Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` 2019 թվականի գործունեության մասին

03.02.2020 16:37
Հաղորդում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2019 թվականի գործունեության մասին
(«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին»
Հայաստանի Հանրապետության 
օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն)



Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներպետական և միջազգային համապատասխան իրավական ակտերով, 2019թ. ընթացքում բավարար աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քննության որակն ու արդյունավետությունը բարելավելու, մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև իրավական ապահովման ոլորտներում:

2019թ. ընթացքում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն  ու ստորաբաժանումներն աշխատել են լուրջ ծանրաբեռնվածությամբ: Հանցագործությունների մինչդատական քննության բնագավառում Կոմիտեի ծանրակշիռ դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ 2019թ. ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված քրեական գործերից 32.960-ը կամ շուրջ 95.4 %-ը  քննվել է Կոմիտեի վարույթում:

Քննարկվող ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 7.285-ով կամ 28,3%-ով (2018թ.` 25.675 գործ),  Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների վարույթում հարուցվել է 5.421 քրեական ([1] Տե´ս հավելված  1) գործ (2018թ.՝ 5.944), այլ մարմնից ստացվել է 2.361 (2018թ.՝ 1.431) քրեական գործ: Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը միայն քրեական գործերով կազմել է 69 քրեական գործ (2018թ.՝ 55): Միջին ծանրաբեռնվածության վերաբերյալ նշված թիվը գործնականում ամբողջական չի ներկայացնում 2019թ. ընթացքում Կոմիտեի կատարված աշխատանքները՝ նկատի ունենալով  նախապատրաստված և մերժված նյութերի զգալի քանակը՝ 2.735 նյութ, որոնցով ևս, ինչպես և քրեական գործերով, կատարվում են դատավարական գործողություններ: Նման պայմաններում վարույթում եղած քրեական գործերի և մերժված նյութերի միասնական հաշվարկով Կոմիտեի մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 75 գործ և նյութ (2018թ.՝ 63):

Դատավարական ավարտ ունեցող և վարույթը կասեցված քրեական գործերը, դրանց հարաբերակցությունը.

Կոմիտեի արտադրողականությունը որոշելու չափանիշների մեջ կատարված հիմնարար նշանակության փոփոխության արդյունքում, ի տարբերություն նախկին պրակտիկայի, Կոմիտեի արտադրողականությունը որոշելու ցուցանիշների մեջ կասեցված քրեական գործերի քանակը այլևս չի հաշվառվում՝ նկատի ունենալով, որ քրեական գործերի վարույթը կասեցնել նշանակում է կամ չբացահայտել հանցագործություն կատարող անձին, կամ չհայտնաբերել նրա գտնվելու վայրը։ Քրեական գործի վարույթը կասեցնելն ինքնին դրական երևույթ չէ, քանի որ իրավապահ մարմիններին չի հաջողվել ամբողջ ծավալով կատարել իրենց գործառույթները, ուստի քրեական գործերով վարույթի կասեցումը չի կարող դիտվել որպես քննչական աշխատանքի արտադրողականության դրական ցուցանիշ։

Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական գործերի դատավարական ավարտը։ 2019թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 3.261 քրեական գործ՝ 4.016 անձի նկատմամբ, 9.626 քրեական գործի վարույթ կարճվել է, այսինքն՝ ավարտվել է 12.887 քրեական գործի ընթացք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.527 գործի դիմաց:

Քննարկվող ժամանակահատվածում կասեցվել է 10.848 քրեական գործի վարույթ՝ (2018թ.՝ 7.999): Նշված 10.848 գործից 8.948-ը կասեցվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու, 1.853-ը՝ քննությունից թաքնվելու, իսկ 47-ը՝ այլ հիմքով:

Դատավարական ավարտ ունեցող քրեական գործերը կազմել են Կոմիտեի վարույթում քննված գործերի 39%-ը, իսկ վարույթը կասեցված քրեական գործերը՝ 32,9%-ը:

Կոմիտեն հետևողական աշխատանքներ է տանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ) և 2-րդ (մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ) կետերով վարույթը կասեցված  քրեական գործերի բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերելու աշխատանքներին աջակցելու ուղղությամբ: Այդ մասին են վկայում «Առանձին քրեական գործեր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ուսումնասիրելու վերաբերյալ» Կոմիտեի նախագահի 02.12.2019թ. թիվ 150-Լ և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերի նյութերի պատճենները Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունում ուսումնասիրելու վերաբերյալ» Կոմիտեի նախագահի 20.08.2018թ. թիվ 115-Լ հանձնարարականները, ինչպես նաև Կոմիտեի նախագահի «Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը վերցնելու և անհրաժեշտ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու վերաբերյալ» 01.10.2015թ. թիվ 91-Լ, «Նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու, դատախազի սանկցիայով ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ վերահաստատելու, հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների արարքները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու գործընթացը կանոնակարգելու մասին» 10.01.2018թ. թիվ 1-Լ հանձնարարականները:

Նախաքննության ժամկետների վիճակը.

Ավարտված գործերով նախաքննության ժամկետները երկարացվել են 5.121 գործով՝ նախորդ տարվա 4.072 -ի դիմաց, աճը կազմել է 1.049  կամ 25.4%, ինչն անմիջականորեն պայմանավորված է քննարկվող ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի կտրուկ աճով (7.285-ով կամ 28,3%-ով): Ընդհանուր առմամբ երկամսյա ժամկետում քննվել են ավարտված գործերի 56,4%-ը՝ նախորդ տարվա 53.8%-ի դիմաց:

«Վարույթում քննվող քրեական գործերի մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ» Կոմիտեի նախագահի 29.10.2018թ. թիվ 169-Լ հանձնարարականի համաձայն Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումները յուրաքանչյուր շաբաթ տեղեկատվություն են ներկայացնում վարույթում քննվող քրեական գործերի քանակի, նախաքննության ժամկետների վերաբերյալ, ինչը կարևորագույն ցուցիչ է մարմնի կամ ստորաբաժանման ծանրաբեռնվածությունը, նախաքննության ժամկետների պահպանման վիճակը գնահատելու համար: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քննարկվող ժամանակահատվածում մինչև 10-օրյա ժամկետում 37 քրեական գործով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ գործը դատախազություն է ուղարկվել, ևս 86 քրեական գործի վարույթ կարճվել է, ինչն իրավակիրառ պրակտիկայում հազվադեպ է: Նախաքննության ժամկետների պահպանման վիճակը մեծապես պայմանավորված է նաև ՀՀ-ում բջջային, ֆիքսված, ինտերնետ կապի ծառայություններ մատուցող օպերատորներին դատավարական և այլ փաստաթղթերն ուղարկելու, վերծանումներն ստանալու ընթացակարգը էլեկտրոնային դարձնելու, նախաքննության ընթացքում անհրաժեշտ տեղեկատվական բազաներից քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվությունն առցանց ստանալու, դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունների նշանակման և կատարման վիճակն Էապես բարելավելու հանգամանքով:

2019թ. ընթացքում  լրացուցիչ նախաքննության է վերադարձվել 146 քրեական գործ, որը կազմում է ավարտված 12.887 քրեական գործերի 1,1%-ը՝ նախորդ տարվա 102-ի կամ 1%-ի դիմաց: 132-ով կամ 48%-ով աճել են հսկող դատախազների կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշումները վերացնելու դեպքերը՝ 2019թ. ընթացքում վերացվել է 406 որոշում  (2018թ.՝ 274):

Անավարտ է մնացել 4.252  քրեական գործ՝ նախորդ տարվա 4.776-ի դիմաց:

Ձերբակալվել է 727 կասկածյալ, 1.664 մեղադրյալի նկատմամբ միջնորդություն է հարուցվել խափանման միջոց կալանք ընտրելու մասին: Դատարանների կողմից մերժվել է 134 միջնորդություն, մերժելուց հետո դատախազների կողմից բողոքարկվել է  66 որոշում, որից բավարարվել է 32-ը: 151 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը փոխարինվել է գրավով:

Նախապատրաստվել է 5.205 նյութ, որից 2.381-ով հարուցվել է քրեական գործ, 2.735-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 44 որոշում:

Քննարկվող ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով պետությանը պատճառված 2.200.392.662 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 1.085.919.979 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 1.098.924.612 ՀՀ դրամ վնասից՝ 325.141.021 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 1.832.351.272 ՀՀ դրամ վնասից՝ 406.842.309 ՀՀ դրամը:

Դատախազների կողմից տրված գրավոր ցուցումների և դրանց դեմ ներկայացվող առարկությունների վիճակը.

2019թ. ընթացքում նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 1.418 ցուցում: Ցուցումների վերաբերյալ քննիչների կողմից վերադաս դատախազներին ներկայացվել է 302 գրավոր առարկություն, սակայն միայն 2 դեպքում են վերադաս դատախազների կողմից առարկությունները ճանաչվել հիմնավորված և վերացվել  հսկող դատախազների ցուցումները, որից 1-ը բավարարվել է մասնակի:

Նկատի ունենալով, որ հսկող դատախազի որոշումների և ցուցումների վերաբերյալ քննիչի կողմից վերադաս դատախազին գրավոր առարկություններ ներկայացնելու ընթացակարգը վիճելի է և չի համապատասխանում իրավական վեճերի լուծման անաչառության սկզբունքին, ուստի խնդրի լուծման նպատակով Կոմիտեում մշակվել է նոր իրավակարգավորումներ նախատեսող իրավական ակտի նախագիծ:

Սպանության, սպանության փորձերի, զինված ուժերում մահվան դեպքերի, ինչպես նաև  կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վիճակը.

Քննարկվող ժամանակահատվածում սպանության և սպանության փորձերի դեպքերով Կոմիտեի վարույթում (այդ թվում՝ ԶՔԳՎ) քննվել է 134 քրեական գործ: 39 քրեական գործ՝ 49 անձի նկատմամբ ուղարկվել է դատարան, 12-ի վարույթը կարճվել է, որից 9-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 22 գործի վարույթ կասեցվել է, 61-ով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում արձանագրվել է (զինվորական ծառայության հետ կապված)  մահվան 20 դեպք, որից 8-ը սպանության (2018թ.` 6), որից 4-ը` հակառակորդի կողմից (2018թ.`5), 7-ը` ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու (2018թ.`6), 2-ը դժբախտ պատահարի (2018թ.` 1), 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման, 1-ը` ավտովթարի (2018թ.` 1), 1-ը` հիվանդության (2018թ.` 1) հետևանքով:  

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ.

Կոմիտեի վարույթում (այդ թվում՝ ԶՔԳՎ) քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ  1.671 քրեական գործ (2018թ.՝ 1.233):  1.671 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 1.043 անձ, այդ թվում՝ 596-ը պաշտոնատար, (2018թ.՝  398), որից 4-ը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք  են՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, Հրազդանի նախկին քաղաքապետ, պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի նախկին տեղակալ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 23-ը կատարվել է առողջապահության ոլորտում, 91-ը՝ կրթության, 1-ը՝ իրավապահ, 23-ը՝ սոցիալական ապահովության, 12-ը՝ էներգետիկայի և բնական պաշարների, 123-ը՝  տեղական ինքնակառավարման, 127-ը՝ զինվորական, 142-ը՝ այլ ոլորտներում:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 1.714.996.528 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 994.301.563 ՀՀ դրամը: (Տե´ս էջ 17, Անհայտ կորած անձնաց վերաբերյալ կամ արարքը վերաորակված քրեական գործեր են:)

Պատճառված գույքային վնասի վերականգնման նպատակով Կոմիտեի դեպոզիտային հաշվին մուծված գումարի շարժը 01.01.2019թ.-ից առ 31.12.2019թ. դրությամբ  հետևյալն է՝ մուտք՝ 2.953.772.000 ՀՀ դրամ, ելք՝ 416.007.000:

Նախապատրաստվել է 412 նյութ, որոնցից 392-ով` հարուցվել է քրեական գործ, 20-ով` մերժվել է քրեական գործի հարուցումը:

ՀՀ զինված ուժերում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործություններից վառելիքաքսուքային նյութերի կապակցությամբ կատարված չարաշահումների դեպքերով քննվել է  59 քրեական գործ, որից 18-ն ուղարկվել է դատարան, 14-ով վարույթը կարճվել է, 2-ով՝ վարույթը կասեցվել, 4 գործ միացվել է մեկ վարույթում, 21–ով նախաքննությունը  շարունակվում է: Նշված գործերով մեղադրանք է առաջադրվել 64 անձի: Մեղադրյալներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 63-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Պետությանը պատճառված վնասը կազմել է 144.259.293 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 20.216.644 ՀՀ դրամը, ակնկալվում է վերականգնել 7.242.028 ՀՀ դրամ:

Զինվորական պարագաների կապակցությամբ կատարված չարաշահումների դեպքերով քննվել է  15 քրեական գործ, որից 4-ն ուղարկվել է դատարան, 2-ով վարույթը կարճվել է,  4-ը միացվել է մեկ վարույթում, 5-ով նախաքննությունը  շարունակվում է: Նշված գործերով մեղադրանք է առաջադրվել 18 անձի: Մեղադրյալներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 17-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Պետությանը պատճառված վնասը կազմել է 80.035.821 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 29.948.259 ՀՀ դրամը, ակնկալվում է վերականգնել ՀՀ 10.000.000 դրամ:

Սպառազինության և զենք-զինամթերքի կապակցությամբ կատարված չարաշահումների դեպքերով քննվել է  11 քրեական գործ, որից 2-ն ուղարկվել է դատարան, 2-ով վարույթը կարճվել է,  2 գործ միացվել է մեկ վարույթում, 5–ով նախաքննությունը  շարունակվում է: Նշված գործերով մեղադրանք է առաջադրվել 11 անձի: Մեղադրյալներից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 2-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողության հանձնելը, 7-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Պետությանը պատճառված վնասը կազմել է 38.545.521 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 12.150 ՀՀդրամը, ակնկալվում է վերականգնել 1.520.280 ՀՀ դրամ:

Զինվորական տեխնիկայի և ավտոպահեստամասերի կապակցությամբ կատարված չարաշահումների դեպքերով քննվել է  5 քրեական գործ, որից 1-ն ուղարկվել է դատարան, 1-ով վարույթը կարճվել,  1-ը միացվել է, 2–ով նախաքննությունը  շարունակվում է: Նշված գործերով մեղադրանք է առաջադրվել 10 անձի: Մեղադրյալներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 9-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Պետությանը պատճառված վնասը կազմել է 1.500.000 ՀՀ դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ:

Դեղամիջոցների և բժշկական սարքավորումների կապակցությամբ կատարված չարաշահումների դեպքերով քննվել է 2 քրեական գործ, որից 1-ով վարույթը կարճվել, 1-ով նախաքննությունը  շարունակվում է: Նշված գործերով մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Մեղադրյալներից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ անձնական երաշխավորությունը: Պետությանը պատճառված վնասը կազմել է 67.028.529 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 30.028.529 ՀՀ դրամը:

Անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործություններ.

2019թ. ընթացքում Կոմիտեի վարույթում անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 174 քրեական գործ՝ 220 անչափահասի նկատմամբ: Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու համար 1 քրեական գործ 1 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ոչ արդարացման հիմքերով կարճված գործերով, գործի մասերով և մերժված նյութերով 216 անչափահաս ազատվել է քրեական պատասխանատվությունից:

Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններ.

2019թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 294 քրեական գործ:  224 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, որից 91-ը՝ մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ ուղարկվել է դատարան, 130 քրեական գործով վարույթը կարճվել է: Նախապատրաստվել է 206 նյութ, 3-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, որից 1-ը՝ արդարացման, 3-ը՝ ոչ արդարացման հիմքով:

Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ.

2019թ. ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 579 քրեական գործ: 468 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, որից 142-ը մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ ուղարկվել է դատարան, 326 քրեական գործով վարույթը կարճվել է:  Նախապատրաստվել է 422 նյութ, 4-ով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ 4 դեպքում  էլ ոչ արդարացման հիմքով:

2019թ. ընթացքում Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն) վարույթում քննվել է 694 քրեական գործ։ Նախորդ տարվանից փոխանցվել է 85 քրեական գործ, վարույթ է ընդունվել 609 գործ,  հարուցվել է 52 գործ, անջատվել է 35 գործ, այլ մարմնից ստացվել և վարույթ է ընդունվել 475 քրեական գործ։ Նախկինում կասեցված գործերից վերսկսվել է 46-ը, վարույթ է ընդունվել դատախազի կողմից հարուցված 1 քրեական գործ:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 145 քրեական գործ, որից 60-ը՝ 98 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատախազին, 85 քրեական գործի վարույթ կարճվել է, 188 քրեական գործով վարույթը կասեցվել է, որից 172-ը՝ հանցանք կատարած անձի անհայտ լինելու պատճառով (գերակշիռ մասը կիբեռհանցագործությունների վերաբերյալ գործեր են), 16-ը՝ մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։  Վարույթում քննված գործերից 95-ն ուղարկվել է այլ մարմին, 2020թ. փոխանցվել է 182 քրեական գործ։

2019թ. ընթացքում վարույթը կասեցնելու, կարճելու մասին որոշումներ դատախազի կողմից չեն վերացվել, լրացուցիչ քննության գործեր չեն վերադարձվել:

2019թ. ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվել է  19 նյութ, որից 5-ով հարուցվել է քրեական գործ, 12-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 2 նյութ ուղարկվել է այլ մարմին:

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննարկվող ժամանակահատվածում քննված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով պետությանը պատճառված 80.213.500 ՀՀ դրամ գույքային վնասը նախաքննության փուլում վերականգնվել է ամբողջությամբ, իրավաբանական անձանց պատճառված 84.736.584 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 66.035.571 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց վնաս չի պատճառվել: 

Քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով 4 միջնորդագիր է ներկայացվել պատկան մարմիններին:

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում մշտապես քննվել և քննվում են բազմադրվագ, առանձին բարդություն ներկայացնող, հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործեր, մասնավորապես՝ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի համայնքի 4-րդ թաղամասի 89 հասցեում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի դիմաց զենքերի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության ընթացքում Ա. Գևորգյանի, Ջ. Հարությունյանի սպանության և մի շարք անձանց սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի վայրում գործադրվել են 8 տարբեր տեսակի հրազեններ: Կատարվել են 54 բնակարանների խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 43 հրացան, 9 դաշույն, 1 պարգևատրված ատրճանակ, 160 փամփուշտ, որից 13-ը՝ ռազմամթերք հանդիսացող ատրճանակի:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են հարյուրից ավել անձինք, կատարվել են բազմաթիվ առգրավումներ, զննություններ, անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ, հետաքննության տարբեր մարմինների տրվել են հանձնարարություններ, նշանակվել են երեք տասնյակից ավելի փորձաքննություններ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 22 անձ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում  համապատասխան պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու առերևույթ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև նաև սպանությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցագործությունների, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հարուցված բազմադրվագ, քննության տեսանկյունից առանձնակի բարդություն ներկայացնող բազմաթիվ այլ քրեական գործեր:


ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում է կենտրոնացված նաև կիբեռհանցագործությունների և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ գործերի քննությունը։

Հաշվետու ժամանակահատվածում կիբեռհանցագործությունների վերաբերյալ քննված 104 քրեական գործից 10-ը՝ 14 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 53 գործի վարույթ կասեցվել է, որից 1-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 1 գործի վարույթ կարճվել է, 11 գործ միացվել է, 29 գործ փոխանցվել է 2020թ.: Փոխանցված գործերից 6-ը բացահայտված են, դրանցով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ:

ՀԿԳ քննության գլխավոր վարչության ծառայողները մասնագիտական գիտելիքների խորացման համար պարբերաբար մասնակցում են սեմինարների և քննարկումների, շարունակում են համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և դրանց մարմինների հետ։

Քրեական գործերի քննության ընթացքում առանձին հանցատեսակներով մշակվում են քննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված մեխանիզմներ, որոնց կապակցությամբ պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ։

Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ ԶՔԳՎ) վարույթում քննվել է 5.088 քրեական գործ (2018թ.՝ 4.872), որից 912-ը փոխանցվել է 2018թ.-ից: Նախորդ տարվա համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 216-ով  կամ  4,4 %-ով: Վարույթում քննված 5.084 քրեական գործից 1.404-ը հարուցել են ԶՔԳՎ քննիչները, 510-ը՝ դատախազները, 173-ը ստացվել է այլ մարմնից, 197-ը՝ հետաքննության մարմիններից, 7-ը՝ այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից, 1.807 քրեական գործով վարույթը վերսկսվել է: Քննարկվող ժամանակահատվածում քննված 5.088 քրեական գործից ավարտվել է 2.741-ի կամ 53.8%-ի նախաքննությունը:

Ավարտված 2.741 քրեական գործից 558-ը` 753 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ ուղարկվել է դատարան, կարճվել է 2.182 քրեական գործի վարույթ, 1.248 քրեական գործի վարույթ  կասեցվել է:

Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու դեպքի առթիվ քննվել է 3.094 քրեական գործ կամ ընդհանուր վարույթի գործերի 60,8 %-ը, որից 436-ը փոխանցվել է 2018թ.-ից, այսինքն` 2019թ.-ին վարույթ է ընդունվել 2.658 գործ: Նշված քրեական գործերով ՀՀ զինված ուժեր է զորակոչվել 228 անձ (2018թ.՝ 227):

2019թ. նախապատրաստվել է 2.585 նյութ, որից 1.271-ով հարուցվել է քրեական գործ, մերժվել է քրեական գործի հարուցումը 1.300 նյութով:

ԶՔԳՎ-ում քննարկվող ժամանակահատվածում քննված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով  պետությանը պատճառված 95.656.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 57.038.000 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված  521.000 ՀՀ դրամ գույքային վնասից՝ 521.000 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 11.937.000 ՀՀ դրամ գույքային վնասից՝ 4.922.000 ՀՀ դրամը:

Կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչությունը (այսուհետ՝ Վերահսկողության վարչություն) 2019թ. ընթացքում, իրականացնելով իրավական ակտերով և Կոմիտեի  կանոնադրությամբ սահմանված գործառույթները, կատարել է որոշակի աշխատանքներ ԶՔԳՎ ստորաբաժանումների միատեսակ, օրենքով սահմանված նախաքննական գործառույթն արդյունավետ իրականացնելու և այդ գործունեության ընթացքում ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ, բացի այդ, ԶՔԳՎ Վերահսկողության վարչությունն ապահովել է ՀՀ ՊՆ ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը:

Քննության որակը և աշխատանքային կարգապահությունը բարձրացնելու նպատակով նախապատրաստվել են Կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի 1 տասնյակից ավել իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2 նախագիծ, քննարկվել և կարծիք է ներկայացվել 57 իրավական ակտի նախագծի վերաբերյալ, դատախազական, հետաքննական և նախաքննական տարբեր մարմիններից ստացվել, ուսումնասիրվել և ըստ ենթակայության է ուղարկվել 85 քրեական գործ, 34 նյութ:

Քննարկվել և պատասխանվել  է 314 դիմումի ու միջնորդության, տարբեր մարմիններից, կազմակերպություններից ստացված 39 հարցումների և գրության, պատրաստվել է  ընդդեմ Հայաստանի Հանրապետության ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատի պատասխան: Կոմիտեի դեպարտամենտի արխիվ ուղարկելու նպատակով Վերահսկողության վարչությունում ստացվել և ուսումնասիրվել է կայազորային քննչական բաժիններում վարույթը կարճված 2.542  քրեական գործ:

ՀՀ ՊՆ ԶՍՊ, կադրերի և ռազմական կրթության, ԿՌԲՀ, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի, կազմզորահավաքային ԱՀՏԱ վարչություններից ստացվել է 343 հարցում, որոնց կապակցությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ: Վերահսկողության վարչության նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությանը տրամադրվել է 980 տեղեկատվություն, բացի այդ, յուրաքանչյուր ամիս տեղեկատվություն է ներկայացվել` տվյալ ամսվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված սպաների վերաբերյալ:

ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով Վերահսկողության վարչության միջնորդությամբ և ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանման ծառայողների ուժերով իրականացվել են մասնագիտական ստուգումներ:

2019թ. ԶՔԳՎ ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով Վերահսկողության վարչության միջնորդությամբ կենտրոնացված կարգով ապահովվել է որպես պաշտպանության միջոց ծառայության վայրը փոխելու մասին քննիչի 4 որոշումների պահանջների կատարումը, վերահսկողություն է իրականացվել նրանց հետագա ծառայության նկատմամբ:  Բացի այդ, Վերահսկողության վարչության միջնորդությամբ ևս 8  ծառայող տեղափոխվել և ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ ՌՈ և այլ զորամասերում: Նշված ժամանակահատվածում  միջնորդություններ են ներկայացվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին` ԶՔԳՎ ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով անցնող (վարույթը կարճված)  և զորացրման ենթակա անձանց պահեստազորում հաշվառելու գործընթացը կազմակերպելու համար:

Վերահսկողության վարչության ծառայողների միջոցով ապահովվել է մահվան ելքով դեպքերով համապատասխան աշխատանքների իրականացումը տուժողների իրավահաջորդների հետ, բոլոր նմանատիպ դեպքերով վարչության ծառայողները մասնակցել են դիակի դատաբժշկական փորձաքննությանը: Կատարվել է ենթակա ստորաբաժանումներից ստացված առանձին քննչական գործողություններ կատարելու 274 հանձնարարություն, որոնցից մեկի կատարման ընթացքում քննչական ճանապարհով բացահայտվել է նախկինում չբացահայտված ծանր հանցագործության  դեպք:

Վերահսկողության վարչությունում իրականացվել են զինվորական ծառայություն անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով քրեական գործերի և ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութերի,  քրեական գործերով հսկող դատախազների ցուցումների և որոշումների, դրանց վերաբերյալ քննիչների գրավոր առարկությունների, քննչական բաժնի պետերի կողմից իրենց անմիջականորեն ենթակա քննիչներին տրված ցուցումները դատախազներին բողոքարկելու պրակտիկայի, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների պատճառների, դրանց նպաստող պայմանների, քրեական գործերի քննության ժամկետների, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքերով քրեական գործերի և ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժած նյութերի ուսումնասիրություն և ամփոփում, որոնց արդյունքներով համապատասխան առաջարկություններ են ներկայացվել շահագրգիռ կազմակերպություններին:

Ուսումնասիրվել և վերահսկողության տակ են պահվել այն նյութերը, որոնցով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները վերացվել են դատախազների կողմից, ինչպես նաև այն քրեական գործերը, որոնցով դատախազների կողմից որոշումներ են կայացվել վարույթը կարճելու կամ կասեցնելու որոշումները վերացնելու մասին: Վերահսկողության տակ են պահվել նաև վեց ամսից ավել ժամկետում քննվող քրեական գործերը, միջոցներ են ձեռնարկվել նախաքննության ժամկետների հնարավոր ձգձգումները կանխելու, կայազորային քննչական բաժինների ծանրաբեռնվածությունը կարգավորելու ուղղությամբ:

Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական  վարչությունների վարույթում քննվել է 27.151 քրեական գործ, հարուցվել է 3.963 գործ, այլ մարմնից ստացվել և վարույթ է ընդունվել  1.698 քրեական գործ: Այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից ստացվել է 9 քրեական գործ: Վերսկսվել է 4.097 քրեական գործի վարույթ:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 9.999 քրեական գործ, որից 2.642-ը՝ 3.165 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ ուղարկվել է դատարան, 7.357 քրեական գործի վարույթ կարճվել է, 9.409 քրեական գործի վարույթ կասեցվել է։

2019թ. նախապատրաստվել է 2.598 նյութ, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 1.025, մարզերում` 1.573), որից 1.102-ով հարուցվել է քրեական գործ, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 431, մարզերում` 671), մերժվել է քրեական գործի հարուցումը 1.423 նյութերով, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 562, մարզերում` 861):

2019թ. ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների, ինչպես նաև մարզային քննչական վարչությունների վարույթում ավարտված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով  պետությանը,  ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատճառվել է 4.858.604.462 ՀՀ դրամի վնաս, որից 2.024.523.162 ՀՀ դրամը` պետությանը, 1.820.414.272 ՀՀ դրամը` ֆիզիկական անձանց, իսկ 1.013.667.028 ՀՀ դրամը` իրավաբանական անձանց: Պատճառված վնասից վերականգնվել է 1.890.624.718 ՀՀ դրամը, որից՝ պետությանը պատճառված 948.668.479 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 254.106.361 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 687.849.878 ՀՀ դրամը: 

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Վերահսկողության գլխավոր վարչություն) 2019թ. ընթացքում համակարգել է Կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների գործունեությունը, ապահովել է  դատավարական վերահսկողությունը, ուսումնասիրել է տարածքային մարմինների և ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական գործերով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը, քննության առանձին բնագավառները, վերլուծել և ամփոփել դրանք, միջոցառումներ է ձեռնարկել այդ բնագավառներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ, ուսումնասիրել է առանձնակի բարդություն կամ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը և միջոցառումներ է ձեռնարկել նախաքննության կազմակերպման ընթացքում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:

Քրեական գործերով կազմվող դատավարական փաստաթղթերի որակը բարձրացնելու և դատավարական նորմերի պահանջները պահպանելու նպատակով շարունակվել է քրեական գործի ընթացքը լուծող դատավարական որոշումների, մեղադրական եզրակացությունների նախագծերի ուսումնասիրությունը: Ուսումնասիրվել է 385  դատավարական փաստաթղթի նախագիծ, ուսումնասիրվել և կարծիք է ներկայացվել Կոմիտեի նախագահի հրամանների, հանձնարարականների 5 տասնյակից ավել նախագծերի վերաբերյալ: Քննարկվել և սահմանված ժամկետներում ընթացք է տրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված 50 հարցման, պատրաստվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված 6 գանգատի պատասխան:


Քննարկվող ժամանակահատվածում Վերահսկողության գլխավոր վարչությունում ՀՀ դատախազությունից, ՀՀ ոստիկանությունից, Կոմիտեի մարմիններից, ստորաբաժանումներից ստացվել է 779 քրեական գործ և 8 նյութ, որոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ ենթակայության կամ այլ գործերի միացնելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար: Քննարկվել է տարբեր պետական և տեղական ինքնակառավարման, արդարադատության մարմիններից, կազմակերպություններից, զանգվածային լրատվամիջոցներից ստացված 764 հարցում, 1.177 դիմում (289-ը՝ կրկնակի), ստուգվել և դեպարտամենտի արխիվ է հանձնվել վարույթը կարճված 5.201 քրեական գործ:

Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ հսկողություն է սահմանվել պետական կառավարման տարբեր ոլորտներում դրսևորված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի նախաքննության նկատմամբ:

Ի կատարումն Կոմիտեի նախագահի 25.06.2019թ. թիվ 87-Ա և 02.12.2019թ. թիվ 150-Լ հանձնարարականների՝ Վերահսկողության գլխավոր վարչությունում ուսումնասիրվել են 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում  բնակարանային գողությունների քննության և բացահայտման պրակտիկան, ինչպես նաև 2018 թվականի ընթացքում և 2019 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ կատարված Կոմիտեի մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների  վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով քննվող դեռևս չբացահայտված, ինչպես նաև նույն հոդվածով հարուցված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերը, Կոմիտեի տարածքային 7 ստորաբաժանումներում իրականացվել են  ուսումնասիրություններ:

Բացի հիմնական գործառույթների իրականացումը, որոշ դեպքերում, Վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացվել է մինչդատական վարույթ, մասնավորապես՝ 2019թ. վարույթ է ընդունվել 12 քրեական գործ, որից 1-ի վարույթը կարճվել է, 3-ը կասեցվել, 8 քրեական գործ ուղարկվել է տարածքային մարմիններ, ստորաբաժանումներ՝ նախաքննությունը շարունակելու համար:

Քննարկվող ժամանակահատվածում կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) միջոցներ է ձեռնարկել աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման, իրավական և կազմակերպչական բնույթի խնդիրների լուծման, քրեագիտական աջակցության, քննիչների մասնագիտական  գիտելիքների և աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման և այլ  ուղղություններով:

Գլխավոր վարչության ծառայողների կողմից ուսումնասիրություններ են կատարվել Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում և Լոռու մարզային քննչական վարչությունում: Ի կատարումն Կոմիտեի նախագահի թիվ 152-Լ հանձնարարականի՝ ուսումնասիրվել է 2018 թվականի ընթացքում և 2019 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ կատարված Կոմիտեի մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների  վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով քննվող դեռևս չբացահայտված, ինչպես նաև նույն հոդվածով հարուցված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված 25 քրեական գործ:

Ի կատարումն Կոմիտեի նախագահի 20.08.2018թ. թիվ 115-Լ և 03.09.2018թ. թիվ 144-Լ հանձնարարականների՝ հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններից և ստորաբաժանումներից պահանջվել են 1998-2018 թվականների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերով դեպքի վայրի զննության արձանագրությունները, փորձաքննություն նշանակելու մասին որոշումները, փորձագետի եզրակացությունները, իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումները և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները: Առավել խորացված ուսումնասիրություններ կատարելու նպատակով Կոմիտեի մարմիններից և ստորաբաժանումներից պահանջվել, ստացվել և ուսումնասիրվել են մեկ տասնյակ քրեական գործեր: Դրանցից մի քանիսի ուսումնասիրության արդյունքում համապատասխան հանձնարարականներ են ուղարկվել տարածքային մարմիններ և ստորաբաժանումներ՝ գործերի բացահայտման վրա բացասաբար անդրադարձած թերացումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ կոնկրետ քննչական և դատավարական գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ: Վարույթը կասեցված 1 քրեական գործի ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացվել քրեական գործի հետագա նախաքննությունը Գլխավոր վարչությունում շարունակելու մասին: Աշխատանքներ են տարվել ՀՀ ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի և Կոմիտեի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ, որի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորների հետ: Ազգային ժողովում Գլխավոր վարչության ներկայացուցչի մասնակցությամբ անցկացվել են մշտական հանձնաժողովների կողմից նախաձեռնած մասնագիտական քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվել է առանձին հանցատեսակների վիճակագրությունը, հանցավորությանը նպաստող պայմանների և դրանց կանխարգելման ուղղությամբ կատարված վերլուծությունները: Մասնավորապես՝ Երևան քաղաքում գործող «Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերություններից կատարված գողությունների և գողության փորձերի դեպքերի առթիվ Կոմիտեի ստորաբաժանումներում քննված քրեական գործերով կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել են առաջարկություններ: Ներկայացված առաջարկությունների փաթեթը դրվել է շրջանառության:

Ուսումնասիրվել և ամփոփվել են Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում, ստորաբաժանումներում քրեական գործերով նշանակված փորձաքննությունների քանակը և եզրակացությունների տրամադրման ժամկետները: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա գրություններ են ուղարկվել ՀՀ-ում գործող փորձագիտական հիմնարկների ղեկավարներին:

Քննարկվող ժամանակահատվածում մշակվել, շրջանառվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ուղարկվել Կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ նախատեսող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի թիվ 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ընդունվել է ՀՀ կառավարության  և 2019թ. սեպտեմբերի 12-ի 1219-Ա որոշմամբ:

 

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել, շրջանառվել և ստորագրման է ներկայացվել Կոմիտեի նախագահի և Կոմիտեի նախագահի տեղակալի 128 գերատեսչական իրավական ակտ, մասնավորապես՝ մշակվել և Կոմիտեի նախագահի ստորագրմանն է ներկայացվել 53 իրավական ակտի նախագիծ, որոնցից հատկանշական են՝  «Զեկուցման ներկայացված քրեական գործերի գրանցման մատյանի ձևը հաստատելու մասին» հրամանը, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների ծառայողների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու մասին»  հանձնարարականը և այլն:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել Կոմիտեի նախագահի 20 հրամաններում և հանձնարարականներում, որոնցից հատկանշական են՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 18-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» («Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին»), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 20-ի թիվ 21-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասին» («Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում իրավական ակտերի նախագծերի մշակման, քննարկման և շրջանառման կարգը հաստատելու մասին»),  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 134-Լ հրամանում փոփոխություն կատարելու մասին» («Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում, ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 6-Լ և 2015 թվականի փետրվարի 25-ի թիվ 8-Լ հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին»), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի օգոստոսի 30-ի թիվ 44-Լ հրամանում փոփոխություն կատարելու մասին» («Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը ներդնելու մասին»), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի  նոյեմբերի  11-ի թիվ 115-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասին» («Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին») Կոմիտեի նախագահի հրամանները և այլն: Ուսումնասիրվել և կարծիք է տրվել 53 իրավական ակտի նախագծի վերաբերյալ:

ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 483-Ն որոշման 1-ին կետով հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի 12-րդ և 45-րդ կետերին համապատասխան և ի կատարումն Կոմիտեի նախագահի 2017 թ. մայիսի 23-ի թիվ 87-Լ հրամանով հաստատված Կոմիտեի կողմից իրականացվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ցանկի 2-րդ և 3-րդ կետերի՝ ուսումնասիրություններ են կատարվել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումն անմիջապես ընդդատյա մարմնին հանձնելու կառուցակարգերում հնարավոր թերությունների և հակասությունների վերհանման, ինչպես նաև ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների մնացած անչափահասներին և անաշխատունակ անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հսկողությամբ, խնամքի և գոյատևման միջոցներով ապահովելու գործող համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 483-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ կետերով նախատեսված գործողությունների կատարման ընթացքի մասին հաշվետվություններ են ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արդարադատության նախարարություն:


ԶՔԳՎ վարույթում քննվող շուրջ 30 գործով ցուցաբերվել է քրեագիտական աջակցություն, մասնավորապես՝ դեպքի վայրում կատարվելիք գործողությունների քրեագիտական ապահովում, դեպքի վայրի զննության, քննչական փորձարարության, փորձաքննությունների նշանակման գործընթացի նախապատրաստում, մասնակցություն դատաբժշկական փորձաքննություններին, դիակներից օբյեկտների և նմուշների ստացման գործընթացին:

Համապատասխան ծրագրային ապահովումների օգտագործմամբ քննարկվող ժամանակահատվածի մարտ-սեպտեմբեր ամիսներին կցված փորձագետի կողմից իրականացվել է թվով 194 օբյեկտի զննություն, որոնցից՝ 144 բջջային հեռախոս (այդ թվում՝ հեռախոսաքարտ և հիշողության կրիչ), 50 համակարգիչ և տեսագրիչ սարքավորում: Համապատասխան փորձաքննություններ չնշանակելու արդյունքում խնայված գումարը կազմել է 15.204.000 ՀՀ դրամ:

Կոմիտեում ներդրված «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի շրջանակներում իրականացվել են գործառույթների ավելացման, ինչպես նաև ծրագրային ապահովման հետ կապված ծավալուն աշխատանքներ:

Քննարկվել և պատասխաններ են տրվել այլ պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից և ֆիզիկական անձանցից ստացված թվով 522 տարաբնույթ գրությունների և հարցումների:

Հիմնական գործառույթների կատարումից զատ Գլխավոր վարչության ծառայողների կողմից հասարակական հնչեղություն ունեցող ծանր հանցագործությունների վերաբերյալ 8 քրեական գործով  իրականացվել է նախաքննություն:

2019թ. ընթացքում Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում (այսուհետ՝ ՆԱՎ) ստացվել է 370 միջնորդություն, իրականացվել է 283 նախնական ուսումնասիրություն, 57 ստուգում, ընթացք է տրվել  248 դիմումի:

Նախնական ուսումնասիրությունների թիվը 2018թ. համեմատ աճել է 89-ով: Նախորդ տարվա քննարկվող ժամանակահատվածի համեմատ 28-ով նվազել է ստուգումների քանակը, իսկ դիմումների թիվը նվազել է 18-ով:

 

Կատարված նախնական ուսումնասիրությունների համար առիթ է հանդիսացել Կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից ստացված 316 միջնորդություն (2018թ՝ 134), այսինքն` ՀՀ դատախազությունից ստացված միջնորդությունների քանակը 2018թ. համեմատ աճել է 182-ով: Ստացված 316 միջնորդությունների առթիվ կատարվել է 229 նախնական ուսումնասիրություն: Նախնական ուսումնասիրության արդյունքներով Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից 14 դեպքում հարուցվել են կարգապահական վարույթներ, 11 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի:

 

Կոմիտեի նախագահի տեղակալներից, մարմինների և ստորաբաժանումների պետերից ստացված 49 միջնորդությունների առթիվ իրականացված նախնական ուսումնասիրություններից 6-ի արդյունքներով՝ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ, 6 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, 35-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել:

 

Կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քաղաքացիներից ստացված 5 միջնորդությունների առթիվ կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից 1 դեպքում հարուցվել է կարգապահական վարույթ, 1 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի:

 

2019թ. ընթացքում վերսկսկվել է նախկին տարիներին կասեցված 4 նախնական ուսումնասիրության վարույթ վերսկսվել և ավարտվել է՝ ծառայողների արարքում կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ: 2 նախնական ուսումնասիրության վարույթ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ ուղարկվել է կարգապահական հանձնաժողովին, որոնցով դեռևս որոշումներ չեն կայացվել: 26 նախնական ուսումնասիրության նյութ փոխանցվել է 2020թ., նախնական ուսումնասիրության 2 վարույթ կասեցվել է:

 

ՆԱՎ-ում իրականացված 283 նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ քրեադատավարական օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ կատարելու համար Կոմիտեի 18 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, որից 15-ի նկատմամբ՝ «զգուշացում»,  2-ի նկատմամբ՝ «նկատողություն», 1-ի նկատմամբ՝ «դասային աստիճանի իջեցում՝  մեկ աստիճանով»:


Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի  (այսուհետ՝ Բաժին) կողմից 2019թ. ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 153 հարցում, որոնցից 67-ը կատարվել է ամբողջ ծավալով, 27-ը կատարվել է մասնակի, (անձանց՝ ՀՀ տարածքից բացակայության և մահացած լինելու հիմքով, ՀՀ անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի տվյալներով հարցմամբ ներկայացված անհատական տվյալներով անձ ՀՀ-ում հաշվառված չլինելու հիմքով), 1 հարցում նախաձեռնողի գրության հիման վրա թողնվել է առանց կատարման՝ անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ, 58 հարցում փոխանցվել  է  2020թ.:

 

Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին քննարկման է ներկայացվել իրավական օգնություն ցույց տալու մասին 502 հարցում, որոնցից 339-ը՝ լրամշակվելուց հետո ուղարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, 24-ը՝ լրամշակման վերադարձվելուց հետո այլևս չի ստացվել:

 

339 հարցումից 88-ի պահանջների կատարումն օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից ապահովվել է ամբողջ ծավալով, 4 հարցմամբ ստացվել են հայցվող դատավարական գործողությունների որոշակի մասի կատարմամբ նյութեր, 4 հարցման կատարում մերժվել է՝ 3-ը նվազ կարևորության (ԱՄՆ), 1-ը հայցվող պայմանավորվող պետության օրենսդրությանը հակասելու հիմքով (ԱՄԷ), 12 հարցում թողնվել է առանց կատարման նախաձեռնողների խնդրանքով՝ անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ, 2 հարցման պահանջները չեն կատարվել հայցվող անձանց՝ հայցվող պայմանավորվող պետությունների տարածքում չհայտնաբերելու և տվյալ պետության տարածքում ներկայացված անձնական տվյալներով անձանց բացակայության հիմքով: 229 հարցում 2019թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ գտնվել է կատարման, իսկ 139-ը՝ թարգմանության փուլում:

 

Բացի այդ, 2019 թվականի ընթացքում Բաժնում լուծվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին 2014-2018 թվականներին ուղարկված 172 հարցման ընթացք, որից 144-ը կատարվել է ամբողջ ծավալով, 2 հարցման կատարման անհրաժեշտությունը վերացել է՝ նախաձեռնողի պահանջով, 5 հարցում կատարվել է մասնակի, 21-ի կատարումը մերժվել է՝ 12-ը՝ նվազ կարևորության հիմքով (ԱՄՆ), 4-ը՝ հայցվող տեղեկատվության բացակայության հիմքով, 2-ը՝ հայցվող պայմանավորվող կողմի օրենսդրությամբ հանցագործություն չհամարվելու հիմքով, 3-ը՝ օրենսդրությանը հակասելու հիմքով, իսկ 181 Հարցում 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ գտնվել է կատարման փուլում:

 

Հիմնական գործառույթների կատարումից զատ՝ Բաժնի ծառայողների վարույթում քննվել է 13 քրեական գործ:

 

Քննարկվող ժամանակահատվածում Կոմիտեի և օտարերկրյա պետությունների քննչական մարմինների հետ համագործակցության շրջանակներում 2019 թվականի հուլիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների կոլեգիաների չորրորդ համատեղ նիստի արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների միջև ստորագրվել է 2019-2022թթ. նախաքննության քրեագիտական ապահովման վերաբերյալ ծրագիրը:

 

2019 թվականի սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահների աշխատանքային հանդիպման արդյունքում ստորագրվել է 2020-2022թթ. ընթացքում  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների միջև գիտակրթական ոլորտում համագործակցության մասին ծրագիրը: Բացի այդ, 2019 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:


Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նոր կազմը (բացառությամբ՝ Օրենքով նախատեսված կարգով Հանձնաժողովի անդամ նշանակվելու 3 տարին լրացած չլինելու դեպքերի) ձևավորվել է Կոմիտեի նախագահի 2017թ. նոյեմբերի 16-ի թիվ 156-Ա և 2018թ. օգոստոսի 17-ի թիվ 113-Ա հրամաններով: Կոմիտեի նախագահի կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել է 27 ծառայողի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու 24 միջնորդություն, որից բավարարվել է 23-ը, 25 ծառայողի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Հարուցված կարգապահական վարույթների արդյունքում Հանձնաժողովը հաստատել է Կոմիտեի 21 ծառայողի արարքում իրավախախտման փաստի առկայությունը, իսկ 4 ծառայողի արարքում՝ կարգապահական խախտման փաստի բացակայությունը:

 

Հանձնաժողովի 2 որոշումների հիման վրա Կոմիտեի նախագահի կողմից միջնորդություն է ներկայացվել «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» և «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ կիրառելու նպատակահարմարության մասին, որոնք բավարարվել են և Հանձնաժողովը եզրակացություն է տվել վերոնշյալ տույժերի կիրառման հնարավորության մասին:  Հանձնաժողովը կասեցրել, ակնուհետև վերսկսել է 1 ծառայողի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի կողմից Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել 2 միջնորդություն՝ արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցնող ունկնդրին քննիչների թեկնածությունների ցուցակից հանելու և տարկետում տրամադրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են: Հանձնաժողովը քննարկել է Հանձնաժողովի աշխատակարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման 2 նախագիծ, որոնք հաստատվել են:


Կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչությունն օրենքով սահմանված կարգով մշակել, շրջանառել է ՀՀ օրենքների 19 նախագծեր, որոնցից հատկանշական են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում են Կոմիտեում տեղեկատվական շտեմարաններ ձևավորելու,  Կոմիտեի ծառայողների գործուղման հիմքերը սահմանելու, ինչպես նաև Կոմիտեի համակարգը, Կոմիտեի նախագահի և տեղակալների լիազորությունները, Կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները, Կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու, Կադրերի ռեզերվից նշանակման ընթացակարգերը սահմանող իրավական նորմերը հստակեցնելու վերաբերյալ իրավակարգավորումներ:

 

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որով Կոմիտեում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք ուսուցման ծրագիր չեն անցնի Արդարադատության ակադեմիայում, այլ կնշանակվեն գրավոր և բանավոր քննություն հանձնելով, ինչպես այլ քննչական մարմիններում: Բացի այդ,  թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, ովքեր չեն ունենա առնվազն մեկ տարվա դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում աշխատանքի ստաժ, Կոմիտեում ծառայության նշանակվելուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում քրեական գործի նախաքննությունը կկատարեն քննչական խմբերում՝  ներգրավվելով որպես քննչական խմբի քննիչ:

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը,  որով քրեական վարույթի մասնակցի կողմից քննման, փորձաքննության, բժշկական ստուգման ենթարկվելուց կամ նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն:

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հասարակական անվտանգության առավել լիարժեք և ամբողջական քրեաիրավական պաշտպանվածությունն ապահովելու, հասարակության շրջանում բռնության մթնոլորտը կանխարգելելու և բռնության կոչերին համարժեք պետական արձագանք դրսևորելու նպատակով ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ բաժնի 23-րդ՝ «Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները» գլուխը առաջարկվում է լրացնել նոր հոդվածով, որով քրեական պատասխանատվություն կսահմանվի բռնության քարոզ կամ դրա հրապարակային կոչեր իրականացնելու համար:

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հստակ կսահմանվեն դատախազի կողմից քննիչին վարույթից հեռացնելու դեպքերն ու կարգը՝ ապահովելով իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջները:

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը որով առաջարկվում է հստակեցնել դատախազի լիազորությունը՝ ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդումն անմիջականորեն ստանալու դեպքերում:

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որով առաջարկվող նոր իրավական կարգավորումները հնարավորություն կտան ապացույցների շարքում ներառել մասնագետի կողմից կազմված ակտը՝ որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, միաժամանակ, քրեական պատասխանատվություն կսահմանվի մասնագետի կողմից ակնհայտ կեղծ ակտ կազմելու համար:

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը, որով քննիչը հնարավորություն կունենա դատական կարգով վիճարկելու դատախազի ցուցումները, որոշումները կամ գործողությունները: Նման իրավակարգավորումը ոչ միայն կնպաստի քննիչի դատավարական ինքնուրույնությանը, այլև կբարձրացնի դատախազական հսկողության արդյունավետությունը՝ բացառելով քրեական գործով վճռորոշ նշանակություն ունեցող որոշումների կայացման ընթացքում գերատեսչական ազդեցությունը և կորպորատիվ շահերը:

 

Քննարկվող ժամանակահատվածում մշակվել են նաև ՀՀ կառավարության 11 և ՀՀ վարչապետի 7 որոշումների նախագծեր:

 

Շրջանառության դրված օրենքների, ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ ներկայացվել է 193 կարծիք:

 

Զգալի աշխատանքներ են տարվել տարեկան և կիսամյակային վիճակագրական տվյալների համակարգման, ներքին (ներգերատեսչական) շրջանառության վիճակագրական հաշվետվությունների ձևերի կատարելագործման ուղղությամբ:


Կադրային քաղաքականության, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրման ոլորտում  ծավալուն աշխատանքներ են իրականացվել: 2019թ. ընթացքում Կոմիտեում ծառայության է նշանակվել 77 թեկնածու, զբաղեցրած պաշտոնից ազատվել է 67 ծառայող: 2019թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ թափուր է 20 հաստիք:

 

2019թ. ընթացքում Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված մեկ հիմնական և երկու լրացուցիչ քննություններին մասնակցել է 160 դիմորդ, որից 96-ի վերաբերյալ Կոմիտեի որակավորման հանձնաժողովի որոշմամբ կայացվել է դրական եզրակացություն: Նշված թեկնածուներից  27-ը նշանակվել է տարբեր պաշտոնների, 54 թեկնածու, որից 8-ը 2018թ. թեկնածուներ են, ուղարկվել են  Արդարադատության ակադեմիա ուսումնառության դասընթացին մասնակցելու: Ուսումնառությունն ավարտել է 52-ը, 2-ի  ուսումնառությունը տեղափոխվել է 2020թ.: Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացին մասնակցող թեկնածուներից 1-ը, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1.2-րդ մասի 1-ին կետի համաձայն, մասնագիտական պատրաստման ուսումնական ծրագրով նախատեսված ուսումնական դասընթացների 5 տոկոսից ավելի անհարգելի բացակայությունների համար հանվել է թեկնածությունների ցուցակից: Արդարադատության ակադեմիայում ավարտական քննությանը դրական գնահատական ստացած թեկնածուներից 26-ը նշանակվել է քննիչ:


Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժինը քննարկվող ժամանակահատվածում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում դիմումների, բողոքների ընդունման և քննարկման, քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» Կոմիտեի նախագահի 2015թ. մայիսի 4-ի  թիվ 40-Լ հրամանի համաձայն կազմակերպել է 510 քաղաքացու ընդունելություն: Ընդունելության համար դիմած քաղաքացիներին տրվել են սպառիչ պատասխաններ, քննությանն առնչվող հարցերով կազմակերպվել է ընդունելություն համապատասխան պաշտոնատար անձանց մոտ և հետևողականություն է ցուցաբերվել բարձրացված հարցերի վերաբերյալ քաղաքացիներին սահմանված կարգով և ժամկետներում հիմնավոր պատասխաներ տալու ուղղությամբ: 


Կոմիտեի վարչական շենքերի հիմնանորոգման և վերանորոգման ուղղությամբ իրականացվել են ակտիվ միջոցառումներ, մասնավորապես` քննարկվող ժամանակահատվածում հիմնանորոգվել են Կոմիտեի Շիրակի և Լոռու մարզային քննչական վարչությունների շենքերը, վերանորոգվել է Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի շենքը:

 

Վարչական շենքերի համալրմանը զուգահեռ հետևողական աշխատանքներ են տարվել քննչական մարմիններում, ստորաբաժանումներում անչափահասների հարցաքննության համար հատուկ սենյակներ առանձնացնելու և կահավորելու ուղղությամբ: Ի թիվս Կոմիտեի կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանների քննչական բաժինների, Տավուշի, Արարատի,  Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզային քննչական վարչությունների, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի և Մարտունու, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի և Չարենցավանի, Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի, Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի, Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժինների, ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի և ԶՔԳՎ վարչական շենքերի, անչափահասների հարցաքննության սենյակներով են կահավորվել նաև 2019թ. ընթացքում հիմնանորոգված և վերանորոգված՝ վերը թվարկված բոլոր վարչական շենքերը:

 

Կոմիտեի ծառայողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերը միասնականացնելու, դատավարական ժամկետների խախտումները կանխարգելելու, նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմներ ներդնելու,  ինչպես նաև ավտոմատացված վիճակագրության հաշվառում և համակարգում իրականացնելու նպատակով քննարկվող ժամանակահատվածում շարունակվել են «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի ներդրման ու կատարելագործման ուղղությամբ տարվող  աշխատանքները: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերը «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով կազմելու և առցանց հաշվառելու մասին» Կոմիտեի նախագահի 2017թ. դեկտեմբերի 14-ի թիվ 178-Լ հանձնարարականի համաձայն Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող բոլոր մարմիններում և ստորաբաժանումներում 2018թ. հունվարի 1-ից  հետո հարուցված քրեական գործերով առանցքային նշանակություն ունեցող դատավարական փաստաթղթերը կազմվում են «Էլեկտրոնային նախաքննություն»  ծրագրով, ինչը հնարավորություն է տալիս վարելու ավտոմատացված էլեկտրոնային վիճակագրություն: Քննիչների  մասնագիտական հմտությունները զարգացնելու և մարդու իրավունքների ոլորտի միջազգային փաստաթղթերի կիրառությունն ապահովելու նպատակով «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրում ներդրվել է «Էլեկտրոնային գրադարան» բաժինը: Շարունակվել են ծրագրի հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ յուրաքանչյուր քրեական գործով թղթային եղանակով լրացվող և ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ուղարկվող վիճակագրական քարտերը ավտոմատացված կարգով լրացվելու և առցանց ուղարկվելու, ինչպես նաև Կոմիտեի ծառայողներին ներկայումս հասանելի գերատեսչությունների տեղեկատվական բազաներից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալները «Էլեկտրոնային նախաքննություն»  ծրագրի շրջանակներում հասանելի դարձնելու ուղղությամբ:

 

2020թ. ընթացքում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների ծանրաբեռնվածության նվազման, նախաքննության  ժամկետների կրճատմանն, արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկվում է.

 

1.Կոմիտեի  մարմինների և ստորաբաժանումների հաստիքացուցակը համալրել 55 հաստիքով, քանի որ քրեական գործերի աննախադեպ աճի և քննիչների ծանրաբեռնվածության պայմաններում խնդրահարույց է դարձել առկա կադրային ներուժով ՀՀ Սահմանադրությամբ Կոմիտեի առջև դրված հիմնական խնդրի ապահովումը, այն է՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով մինչդատական քրեական վարույթի կազմակերպման և իրականացման գործառույթի իրականացումը ողջամիտ ժամկետներում:

 

Այդ նպատակով Կոմիտեում մշակվել և շրջանառության է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է Կոմիտեի  մարմինների և ստորաբաժանումների հաստիքացուցակը համալրել 55 հաստիքով:

 

2. ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (այսուհետ՝ ՍԷԿՏ) օգտվող պետական մարմինների ցանկում ներառել Կոմիտեն:


Կոմիտեի կազմավորումից ի վեր էապես ընդլայնվել է նաև   քննչական աշխատանքում անհրաժեշտ տարբեր գերատեսչությունների տեղեկատվական  բազաների ցանկը, որոնք առցանց հասանելի են  Կոմիտեի ծառայողների համար:

 

ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման N2 հավելվածով սահմանվել է ՍԷԿՏ-ից օգտվող պետական մարմինների ցանկը, որում ընդգրկված չէ Կոմիտեն, ինչի արդյունքում Կոմիտեն զրկված է քրեական վարույթի համար անհրաժեշտ տեղեկություններն առցանց ստանալու հնարավորությունից, որն էապես խոչընդոտում է քննության օպերատիվությանը և արհեստական դժվարություններ է ստեղծում առավել կարճ ժամկետներում նախաքննություն իրականացման հարցում:

 

Այդ նպատակով Կոմիտեում մշակվել է «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է ՍԷԿՏ համակարգից օգտվողների ցանկում ներառել նաև Կոմիտեն:

 

3.«Կիբեռհանցագործությունների մասին» Եվրոպական Կոնվենցիայով նախատեսված և ՀՀ ոստիկանությունում գործող 24/7 կոնտակտային կետից զատ Կոմիտեում ստեղծել 24/7 կոնտակտային կետ, ինչը հնարավորություն կտա կիբեռհանցագործությունների գործերով ուղղակիորեն հաղորդակցվել այլ պետությունների իրավասու մարմինների հետ, կիբեռհանցագործությունների գործերով  ուղարկել և ստանալ փոխադարձ աջակցության մասին հարցումներ:

 

4. Կենսաթոշակի անցնելու հնարավորություն նախատեսել Կոմիտեում առնվազն 20 տարվա ծառայության ստաժ ունեցող ծառայողների համար՝ հաշվի առնելով քննչական աշխատանքի թե´ մտավոր և թե´ ֆիզիկական առումով գերծանրաբեռնված բնույթը, չնորմավորված աշխատաժամանակը, որի պայմաններում քննիչները, որպես կանոն, դժվարանում են ծառայել մինչև կենսաթոշակի անցնելու սահմանային տարիքը և որոշակի ժամանակ ծառայելուց հետո տեղափոխվում են այլ աշխատանքի: Արտահոսքը կանխելու և քննիչներին մոտիվացնելու նպատակով կարիք կա վերանայելու քննիչների սոցիալական երաշխիքներ սահմանող իրավակարգավորումները:

 

Կոմիտեն հետևողականորեն շարունակելու է քննության որակի, քննիչների և մարմինների, ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Կոմիտեն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կանի հնարավորինս՝ հանրապետությունում հանցագործությունների դեմ տարվող պայքարին, սահմանադրական և հասարակական կարգի ամրապնդմանն օժանդակելու, մարդու, հասարակության և պետության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև օրինականության պահպանմանն առնչվող լիազորություններից բխող մյուս խնդիրներն իրականացնելու ուղղությամբ:

 

 

Հ. Մ. Գրիգորյան

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի