականացվում է անհատական հատուկ հաշվառում, և դրանց արդյունքները համապատասխան առաջարկությունների հետ ներկայացվում են պաշտպանության նախարարություն և ԶՈՒ գլխավոր շտաբ, ստորաբաժանումներին պարբերաբար տրամադրվում է տեղեկատվություն քրեական գործերի ընթացքի մասին: Բացի այդ, քրեական գործերի վերլուծությունների եզրակացությունները ի մի բերելով՝ հրամանատարներին միջնորդագրեր են ներկայացվում: Հանցագործություններ ծնող պայմանների և պատճառների վերացման ուղղությամբ կարևորում ենք նաև զինծառայողների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ զորամասերում պարբերաբար դասախոսություններ կարդալու նախաձեռնությունը:

Ո՞վքեր են դասախոսություններ կարդում:

–Մեր քննիչները, որոնք իրավական գիտելիքներ են տալիս զինծառայողներին, բացատրում են, թե ինչ իրավական հետևանք կարող է ունենալ այս կամ այն արարքը:

Ես ուսումնասիրել եմ մի շարք զեկույցներ, և հենց Ձեր ներկայացրած տվյալներով՝ 2016-ին բանակում հանցագործություններ կատարած անձանց թիվը աճել է: Ինչո՞վ եք պայմանավորում աճը:

– Նախ՝ նշեմ, որ զինված ուժերում բացակայում է կազմակերպված հանցավորությունը` համակարգված կաշառք ստանալը, բուրգաձև հափշտակությունները, զենք–զինամթերքի ապօրինի շրջանառությունը և այլն: Ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տվել, որ նույնիսկ կազմակերպված հանցավորության նախադրյալներ չկան բանակում: Կատարվող հանցագործությունները հիմնականում լոկալ բնույթ են կրում: Ինչ վերաբերում է հանցագործությունների աճին, այն պայմանավորված է հիմնականում 2016-ի ապրիլին հակառակորդի կողմից զինված ընդհարման էսկալացիայով, ինչը տարբեր աստիճանի հաճախականությամբ շարունակվել է մինչև հունիսի կեսերը: Հակառակորդի սադրիչ, դիվերսիոն–հետախուզական խմբերի ներթափանցման փորձերով պայմանավորված՝ մթնոլորտը չէր կարող իր ազդեցությունը չունենալ զինծառայողների հոգեբանության վրա: Եղել են դեպքեր, երբ զինծառայողները տարբեր պատճառներով հայտնվել են այն տարածքում, որտեղից սպասվել է հակառակորդի հնարավոր ներթափանցման փորձը: Համածառայողները բարձր զգոնությամբ, գերլարված ծառայության պայմաններում ջերմատեսիլ սարքերով հայտնաբերելով կենդանի ուժի շարժ, կարծելով՝ հակառակորդի դիվերսիոն–հետախուզական խմբի ներթափանցում է տեղի ունենում, փորձել են ոչնչացնել նրանց: Դժբախտաբար, արձանագրվել են դեպքեր, երբ զինծառայողները հայտնվել են իրենց իսկ անվտանգության համար ականապատված հատվածներում: Գրանցվել են դժբախտ պատահարներ, որոնք պայմանավորված են եղել եղանակային պայմաններով, տարերային աղետով: Լարվածությունը նպաստել է, որ զենքերը խնամելիս, մաքրելիս զինծառայողները խախտեն դրանց հետ վարվելու կանոնները, և զինծառայողի անզգուշությամբ արձակած կրակոցը ինքն իր կամ համածառայակցի կյանքը խլելու պատճառ է դարձել: Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ հանցագործությունների` 2016-ին նկատվող աճը ես պայմանավորում եմ քառօրյա պատերազմի ազդեցությամբ ու դրան հաջորդած լարվածությամբ:

Իմ դիտարկմամբ՝ թե՛ նախկինում, թե՛ այսօր բանակի հեղինակությունը սասանող ամենածանր հարվածը խաղաղ պայմաններում զինվորի կորուստն է` լինի սպանության, ինքնասպանության հասցնելու, թե զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Ես պիտի խնդրեմ, որ խոսեք մահվան ելքով հանցագործությունների մասին:

–Իհարկե, յուրաքանչյուր զինծառայողի մահ ողբերգություն է բոլորիս՝ ամբողջ հասարակության համար: Զինված ուժերի մարտունակության, ինչպես նաև հանրային կարծիքի ձևավորման համար էական նշանակություն ունեցող գործոններից մեկը զինված ուժերում և այլ զորքերում հանցավորության շարժընթացն է, որի կառուցվածքում էական են զինծառայողների մահվան դեպքերը: Մահվան ելքով դեպքերով հարուցված յուրաքանչյուր քրեական գործ քննվում է այնքան ամբողջական ու ավարտուն, որ տուժողների իրավահաջորդները և հասարակությունը ստանան իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխանները և զերծ մնան տարբեր շահարկումներից, զինվորական իրավապահ մարմինների աշխատանքը անհիմն քննադատելու փորձերից: Այս է պատճառը, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նման դեպքերը հատուկ հաշվառվում են, քրեական գործերի քննությունն ընթանում է խիստ հսկողության պայմաններում, պարբերաբար իրականացվում են վերլուծություններ և ամփոփումներ:

Այդ ամենով հանդերձ, կան բողոքներ մահվան ելքով դեպքերի քննության ընթացքից, կան կասկածներ: Երբ բանակում որդի կորցրած մայրը արդարություն է պահանջում: Որքան էլ անհիմն լինեն նրա կասկածները, միակ ելքը դրանք փարատելն է, թեկուզ հազարերորդ անգամ բացատրելն ու ապացուցելը, որ իրավապահների գործողությունները օրինական են: …Ես կուզենայի մեր ընթերցողներին տեղեկացնեիք, թե որքանո՞վ է երաշխավորված մահվան դեպքերով քննության արդարացիությունը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի այն:

–Մահվան ելքով դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի նախաքննությունը կատարում են անձամբ կայազորային քննչական բաժինների պետերը՝ քննչական խմբի կազմով:

Յուրաքանչյուր զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության սկզբնական փուլում կատարվում են այնպիսի անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպիսիք են դեպքի վայրի զննությունը և դիակի արտաքին զննությունը, որոնք, այսպես ասած, դեպքի հայելին են: Նշված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերված հետքերի, առարկաների և ձեռք բերված այլ ապացույցների համակցության վերլուծությամբ և գնահատմամբ՝ քննիչը կատարում է հանցագործության դեպքի մոդելավորում: Այնուհետև առաջ է քաշում քննչական վարկածներ: Անհրաժեշտ է նշել, որ քննչական վարկածը փաստական հանգամանքներով պայմանավորված և տրամաբանորեն հիմնավորված՝ քննիչի իրական ենթադրություններն են դեպքի բնույթի, էության, որակման վերաբերյալ: Այսինքն՝ քննչական վարկածները առաջ քաշելու ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պահանջները. վարկածը պետք է լինի իրական, քրեական գործում առկա փաստական հանգամանքներով պայմանավորված, այն պետք է տրամաբանորեն բխի ապացույցների վերլուծությունից, չպետք է պարունակի հակասություններ, պետք է համապատասխանի գիտականության և տրամաբանության պահանջներին, հնարավոր լինի ստուգել քննչական ճանապարհով:

Առաջնորդվելով նշված կանոններով՝ քննիչն առաջ է քաշում տիպային վեց քննչական վարկածներ`

1. կատարվել է սպանություն,

2. կատարվել է սպանություն, որը քողարկվել է որպես ինքնասպանություն,

3. կատարվել է անդամախեղում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ,

4. տեղի է ունեցել զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ,

5. կատարվել է ինքնասպանություն,

6. տեղի է ունեցել դժբախտ պատահար:

Քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների գնահատմամբ և վերլուծությամբ՝ քննիչը հարուցում է քրեական գործ:  Նախաքննությամբ, բազմաթիվ և մեծածավալ քննչական և դատավարական գործողություններով, նշանակված տարատեսակ փորձաքննություններով ստուգվում է վարկածներից յուրաքանչյուրը: Իսկ տուժողի իրավահաջորդի կամ մեղադրյալի պաշտպանի և ներկայացուցչի առաջ քաշած վարկածը սովորաբար հուզական ենթատեքստ ունի և զուրկ է իրավական որևէ հիմքից: Դուք լրագրող եք, ու Ձեր կարծիքով՝ մենք պետք է հազարերորդ անգամ բացատրենք ծնողին, եթե կան կասկածներ: Ասեմ, որ այդպես էլ անում ենք: Բայց, երբեմն բախվում ենք անհեթեթության հասնող երևույթների, երբ բոլոր ապացույցներին հակառակ, ծնողը մնում է անդրդվելի և պնդում, որ իր տղան չէր կարող ինքնասպան լինել, ուստի՝ նրան սպանել են: Մինչդեռ, շատ դեպքերում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ տուժողի գործողությունների հետևանքով է պատճառվել վնասվածքը, սակայն ոչ թե ինքնասպանություն կատարելու նպատակով, այլ` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:


Պարոն Գրիգորյան, ինքնասպանությունների քանակը 2016թ. բանակում ոչ մեծ չափով, բայց ավելացել է: Որո՞նք են այս իրողության օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:

– Նախ՝ նշեմ, որ վերջին 50 տարիներին ամբողջ աշխարհում ինքնասպանությունների թիվը աճել է 60%-ով։ Ինքնասպանությունների հիմնախնդիրներով զբաղվում է ՄԱԿ-ի Առողջապահության միջազգային կազմակերպությունը, որի տվյալներով` յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ երկրագնդի վրա ինչ-որ մեկը ինքնասպանություն է գործում, և դրանց տարեկան թիվը կազմում է ավելի քան 900.000 մարդ։ Հաշվարկվել է ինքնասպանությունների 800 դրդապատճառ և դրանց կատարման 80 եղանակ, որ միմյանցից էապես տարբերվում են: Տղամարդկանց շրջանում կատարվող ինքնասպանությունների թիվը չորս անգամ ավելի է կանանց համեմատությամբ։ Վերջին տասնամյակում ինքնասպանությունների թիվը աճել է երեք անգամ:

Այս մանրամասն տեղեկությամբ ուզում եք ասել, որ ինքնասպանությունների աճը օբյեկտի՞վ երևույթ է: Բայց չէ՞ որ բանակում ինքնասպանությունների դրդապատճառները պայմանավորված են ներքին խնդիրներով, և դրանք վերացնելով՝ կարելի կանխել այդ ողբերգությունը:

-Քրեական գործերի վերլուծությունները ցույց են տվել, որ զորքերում ինքնասպանության պատճառ կարող են դառնալ զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային փոխհարաբերությունները և անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, ադապտացիոն շրջանում նորակոչիկի հոգեբանական կայունության ցածր մակարդակով պայմանավորված խնդիրները, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությամբ պայմանավորված վախը, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարումը և այլն։ Իսկ ՄԱԿ-ի Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից կատարված գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առհասարակ ինքնասպանությունների շարժառիթ են դառնում հոգեկան հիվանդությունները կամ խանգարումները, սոցիալական պայմանները, անբուժելի երկարատև ծանր հիվանդությունները, ընտանեկան անախորժությունները, մերժված սերը, ծնողի անբարո վարքը, ամուսնական անհավատարմությունը, նարկոլոգիական հիվանդությունները և այլն:

Այս շարժառիթները կարո՞ղ են լինել բանակում:

– Այո՛, ես հենց դա էի ուզում ասել՝ այս շարժառիթների մի մասը կարող է ինքնասպանության պատճառ դառնալ նաև բանակում, օրինակ՝ մերժված սերը, ծնողի վարքը, ամուսնական անհավատարմությունը, ընտանեկան անախորժությունը հարազատների միջև, ընտանիքի սոցիալական պայմանները….Այսինքն՝ բանակում կատարվող ինքնասպանությունների դրդապատճառները պայմանավորված չեն միայն ներքին խնդիրներով, ինչպես Դուք եք ասում, և համաշխարհային միտումները չենք կարող անտեսել:


Նման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը բավական երկար է տևում` մինչև մեկ տարի, երբեմն ավելի: Ինչը անվստահության, կասկածների պատճառ է դառնում: Ի՞նչն է պատճառը:

-Նախաքննության ժամկետի ձգձգվելու հիմնական պատճառն այն է, որ քրեական գործերով հետմահու դատահոգեբանական, իսկ երբեմն էլ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննությունները նշանակվում են քրեական գործով նախաքննության ավարտական փուլում` փորձաքննության կատարման համար անհրաժեշտ փաստական հանգամանքներ պարզելուց հետո: Իսկ նշված փորձաքննություններն էլ, իրենց բնույթից ելնելով, կատարման որոշակի ժամկետներ են պահանջում:

Գրեթե բոլոր քրեական գործերով քննության ընթացքում տուժողի իրավահաջորդները չեն համաձայնում կատարված քննչական գործողությունների արդյունքներով ձեռք բերված ապացույցների և գործի փաստական հանգամանքների հետ և, հակառակ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին, նշում են, որ իրենց որդուն սպանել են, որ նա ինքնասպան լինելու որևէ պատճառ չի ունեցել:

Դա կարելի է հասկանալ. մարդիկ ինքնասպանությունը համարում են մերժելի արարք և չեն ուզում, որ ստվեր ընկնի իրենց հարազատի հիշատակի վրա:

-Եվ քննիչներին հանիրավի մեղադրում են ոչ լիարժեք աշխատանքի կամ միտումնավոր կատարած անօրինականության համար: Նրանք մշտապես իրենց ենթադրությունները փորձում են ներկայացնել իբրև իրականություն և պնդում են այդ դիրքորոշումը քրեական դատավարության բոլոր փուլերում: Դրա հետևանքով թյուր կարծիք է ձևավորվում` թե քննիչն օբյեկտիվ քննություն ապահովելու համար բավարար միջոցներ չի ձեռնարկում, փորձելով թաքցնել մեկ այլ զինծառայողի մեղքը: Սկսվում է դիմում-բողոքների հեղեղը, ելույթները տարբեր լրատվամիջոցներով…. Ինչը անդրադառնում է նաև բանակի հեղինակության վրա:

Մինչդեռ, կան դեպքեր, երբ տուժողի իրավահաջորդները, կատարելով, այսպես ասած, իրենց քննությունը, պնդում են, որ, ճիշտ է, մահացու վնասվածքը զինծառայողը ստացել է իր գործողությունների հետևանքով, բայց ոչ թե ինքնասպանության նպատակով, այլ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու պատճառով:

Մահվան ելքով դեպքերը պայմանականորեն բաժանվում են երկու խմբի` մարտական կորուստներ, այսինքն` զինծառայողներ, որոնք զոհվել են հակառակորդի ոտնձգության հետևանքով, և ոչ մարտական կորուստներ՝ որոնք մահացել, զոհվել են, Ձեր բառերով ասած, «խաղաղ պայմաններում»: Այս խումբն իր հերթին պայմանականորեն բաժանվում է ենթախմբերի` սպանություն, ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելը, մարտական ծառայություն կրելու, զենքի հետ վարվելու կանոնների խախտման, անդամախեղման հետևանքով առաջացած մահեր, ծառայության հետ կապված ավտովթարի, ականի պայթյունի, դժբախտ պատահարի, հիվանդությունների հետևանքով առաջացած մահեր:

2016թ. ընթացքում արձանագրված ոչ մարտական կորուստները 2015թ. համեմատությամբ աճել են շուրջ 30 %-ով, ընդ որում, այդ դեպքերի 35 %-ը տեղի է ունեցել ապրիլին, ինչը վկայում է, որ աճը պայմանավորված է կրկին ապրիլյան դեպքերով:

Պարոն Գրիգորյան, բանակում կատարված հանցագործությունների համար պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն հանցանքը հեղինակած զինծառայողները, այլև նրանք, ովքեր պարտավոր էին հսկել անձնակազմին, կատարել համապատասխան կանխարգելիչ աշխատանք ու փակել վերահաս հանցանքի ճանապարհը…Համաձա՞յն եք:

– Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները բլանկետային բնույթ ունեն, այսինքն` քրեական պատասխանատվությունը վրա է հասնում, եթե խախտվել են զինված ուժերի կանոնադրություններով սահմանված նորմերը, որոնք բերել են հանցավոր հետևանքների, իսկ եթե խախտման բնույթն այնպիսին է, որ անձը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել, ապա, հետագայում դրանք կանխելու համար վարույթն իրականացնող քննիչը համապատասխան միջնորդագիր է ներկայացնում իրավասու պաշտոնատար անձանց և մասնակցում դրա հրապարակային քննարկմանը:

Պետք է նշեմ, որ ինքնասպանությունների դեպքերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում՝ դրանց կանխման նպատակով առաջարկություններ են ներկայացվել պաշտպանության նախարարություն և ԶՈՒ գլխավոր շտաբ: Ներկայումս Զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում են նախորդ տարիների նույնաբնույթ դեպքերի ուսումնասիրությունները, որոնց արդյունքները և համապատասխան առաջարկությունները ևս կներկայացվեն ՊՆ, ԶՈւ և այլ շահագրգիռ ատյաններ:


-Ըստ հարուցված քրեական գործերի` վերջին մեկ տարվա ընթացքում ի՞նչ պատկեր է արձանագրվել` կապված ծանր հանցագործությունների թվաքանակի հետ:

-Հստակ ժամանակահատվածում հանցավորության վիճակը ճիշտ գնահատելու համար, կարծում եմ, պետք է քննարկել հանցագործությունների թվաքանակը ոչ թե ըստ հարուցված քրեական գործերի, այլ` ըստ տվյալ ժամանակահատվածում կատարված հանցագործությունների քանակի, քանի որ 2016թ. քրեական գործեր են հարուցվել նաև նախորդ տարիներին կատարված հանցագործությունների կապակցությամբ:

Ինչպես գիտեք` ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածը, ըստ ծանրության աստիճանի, հանցագործությունները դասակարգում է չորս տեսակի` ոչ մեծ, միջին, ծանր և առանձնապես ծանր: Եթե այս դասակարգմամբ ներկայացնենք, ապա 2016թ. արձանագրված և ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնում հաշվառված հանցագործություններից 0,7 %-ը` առանձնապես ծանր, 12,8 %-ը` ծանր, 42,2 %-ը` միջին ծանրության, իսկ 44,3 %-ը ոչ մեծ ծանրության հանցագործություններ են:

Մարմնական վնասվածքներն ավելի թեթև հանցագործություններ են, քան, բնականաբար, մահվան ելքով դեպքերը, առավել ևս` եթե վերջիններս դիտավորյալ սպանություն են կամ ինքնասպանության հասցնելու հետևանք: Վերջին երկու ծանր հանցագործություններին մենք ավելի ուշ կանդրադառնանք, հիմա խոսենք մարմնական վնասվածքների մասին, որովհետև դրանց քանակը, ըստ իս, ուղղակիորեն խոսում է բանակում կանոնադրային հարաբերությունների վիճակի մասին: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Միշտ չէ, որ զինված ուժերում կանոնադրային հարաբերությունների վիճակը պարզելու համար պետք է ճշտենք, թե կողմերը դեպքի ընթացքում մարմնական վնասվածքներ միմյանց պատճառել են, թե ոչ, քանի որ պատասխանատվություն սահմանող հանցակազմի համար մարմնական վնասվածքներ պատճառելը պարտադիր չէ, և այդ անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվում ոչ թե անձի դեմ ուղղված հանցագործությունների, այլ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար: Կանոնադրային փոխհարաբերությունների վիճակը գնահատելու համար պետք է ուսումնասիրել և վերլուծել ՀՀ քրեական օրենսգրքի 358 (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 358.1 (ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 359 (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) և 360 (զինծառայողին վիրավորանք հասցնելը) հոդվածներով պատասխանատվության ենթարկված ծառայողների թվաքանակը, դեպքերի բնույթը և այլ նմանատիպ մանրամասներ: 2016թ. հիշյալ հոդվածների տարբեր մասերով ու կետերով քրեական պատասխանատվության ենթարկված ծառայողների թիվն աճել է 26,8 %-ով: Այդ կապակցությամբ ուսումնասիրություններ, վերլուծություններ են կատարվել, բացահայտվել են աճի պատճառները, արվել են իրավիճակը շտկելու առաջարկություններ:

-Դուք որոշ հանցատեսակների աճը հիմնականում պայմանավորեցիք ապրիլյան պատերազմին հաջորդած ժամանակահատվածի լարվածությամբ: Ադրբեջանցիների պես անկանխատեսելի ու նենգ հարևան ունենալը մեզ ստիպում է զորքը հոգեբանորեն նախապատրաստել յուրաքանչյուր իրավիճակի, որպեսզի սահմանային որեւէ լարվածություն հանցագործությունների աճի պատճառ չդառնա: Ես այն կարծիքին եմ, որ բանակում օրինականության ամրապնդումը պետք է սկսել սպայակազմի օրինականությունը բարձրացնելուց: Վերջին մեկ տարվա ընթացքում ինչպիսի՞ն է պատկերը` կապված սպայակազմի կողմից կատարված հանցագործությունների տեսակի և քանակի հետ: Ինձ հատկապես հետաքրքրում է 360 և 358.1 հոդվածներով նախատեսված հանցակազմը (ենթակայի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելը և ենթակայի նկատմամբ բռնի գործողություններ կիրառելը):

-Այո՛, համամիտ եմ, ինչպես նշեցի, օրինականության մակարդակը, հանցավորության պատկերը ուղղակիորեն ազդում են բանակի մարտունակության վրա, և այդ ուղղությամբ կատարվող միջոցառումները առաջնահերթ պետք է նպատակաուղղել սպայական կազմին: Սպայական կազմի կատարած հանցագործությունները հաշվառվում են, և տեղեկատվություն է տրամադրվում ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումներին՝ համապատասխան եզրահանգումներ անելու և թիրախային ծրագիր մշակելու ու իրականացնելու նպատակով: Այս հարցը մշտապես ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարության ուշադրության կենտրոնում է, և 2016թ. աշխատանքային ծրագրով արդեն իսկ ուսումնասիրվել են 2014-2015 թթ. սպաների կատարած կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների դեպքերը, կատարվել է վերլուծություն, որի արդյունքում՝ համապատասխան առաջարկություններ են ներկայացվել պաշտպանության նախարարություն: Նշեմ, որ սպաների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների նվազում է արձանագրվել 2015թ. 6,9 տոկոսով, 2016թ. նվազումը շարունակվել է` կազմելով 5,3 տոկոս:

-Այսինքն՝ սպաների կատարած կամ նրանց մասնակցությամբ իրականացված հանցագործությունների շարունակական նվազում է արձանագրվում: Հետաքրքիր է, իսկ այդ նվազումը առավել շոշափելի դարձնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում:

– Սպաների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների վերլուծությունների արդյունքում բացահայտվել են դրանց ծնող պատճառներն ու պայմանները, և կանխարգելման նպատակով առաջարկվել է առաջին հերթին ռազմական բարձրագույն, միջնակարգ ուսումնական հաստատություններում, վարժարաններում, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողներին դասավանդվող ծրագրերում ավելացնել իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ դասավանդվող առարկաների դասաժամերը, կազմակերպել բաց դասաժամեր` համագործակցելով ոստիկանական, նախաքննական և դատաքննական մարմինների հետ:

Կարծում ենք՝ ստորաբաժանումների ԱՀՏԱ գծով տեղակալներին պետք է հանձնարարել ուղղորդված աշխատանք տանել ենթակա անձնակազմի հետ` միտված զինծառայողների կանոնադրային հարաբերությունների մշակույթի և իրավագիտակցության զարգացմանը:

Խիստ կարևոր է զինծառայողների հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներն ապահովելու նպատակով հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների դերն ու մասնակցությունը հանցագործություններ կատարած սպաների հետ տարվող աշխատանքներում բարձրացնելը: Առաջարկել ենք խստացնել ԱՀՏԱ գծով տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, եթե ստորաբաժանումներում հանցագործություններ են կատարվել:

Պակաս ազդեցիկ չի լինի, եթե համապատասխան իրավասու ստորաբաժանումները փոքրիկ ուսուցողական, քարոզչական ֆիլմեր նկարահանեն քրեական գործերի վարույթների մասին, կազմակերպեն ցուցադրություններ: Արդյունավետ կլինի սպայական ժողովներում որոշ քրեական գործերով դատավճիռների ընթերցումը:

Մենք կարծում ենք, որ պետք է նախկինում դատված ծառայողների հետ տարվող աշխատանքներն է՛լ ավելի բարելավել ու նպատակային դարձնել:

Հրատապ է նաև զինվորական ունեցվածքի (իրային, պարենային, վառելիքային և այլն) պահպանության, բաց թողնելու վերաբերյալ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու` սահմանված կանոնները խստացնելու և հնարավոր հափշտակությունները կանխելու հարցը:

 

Հարցազրույցը՝ Գայանե Պողոսյանի

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի