Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է մի խումբ անձանց կողմից Ա.Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի` Հ.Գրիգորյանի մասով նախաքննությունը և ուղարկվել դատարան

23.07.2020 11:40

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Ա.Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 22:30-ի սահմաններում, աննշան հարցի պատճառով վիճաբանություն է սկսվել Ա.Մխիթարյանի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Հ.Գրիգորյանի միջև, որի ժամանակ վերջիններս սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել:

Մինչ Ա.Մխիթարյանի ընկերները փորձել են դադարեցնել վիճաբանությունը, այդ ընթացքում Հ.Գրիգորյանը զանգահարել է իր մտերիմներին և եղբորը՝  Զ.Գրիգորյանին, ու տեղեկացնելով կատարվածի մասին՝ նրանց կանչել հիշյալ շենքի բակ: Որոշ ժամանակ անց վերջիններս մի քանի ավտոմեքենաներով եկել են նշված շենքի բակ, որտեղ գտնվելու ընթացքում Հ.Գրիգորյանն անսպասելի մոտեցել է միայնակ և հանգիստ կանգնած Ա.Մխիթարյանին և դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել, որից հետո Հ.Գրիգորյանը, նրա եղբայրը և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք, Ա.Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու նպատակով, գիտակցելով վերջինիս առողջության համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետևանքը, միաժամանակ գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ ոտքերով, նաև գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա.Մխիթարյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին՝ գլխին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաև Ա.Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից:

Դեպքից հետո Ա.Մխիթարյանը ենթարկվել է վիրահատության և մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Գործով դեռևս չպարզված անձանց, ինչպես նաև Զ.Գրիգորյանի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Հ.Գրիգորյանի եղբորը՝ Զ.Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի