Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` 2018 թվականի գործունեության մասին

31.01.2019 13:22
 
 
 
Հաղորդում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2018 թվականի գործունեության մասին
(«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն)








Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներպետական և միջազգային համապատասխան իրավական ակտերով, 2018թ. ընթացքում բավարար աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քննության որակն ու արդյունավետությունը բարելավելու, մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև իրավական ապահովման ոլորտներում:

2018թ. ընթացքում  Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն  ու ստորաբաժանումներն  աշխատել են էական ծանրաբեռնվածությամբ: Հանցագործությունների մինչդատական քննության բնագավառում Կոմիտեի ծանրակշիռ դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ 2018թ. ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված քրեական գործերից 25.675-ը կամ շուրջ 94.7 %-ը  քննվել է Կոմիտեի վարույթում:

Քննարկվող ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 5.618-ով կամ 28%-ով (2017թ.` 20.057 գործ),  Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների վարույթում հարուցվել է 5.944 քրեական գործ (2017թ.՝ 5.622), այլ մարմնից ստացվել է 1.431 (2017թ.՝ 1.132) քրեական գործ:  Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը միայն քրեական գործերով կազմել է 55 քրեական գործ (2017թ.՝ 45): Միջին ծանրաբեռնվածության վերաբերյալ նշված թիվը գործնականում ամբողջական չի ներկայացնում 2018թ. ընթացքում Կոմիտեի կատարված աշխատանքները՝ նկատի ունենալով  նախապատրաստված և մերժված նյութերի զգալի քանակը՝ 4.061 նյութ, որոնցով ևս, ինչպես և քրեական գործերով, կատարվում են դատավարական գործողություններ: Նման պայմաններում վարույթում եղած քրեական գործերի և մերժված նյութերի միասնական հաշվարկով Կոմիտեի մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 63 գործ և նյութ (2017թ.՝ 58):

Դատավարական ավարտ ունեցող և վարույթը կասեցված քրեական գործերը, դրանց հարաբերակցությունը.

Կոմիտեի արտադրողականությունը որոշելու չափանիշների մեջ կատարվել է հիմնարար նշանակության փոփոխություն։ Ի տարբերություն նախկին պրակտիկայի՝ Կոմիտեի արտադրողականությունը որոշելու ցուցանիշների մեջ կասեցված քրեական գործերի քանակը այլևս չի հաշվառվում։ Բանն այն է, որ քրեական գործերի վարույթը կասեցնել նշանակում է կամ չբացահայտել հանցագործություն կատարող անձին, կամ չհայտնաբերել նրա գտնվելու վայրը։ Քրեական գործի վարույթը կասեցնելն ինքնին դրական երևույթ չէ, քանի որ իրավապահ մարմիններին չի հաջողվել ամբողջ ծավալով կատարել իրենց գործառույթները, ուստի քրեական գործերով վարույթի կասեցումը չի կարող դիտվել որպես քննչական աշխատանքի արտադրողականության դրական ցուցանիշ։

Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական գործերի դատավարական ավարտը։ 2018թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 2.756 քրեական գործ՝ 3.507 անձի նկատմամբ, 6.771 քրեական գործի վարույթ կարճվել է, այսինքն՝ ավարտվել է 9.527 քրեական գործի ընթացք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8.342 գործի դիմաց:

Քննարկվող ժամանակահատվածում կասեցվել է 7.999 քրեական գործի վարույթ՝ (2017թ.՝ 6.697): Նշված 7.999 գործից 6.360-ը կասեցվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու, 1.570-ը՝ քննությունից թաքնվելու, իսկ 69-ը՝ այլ հիմքով:

Դատավարական ավարտ ունեցող քրեական գործերը կազմել են Կոմիտեի վարույթում քննված գործերի 37%-ը, իսկ վարույթը կասեցված քրեական գործերը՝ 31%-ը:

Կոմիտեն հետևողական աշխատանքներ է տանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ) և 2-րդ (մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ) կետերով վարույթը կասեցված  քրեական գործերի բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերելու աշխատանքներին աջակցելու ուղղությամբ: Այդ մասին են վկայում Կոմիտեի նախագահի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերի նյութերի պատճենները Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունում ուսումնասիրելու վերաբերյալ 20.08.2018թ. թիվ 115-Լ հանձնարարականը, ինչպես նաև Կոմիտեի նախագահի «Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը վերցնելու և անհրաժեշտ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու վերաբերյալ» 01.10.2015թ. թիվ 91-Լ, «Նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու, դատախազի սանկցիայով ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ վերահաստատելու, հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների արարքները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու գործընթացը կանոնակարգելու մասին» 10.01.2018թ. թիվ 1-Լ հանձնարարականները:

Նախաքննության ժամկետների վիճակը.

Ավարտված գործերով նախաքննության ժամկետները երկարացվել են 4.072 գործով՝ նախորդ տարվա 3.788-ի դիմաց, աճը կազմել է 284 գործ կամ 7.4% , ինչն անմիջականորեն պայմանավորված է քննարկվող ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի կտրուկ աճով (5.618 կամ 28%): Որպես դրական ցուցանիշ պետք է նշել Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և դրա տարածքային ստորաբաժանումների, մարզային քննչական վարչությունների, Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննված գործերով մինչև երկու ամիս ժամկետում նախաքննությունն ավարտված քրեական գործերի աճը՝ 5.114 գործ՝ նախորդ տարվա 4.233-ի դիմաց: Աճը կազմել է 881  քրեական գործ կամ 20.8%: Ընդհանուր առմամբ երկամսյա ժամկետում քննվել են ավարտված գործերի 53.8%-ը՝ նախորդ տարվա 50.8%-ի դիմաց:

«Վարույթում քննվող քրեական գործերի մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ Կոմիտեի նախագահի 29.10.2018թ. թիվ 169-Լ հանձնարարականի համաձայն Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումները յուրաքանչյուր շաբաթ տեղեկատվություն են ներկայացնում վարույթում քննվող քրեական գործերի քանակի, նախաքննության ժամկետների վերաբերյալ, ինչը կարևորագույն ցուցիչ է մարմնի կամ ստորաբաժանման ծանրաբեռնվածությունը, նախաքննության ժամկետների պահպանման վիճակը գնահատելու համար: Ձեռնարկված միջոցառումների արդունքում քննարկվող ժամանակահատվածում մինչև 10-օրյա ժամկետում 103 քրեական գործով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ գործը դատախազություն է ուղարկվել, ևս 131 քրեական գործի վարույթ կարճվել է, ինչն իրավակիրառ պրակտիկայում հազվադեպ է: Նախաքննության ժամկետների պահպանման վիճակը մեծապես պայմանավորված է նաև ՀՀ-ում բջջային, ֆիքսված, ինտերնետ կապի ծառայություններ մատուցող օպերատորներին դատավարական և այլ փաստաթղթերն ուղարկելու, վերծանումները ստանալու ընթացակարգը էլեկտրոնային դարձնելու, նախաքննության ընթացքում անհրաժեշտ տեղեկատվական բազաներից քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվությունն առցանց ստանալու, դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունների նշանակման և կատարման վիճակն Էապես բարելավելու հանգամանքով:

2018թ. ընթացքում  լրացուցիչ նախաքննության է վերադարձվել 102 քրեական գործ, որը կազմում է ավարտված 9.527 քրեական գործերի 1%-ը՝ նախորդ տարվա 79-ի կամ 0.9%-ի դիմաց: Քրեական գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշումներից հսկող դատախազների կողմից վերացվել է 274-ը՝ նախորդ տարվա 313-ի դիմաց, այսինքն՝ նվազումը կազմել է 39 քրեական գործ կամ 12.4%:

2019թ.  փոխանցվել է 4.776 քրեական գործ՝ նախորդ տարվա 2.563-ի դիմաց:

Ձերբակալվել է 738 կասկածյալ, 1.663 մեղադրյալի նկատմամբ միջնորդություն է հարուցվել խափանման միջոց կալանք ընտրելու մասին: Դատարանների կողմից մերժվել է 62 միջնորդություն, մերժելուց հետո դատախազների կողմից բողոքարկվել է  29 որոշում, որից բավարարվել է 14-ը: 152 մեղադրյալի նկատմամբ կալանքը փոխարինվել է գրավով:

Նախապատրաստվել է 7.401 նյութ, որից 3.124-ով հարուցվել է քրեական գործ, 4.061-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 49 որոշում:

Քննարկվող ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով պետությանը պատճառված 1.556.540.084 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 849.674.593 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 2.322.093.376 ՀՀ դրամ վնասից՝ 115.746.351 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 1.495.463.111 ՀՀ դրամ վնասից՝ 371.919.833 ՀՀ դրամը:

Դատախազների կողմից տրված գրավոր ցուցումների և դրանց դեմ ներկայացվող առարկությունների վիճակը.

2018թ. ընթացքում նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 1.729 ցուցում: Ցուցումների վերաբերյալ քննիչների կողմից վերադաս դատախազներին ներկայացվել է 155 գրավոր առարկություն, սակայն միայն 5 դեպքում են վերադաս դատախազների կողմից առարկությունները ճանաչվել հիմնավորված և վերացվել  հսկող դատախազների     ցուցումները, որից 1-ը բավարարվել է մասնակի:

Հսկող դատախազի որոշումների և ցուցումների վերաբերյալ քննիչի կողմից վերադաս դատախազին գրավոր առարկություններ ներկայացնելու ընթացակարգը վիճելի է, քանի որ չի բավարարում իրավական վեճերի լուծման անաչառության սկզբունքին: Հսկող դատախազի կողմից կայացվող որոշումները, քննիչին տրվող ցուցումներն առհասարակ գործնականում  նախապես համաձայնեցվում են անմիջական վերադաս դատախազի հետ, և երբ քննիչը  հսկող դատախազի ակտերի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում, ապա, որպես կանոն, անմիջական վերադաս դատախազը մերժում է քննիչի առարկությունը՝   հսկող դատախազի ցուցումը թողնելով ուժի մեջ: Այդ մասին են փաստում ներկայացված թվերը: Կարծում ենք, որ դատախազության և նախաքննության մարմինների՝ որպես ինքնուրույն սահմանադրական մարմինների միջև հատկապես իրավասության վերաբերյալ վեճերը պետք է լուծվեն անաչառության սկզբունքի վրա կառուցված իրավական ընթացակարգերով, որի պայմաններում կպահպանվի իրավունքի վերաբերյալ այն աքսիոման՝  ըստ որի  վեճը լուծող մարմինը միաժամանակ չի   կարող  լինել վեճի  կողմ:

Սպանության, սպանության փորձերի, զինված ուժերում մահվան դեպքերի, առերևույթ ընտրախախտումների, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի, ինչպես նաև  տարբեր բնագավառներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վիճակը.

Սպանության և սպանության փորձերի դեպքերով Կոմիտեի վարույթում քննվել է 47 քրեական գործ, որից 30-ը՝ սպանության, 17-ը՝ սպանության փորձի վերաբերյալ, բացահայտվել է սպանության 27 և սպանության փորձի՝ 13 դեպք: 14 քրեական գործ ուղարկվել է դատարան, 1-ի վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 1 գործի վարույթ կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 31-ով նախաքննությունը շարունակվում է: Նշված 31 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել  24 անձ, որից 21-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Ներկայումս վարույթում քննվում է նախորդ և 2018թ.-ին կատարված սպանության և սպանության փորձի դեպքերի առթիվ հարուցված 41 քրեական գործ, որից 10-ը՝ նախկին տարիների:

Զինված ուժերում 37 մահվան դեպքերով Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների կողմից քննվել է 31 քրեական գործ, որից 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության, 1-ը՝ սպանության, 11-ը՝ ինքնասպանության, 2-ը՝ մարտական ծառայության կանոնները խախտելու, 2-ը՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, 3-ը՝ (6 անձի մահվան ելքով) ավտովթարի, 1-ը՝ ականի պայթյունի, 1-ը՝ (2 անձի մահվան ելքով) թռիչքների կանոնները խախտելու, 2-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը՝ հիվանդության դեպքի վերաբերյալ: Նշված գործերից 2-ն ուղարկվել է դատարան, 3-ի վարույթը կարճվել է, որից 2-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 1-ը՝ 13-րդ կետով, 5-ի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 1-ը՝ միացվել է այլ քրեական գործի, 20-ով նախաքննությունը շարունակվում է: Ընթացիկ քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել  14 անձ, որից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ կալանավորումը փոխարինվել է գրավով, 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 2-ը՝ հանձնվել են հրամանատարության հսկողությանը: Ներկայումս վարույթում քննվում է 28 քրեական գործ, որից 20-ը՝ 2018թ., իսկ 8-ը՝ նախորդ տարիներին կատարված դեպքերով:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ առերևույթ ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և դրա ստորաբաժանումներում ստացված 30 հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով (19-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու, իսկ 11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ) որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով մերժելու մասին:

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ  ընտրությունների ժամանակ արձանագրված առերևույթ ընտրական խախտումների հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ ստացված 91 հաղորդման կապակցությամբ (76-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու, 6-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 3-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, 2-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 2-ն՝ ընտրակաշառքի, 1-ը՝ կեղծ դրոշմանիշ իրացնելու, 1-ը՝ քվեարկության արդյունքները կեղծելու) նախապատրաստված նյութերից 86-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով մերժելու մասին: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2 որոշում վերացվել է հսկող դատախազների կողմից և հարուցվել են քրեական գործեր, 5 այլ նյութով ևս հարուցվել են քրեական գործեր, որից 2-ն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, 5-ով նախաքննությունը շարունակվում է:

Լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերով Կոմիտեի վարույթում քննվել է 12 քրեական գործ, որից 3-ը՝ 4 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 1-ի վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 2-ը միացվել են այլ գործերի, 1-ն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, 1-ի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  կետով, 4-ով՝ նախաքննությունը շարունակվում է: Ընթացքի մեջ գտնվող քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել  2 անձ, վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կամ նրանց գույքը վնասելու, ոչնչացնելու դեպքերով Կոմիտեի վարույթում քննվել է 23 քրեական գործ, որոնցից՝ 6-ը՝ 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 14 քրեական գործ միացվել է այլ գործերի, 1 գործի վարույթ կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով: Ներկայումս վարույթում քննվում է 2 քրեական գործ, որոնցով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, որից 13-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 5-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով:

Կրթական հաստատություններում չարաշահումների դեպքերով Կոմիտեի վարույթում քննվել է 116 քրեական գործ, որից 4-ը՝ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան,  29 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 17-ը՝ արդարացման հիմքով, 12-ը՝ ոչ արդարացման, 7 քրեական գործ միացվել է այլ գործերի, 1 գործի վարույթ կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: Ներկայումս վարույթում քննվում է 75 քրեական գործ: Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 48 անձ, որից 45-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 1-ի նկատմամբ՝ անձնական երաշխավորությունը, 1-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինվել  է գրավով, ևս 1-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Մեղադրյալ ներգրավված 48  անձանցից 26-ը եղել  են հաստատության տնօրեններ, 1-ը՝ փոխտնօրեն, 2-ն՝ ուսուցիչ, 1-ը՝ պրոռեկտոր, 15-ը՝ նյութական պատասխանատու և այլ աշխատակիցներ, 3-ը՝ քաղաքացիական անձինք: Քրեական գործերով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 65.962.951 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 42.734.068 ՀՀ դրամը: Կալանք է դրվել 22.000.000 դրամ ընդհանուր արժողությամբ 2 անշարժ գույքի վրա:

Բժշկական հաստատություններում չարաշահումների դեպքերով Կոմիտեի վարույթում քննվել է 46 քրեական գործ: Քրեական գործերից 4-ը՝ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան,  8 գործի վարույթը կարճվել է, որից 5-ը՝ արդարացման, 3-ը՝ ոչ արդարացման հիմքով: Ներկայումս վարույթում քննվում է 34 քրեական գործ: Քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 27 անձ, որից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով, 24-ի նկատմամբ՝ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրյալներից 12-ը եղել են հաստատության տնօրեն, 1-ը՝ գլխավոր հաշվապահ, 1-ը՝ գանձապահ, 2-ը՝ պահեստապետ, 10-ը՝ բժիշկ, 1-ը՝ վարորդ:

Գործերով պատճառված գույքային վնասը կազմել է 119.665.670 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 43.479.941 ՀՀ դրամը: Կալանք է դրվել 430.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի վրա:

Տեղական ինքնակառավարման մարմիններում (այսուհետ՝ ՏԻՄ) չարաշահումների դեպքերով Կոմիտեի վարույթում քննվել է 234 քրեական գործ, որից 12-ը՝ 12 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 66-ի վարույթը կարճվել է, որից 28-ը՝ ոչ արդարացման հիմքով, 38-ը՝ արդարացման, 58 քրեական գործ միացվել է այլ գործերի: Ներկայումս վարույթում քննվում է 98 քրեական գործ: Քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 71 անձ, որից 68-ը՝ համայնքի ղեկավար, 1-ը՝ տեղակալ, 1-ական՝ ՏԻՄ այլ ծառայողներ: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործերով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 174.855.081 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 98.431.551 ՀՀ դրամը: Կալանք է դրվել 25.130.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վրա:

Սոցիալական ծառայության մարմիններում չարաշահումների դեպքերով Կոմիտեի վարույթում քննվել է 126 քրեական գործ, որից 3 քրեական գործ 8 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է դատարան, 30 քրեական գործի վարույթը կարճվել է, որից 23-ը՝ արդարացման, 7-ը՝ ոչ արդարացման հիմքով, 1 քրեական գործի վարույթ կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 48-ը միացվել է այլ գործերի: Ներկայումս 44 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 84 անձ, որից 63-ը՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակից (4-ը՝ սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետ, 59-ը՝ սոցիալական ծառայության գլխավոր, առաջատար, 1-ին կարգի մասնագետ), 21-ը՝ «Հայփոստ ՓԲ ընկերության: Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 4 դեպքում կալանավորումը փոխարինվել է գրավով, 3 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական գործերով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 615.536.400 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 79.638.200 ՀՀ դրամը: Կալանք է դրվել պատճառված գույքային վնասին համարժեք բանկային 15 հաշիվների, 35 անշարժ և 6 շարժական գույքի վրա: 

Ապօրինի անտառահատումների դեպքերով Կոմիտեի վարույթում քննվել է 120 քրեական գործ, որից 12-ը՝ 12 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան,  17 գործի վարույթ կարճվել է, որից 12-ն արդարացման հիմքով, 5-ը՝ ոչ արդարացման, 10 գործ միացվել է այլ գործերի, 40-ի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 41-ով նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 15 անձի, որից 2-ը՝ անտառապետ, 13-ը՝ քաղաքացիական անձինք: 15-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից 1-ի նկատմամբ կալանավորումը փոխարինվել է գրավով:

Քրեական գործերով պատճառված գույքային վնասը կազմել է 505.471.270 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 7.882.000 ՀՀ դրամը: Կալանք է դրվել 20.255.000 ՀՀ դրամ արժողությամբ 4 միավոր անշարժ գույքի վրա: 

Տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերով Կոմիտեի վարույթում քննվել է 27 քրեական գործ, որից 7-ի վարույթը կարճվել է ոչ արդարացման հիմքով, 2 քրեական գործ միացվել է այլ քրեական գործի, 18 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրյալներից 5-ը եղել են կազմակերպությունների տնօրեններ, 1-ը՝ փոխտնօրեն, 1-ը՝ տեխնիկական զննման կայանի պետ: Պետությանը պատճառված գույքային վնասի չափը կազմել է 2.369.510.788 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 708.328.568 ՀՀ դրամը, կալանք է դրվել 1.358.154.023 ՀՀ դրամ արժողությամբ շարժական և անշարժ գույքի վրա:

Զինված ուժերում արձանագրված չարաշահումների դեպքերով.

Վառելիքաքսուքային նյութեր.

Կոմիտեի վարույթում քննվել է 57 քրեական գործ, որից 17-ն ուղարկվել է դատարան, 10-ով՝ վարույթը կարճվել, 3-ով՝ կասեցվել, 2 գործ միացվել է մեկ վարույթում, 25-ով՝ նախաքննությունը  շարունակվում է: Նշված գործերով մեղադրանք է առաջադրվել 76 անձի, որից 75-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 1-ը հանձնվել է հրամանատարության հսկողությանը: Պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 98.532.483 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 20.353.487 ՀՀ դրամը:

Զինվորական պարագաներ.

Կոմիտեի վարույթում  քննվել է 36 քրեական գործ, որից 8-ն ուղարկվել է դատարան, 5-ի վարույթը կարճվել, 6-ի վարույթը կասեցվել, 1-ը միացվել է այլ գործի, 16-ով նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 24 անձի, որից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 22-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 39.297.797 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 14.246.282 ՀՀ դրամը:

Սպառազինություն, զենք-զինամթերք.

Կոմիտեի վարույթում  քննվել է 32 քրեական գործ, որից 9-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 5-ի վարույթը կարճվել է, 10-ինը՝ կասեցվել, 8-ով նախաքննությունը շարունակվում է:

Քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 16 անձի, որից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 10-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, 4-ը հանձնվել են՝ հրամանատարության հսկողությանը: Պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 409.483.024 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 2.327.944 ՀՀ դրամը:

Զինվորական տեխնիկա և ավտոպահեստամասեր.

Կոմիտեի վարույթում  քննվել է 13 քրեական գործ, որից 4-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել  է դատարան, 2-ի վարույթը կարճվել է, 7-ով նախաքննությունը  շարունակվում է: Նշված գործերով մեղադրանք է առաջադրվել 9 անձի, որից 8-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 1-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով: Պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 775.198.095 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1.664.674 ՀՀ դրամը:

Դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ.

Կոմիտեի վարույթում քննվել է 1 քրեական գործ, որի նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի, 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 63.000.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 3.000.000 ՀՀ դրամը:

2018թ. ընթացքում Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն) վարույթում քննվել է 369 քրեական գործ։ Նախորդ տարվանից փոխանցվել է 55 քրեական գործ, վարույթ է ընդունվել 314 գործ,  հարուցվել է 60 գործ, անջատվել է 26 գործ, այլ մարմնից ստացվել և վարույթ է ընդունվել 161 քրեական գործ։ Նախկինում կասեցված գործերից վերսկսվել է 44-ը, վարույթ է ընդունվել դատախազի կողմից հարուցված 22 քրեական գործ:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 87 քրեական գործ, որից 48-ը՝ 112 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատախազին, 39 քրեական գործի վարույթ կարճվել է, 98 քրեական գործով վարույթը կասեցվել է (առավելապես կիբեռհանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր), որից 85-ը՝ հանցանք կատարած անձի անհայտ լինելու պատճառով (գերակշիռ մասը կիբեռհանցագործությունների վերաբերյալ գործեր են), 13-ը՝ մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։  Վարույթում քննված գործերից 20-ն ուղարկվել է այլ մարմին, 2019թ. փոխանցվել է 85 քրեական գործ։

2018թ. ընթացքում 1 քրեական գործ վերադարձվել է լրացուցիչ նախաքննության, որը կրկին նույն մեղադրանքով ուղարկվել է  դատարան, 1 քրեական գործով վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը, որով ներկայումս նախաքննությունը շարունակվում է, քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ չեն վերացվել:

2018թ. ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվել է  28 նյութ, որոնցից 10-ով հարուցվել է քրեական գործ, 16-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 2 նյութ ուղարկվել է այլ մարմին:

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննարկվող ժամանակահատվածում քննված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով պետությանը պատճառված 138.099.249 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 16.680.039 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց պատճառված 1.608.290.669 ՀՀ դրամ վնասից՝ 41.667.380 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց պատճառված 12.724.985 ՀՀ դրամ վնասից՝  7.791.290 ՀՀ դրամ:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով 3 միջնորդագիր է ներկայացվել պատկան մարմիններին:

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում մշտապես քննվել և քննվում են բազմադրվագ, առանձին բարդություն ներկայացնող, հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործեր, մասնավորապես՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների հատկացված դրամաշնորհային ծրագրերի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 907.281.869.7 ՀՀ դրամի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Հիշյալ քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել թվով 19 անձի, այդ թվում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերը համակարգող աշխատակցին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Նախաքննության ընթացքում մեղադրյալների կողմից որպես ԵՄ պատվիրակությանը պատճառված վնասի վերականգնում Կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվեհամարին վճարվել է ընդհանուր 34.436.000 ՀՀ դրամ, որոշում է կայացվել մեղադրյալներին պատկանող շարժական և անշարժ գույքի վրա կալանք դնելու մասին, այդ թվում՝ ավտոմեքենաներ, բնակարաններ և առանձնատներ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության աշխատակցի անհատական բանկային պահատեղիից առգրավված՝ հանցավոր ճանապարհով ձեոք բերված 120.000 եվրոն և ոսկյա զարդերը ճանաչվել են իրեղեն ապացույց և հանձնվել են ՀՀ կենտրոնական բանկի պահպանությանը, արգելանք է դրվել նաև վերջինիս բանկային հաշվեհամարներում առկա դրամական միջոցների վրա:

Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ, մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հարցաքննվել են 900-ից ավելի անձինք, կատարվել են շուրջ 100 խուզարկություններ, առգրավումներ և այլն:

14 մեղադրյալի նկատմամբ գործն անջատվել է առանձին վարույթում, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

2017թ. հունիսի 13-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ Վլադիմիր Դավթյանի կողմից նույն քաղաքի Շահումյան 20 հասցեում Կամո Փիրուզյանի մարմնի տարբեր մասերին կրակելու և ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցված  քրեական գործը ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ ընդունելուց հետո հարցաքննվել են 100-ից ավելի վկաներ, կատարվել են շուրջ 5 տասնյակ խուզարկություններ, նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, առերեսումներ, ինչպես նաև բազմաթիվ քննչական ու այլ դատավարական գործողություններ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ Վահագն Աբգարյանին մեղադրանք Է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով - 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, Վլադիմիր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6– րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, Մանվել Ռամազյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235֊րդ հոդվածի 1-ին մասով և նրանց վերաբերյալ քրեական գործից անջատված մասերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, ինչպես նաև մի շարք պաշտոնատար անձանց կողմից շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու վերաբերյալ գործի մասն անջատվել է առանձին վարույթում և նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

2018թ. ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել համակարգչային տեխնիկայի կիրառմամբ կատարված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի բացահայտման ուղղությամբ։ 2018թ. նշված բնույթի 13 գործով բացահայտվել է 75 հանցագործության դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածի 17 դեպքի համեմատ։

Բացահայտված քրեական գործերից 6 գործ 7 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 2 քրեական գործի վարույթ կարճվել է մեղադրյալի կամ կասկածյալի հետ տուժողի հաշտվելու հիմքով, 1 գործ՝ համաներման հիմքով, 4 գործով նախաքննությունը շարունակվում է, դրանցով որպես մեղադրյալ ներգրավված է 12 անձ։

ՀԿԳ քննության գլխավոր վարչության ծառայողները մասնագիտական գիտելիքների խորացման նպատակով մասնակցել են բազմաթիվ սեմինարների և քննարկումների, շարունակվում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և դրանց մարմինների հետ:

Քրեական գործերի քննության ընթացքում առանձին հանցատեսակներով մշակվել են քննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված մեխանիզմներ, պարբերաբար կազմակերպվել են քննարկումներ՝ ՀՀ օրենքների նախագծերի և այլ իրավական ակտերի վերաբերյալ, հաշվի առնելով ՀԿԳ քննության գլխավոր վարչության իրավակիրառ պրակտիկան՝ ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ:

Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ ԶՔԳՎ) վարույթում քննվել է 4.872 քրեական գործ, որից 716-ը փոխանցվել է 2017թ.-ից: Նախորդ տարվա համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 560-ով  կամ  12,9 %-ով: Վարույթում քննված 4.872 քրեական գործից 1.942-ը հարուցել են ԶՔԳՎ քննիչները, 185-ը ստացվել է այլ մարմնից,  1.416 քրեական գործով վարույթը վերսկսվել է: Քննարկվող ժամանակահատվածում քննված 4.872 քրեական գործից ավարտվել է 2.493-ի կամ 51.1%-ի նախաքննությունը:

Ավարտված 2.493 քրեական գործից 612-ը` 915 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազներին, կարճվել է 1.881 քրեական գործի վարույթ, 1.177 քրեական գործի վարույթ  կասեցվել է:

2018թ. նախապատրաստվել է 2.661 նյութ, որից 1.776-ով հարուցվել է քրեական գործ, մերժվել է քրեական գործի հարուցումը 858 նյութով:

ԶՔԳՎ-ում քննարկվող ժամանակահատվածում քննված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով  պետությանը պատճառված 488.442.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 421.643.000 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված  1.749.000 ՀՀ դրամ գույքային վնասից՝ 1.351.000 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 6.688.000 ՀՀ դրամ գույքային վնասից՝ 3.882.000 ՀՀ դրամը:

Կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչությունը  2018թ. ընթացքում, իրականացնելով իրավական ակտերով և Կոմիտեի  կանոնադրությամբ սահմանված գործառույթները, կատարել է որոշակի աշխատանքներ ԶՔԳՎ ստորաբաժանումների միատեսակ, օրենքով սահմանված նախաքննական գործառույթն արդյունավետ իրականացնելու և այդ գործունեության ընթացքում ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ, բացի այդ, ԶՔԳՎ վերահսկողության վարչությունն ապահովել է ՀՀ ՊՆ ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը և 5 տարբեր աշխատանքային խմբերում ներկայացուցչությունը:

Քննության որակը բարձրացնելու և աշխատանքային կարգապահությունն ապահովելու նպատակով նախապատրաստվել է Կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի 15 հանձնարարականի և հրամանի նախագիծ, քննարկվել և կարծիք է ներկայացվել 47 իրավական ակտի նախագծի վերաբերյալ, դատախազական, հետաքննական և նախաքննական տարբեր մարմիններից ստացվել, ուսումնասիրվել և ըստ ենթակայության է ուղարկվել 127 քրեական գործ, 100 նյութ և 1 հաղորդում:

Քննարկվել և պատասխանվել  է 393 դիմումի ու միջնորդության, տարբեր մարմիններից, կազմակերպություններից ստացված 113 գրության, պատրաստվել է  ընդդեմ Հայաստանի Հանրապետության ՄԻԵԴ ներկայացված 8 գանգատի պատասխան: Կոմիտեի դեպարտամենտի արխիվ ուղարկելու նպատակով վերահսկողության վարչությունում ստացվել և ուսումնասիրվել է կայազորային քննչական բաժիններում վարույթը կարճված 1.084 քրեական գործ:

Ապահովելով իրավական ակտերով նախատեսված համագործակցությունը ՀՀ ՊՆ ԶՍՊ, ԱՀՏԱ, կադրերի և ռազմական կրթության, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի, կազմզորահավաքային վարչությունների հետ, նշված ստորաբաժանումներից ստացվել է 274 հարցում, որոնց կապակցությամբ տրվել են սպառիչ պատասխաններ, իսկ վարչության նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությանը տրամադրվել է 1.500-ից ավելի ծառայողի վերաբերյալ տեղեկատվություն, բացի այդ, յուրաքանչյուր ամիս տեղեկատվություն է ներկայացվել` տվյալ ամսվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված սպաների վերաբերյալ:

Կոմիտեի ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով վերահսկողության վարչության միջնորդությամբ և ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանման ծառայողների ուժերով իրականացվել են մասնագիտական ստուգումներ:

2018թ. ԶՔԳՎ վերահսկողության վարչության միջնորդությամբ ապահովվել է պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին 9 որոշումների պահանջների կատարումը, ինչպես նաև իրականացվել է պաշտպանվող 1 անձի զորացրումը: Բացի այդ, ԶՔԳՎ միջնորդությամբ 9  ծառայող տեղափոխվել և ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ ՌՈ և այլ զորամասերում: Նշված ժամանակահատվածում 8 միջնորդություն է ներկայացվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին` վարույթը կարճված գործերով մեղադրյալներին պահեստազորում  հաշվառելու համար:

Վերահսկողության վարչությունում իրականացվել են զինվորական ծառայություն անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով քրեական գործերի և ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերի,  քրեական գործերով հսկող դատախազների ցուցումների և որոշումների, դրանց վերաբերյալ քննիչների գրավոր առարկությունների, քննչական բաժնի պետերի կողմից իրենց անմիջականորեն ենթակա քննիչներին տրված ցուցումները դատախազներին բողոքարկելու պրակտիկայի, մահվան ելքով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների պատճառների, դրանց նպաստող պայմանների, քրեական գործերի քննության ժամկետների  ուսումնասիրություն և ամփոփում,  շարունակվել են իրականացվել նախաքննության, հանցավորության առանձին բնագավառների վերլուծություններ (նախաքննության ժամկետներ, ինքնասպանություններ, սպաների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործություններ, անդամախեղումներ, մահվան ելքով, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքեր), որոնց արդյունքներով համապատասխան առաջարկություններ են ներկայացվել շահագրգիռ կազմակերպություններին: Վերահսկողության տակ են պահվել չորս ամսից ավելի ժամկետում քննվող քրեական գործերը, միջոցներ են ձեռնարկվել նախաքննության ժամկետների հնարավոր ձգձգումները կանխելու, կայազորային քննչական բաժինների ծանրաբեռնվածությունը կարգավորելու ուղղությամբ:

Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական  վարչությունների վարույթում քննվել է 20.413 քրեական գործ, հարուցվել է 3.938 գործ, այլ մարմնից ստացվել և վարույթ է ընդունվել  1.076 քրեական գործ: Այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից ստացվել է 6 քրեական գործ: Վերսկսվել է 2.646 քրեական գործի վարույթ:

Քննարկվող ժամանակահատվածում ավարտվել է 6.945 քրեական գործ, որից 2.025-ը՝ 2.410 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատախազություն, 4.849 քրեական գործի վարույթ կարճվել է, 6.720 քրեական գործի վարույթ կասեցվել է։

2018թ. նախապատրաստվել է 4.712 նյութ, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 1.505, մարզերում` 3.207), որից 1.338-ով հարուցվել է քրեական գործ, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 481, մարզերում` 857), մերժվել է քրեական գործի հարուցումը 3.187 նյութերով, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 970, մարզերում` 2.217):

2018թ. ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների, ինչպես նաև մարզային քննչական վարչությունների վարույթում ավարտված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով  պետությանը,  ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատճառվել է 5.472.102.668 ՀՀ դրամի վնաս, որից 3.283.998.835 ՀՀ դրամը` պետությանը, 1.476.050.126 ՀՀ դրամը` ֆիզիկական անձանց, իսկ 712.053.707 ՀՀ դրամը` իրավաբանական անձանց: Պատճառված վնասից վերականգնվել է 834.326.068 ՀՀ դրամը, որից՝ պետությանը պատճառված 401.351.554 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 360.246.543 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 72.727.971 ՀՀ դրամը:

Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը. (այսուհետ՝ Վերահսկողության գլխավոր վարչություն) 2018թ. ընթացքում համակարգել է Կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների գործունեությունը, ապահովել է  դատավարական վերահսկողությունը, ուսումնասիրել է տարածքային մարմինների և ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական գործերով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը, քննության առանձին բնագավառները, վերլուծել և ամփոփել դրանք, միջոցառումներ է ձեռնարկել այդ բնագավառներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ, ուսումնասիրել է առանձնակի բարդություն կամ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը և միջոցառումներ է ձեռնարկել նախաքննության կազմակերպման ընթացքում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:

Քրեական գործերով կազմվող դատավարական փաստաթղթերի որակը բարձրացնելու և դատավարական նորմերի պահանջները պահպանելու նպատակով շարունակվել է քրեական գործի ընթացքը լուծող դատավարական որոշումների, մեղադրական եզրակացությունների նախագծերի ուսումնասիրությունը: Ուսումնասիրվել է 415 որոշման նախագիծ:

Վերահսկողության գլխավոր վարչությունում ուսումնասիրվել և կարծիք է ներկայացվել Կոմիտեի նախագահի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ 37 նախագծերի վերաբերյալ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացվել է 56 հարցում, որոնցից 50-ը քննարկվել են գլխավոր վարչությունում, 2-ն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին, 4-ը՝ Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն, պատրաստվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված 3 գանգատի պատասխան:

2018թ. ստացվել և քննարկվել է 1.040 դիմում, որից 221-ը՝ կրկնակի: Վերահսկողության գլխավոր վարչությունում ստացվել և քննարկվել է նաև տարբեր պետական և տեղական ինքնակառավարման, արդարադատության մարմիններից, կազմակերպություններից, զանգվածային լրատվամիջոցներից ստացված 347 հարցում, ստուգվել և դեպարտամենտի արխիվ է հանձնվել վարույթը կարճված 4.707 քրեական գործ:

Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ հսկողություն է սահմանվել պետական կառավարման տարբեր ոլորտներում դրսևորված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերի նախաքննության նկատմամբ:

2018թ. Վերահսկողության գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների ծառայողները համատեղ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում իրականացրել են ուսումնասիրություններ: Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների գործունեության ստուգումների, քաղաքացիների դիմումների:

Բացի հիմնական գործառույթների իրականացումը, որոշ դեպքերում, Վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացվել է մինչդատական վարույթ, մասնավորապես՝ 2018թ. վարույթ է ընդունվել 10 քրեական գործ, որից 2-ի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով և վարույթը կարճելով, 2-ը միացվել են այլ գործերի, 5-ն ուղարկվել է տարածքային համապատասխան ստորաբաժանումներ՝ նախաքննությունը շարունակելու համար, 1-ով նախաքննությունը շարունակվում է:

Քննարկվող ժամանակահատվածում ՀՀ դատախազությունից, ՀՀ ոստիկանությունից, Կոմիտեի ստորաբաժանումներից ստացվել է 527 քրեական գործ և 21 նյութ, որոնք ուսումնասիրվել և ուղարկվել են ըստ ենթակայության կամ այլ գործերի միացնելու և մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար:

Քննարկվող ժամանակահատվածում Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունն աշխատանքներ է իրականացրել հետևյալ հիմնական ուղղություններով՝ քրեագիտական աջակցություն, չբացահայտված քրեական գործերի ուսումնասիրություն, Կոմիտեի ստորաբաժանումների գործունեության ստուգում, տարբեր հանցագործությունների քննության առանձնահատկությունների, քննչական գործունեության առանձին ոլորտների ուսումնասիրություն, ամփոփում և վերլուծություն, քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործում և այլն:

Վարչության ծառայողները առանձնապես ծանր և հնչեղություն ստացած հանցագործությունների դեպքերով մասնակցել են դեպքի վայրի զննությանը, վարույթն իրականացնող քննիչներին և քննչական խմբերին ցուցաբերել են պրակտիկ և խորհրդատվական օգնություն, մասնակցել են այդ գործերով անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների պլանավորման և քրեական գործերի հետագա քննության պլանների կազմման գործընթացներին:

Ի կատարումն Կոմիտեի նախագահի 20.08.2018թ. թիվ 115-Լ և 03.09.2018թ. թիվ 144-Լ հանձնարարականների՝ Կոմիտեի ստորաբաժանումներից պահանջվել են 1998-2018 թվականների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերով դեպքի վայրի զննության արձանագրությունները, փորձաքննություն նշանակելու մասին որոշումները, փորձագետի եզրակացությունները, իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումները և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները: Ուսումնասիրության արդյունքում առանձին գործերով գրություններ են ուղարկվել համապատասխան ստորաբաժանումներ՝ գործերի բացահայտման վրա բացասաբար անդրադարձած թերացումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ կոնկրետ քննչական և այլ դատավարական գործողություններ ձեռնարկելու առաջարկություններով, իսկ 1 քրեական գործի ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացվել քրեական գործի հետագա նախաքննությունը Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունում շարունակելու մասին:

Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունը Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ համապատասխան հանձնարարականների կատարման վիճակն ուսումնասիրելու նպատակով իրականացրել է ծառայողական գործուղումներ, քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման ուղղությամբ աշխատանքների իրականացման շրջանակներում համակարգել  է Կոմիտեի նախագահի 01.06.2017թ. թիվ 88-Լ հրամանով նախատեսված՝ քննիչների անհատական ուսումնառության գործընթացը:

Վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ Վճռաբեկ և Մարդու իրավունքների եվրոպական  դատարանի  մի շարք որոշումներ,  ուսումնասիրության արդյունքում մշակվել է շրջաբերական, որն ուղարկվել է Կոմիտեի մարմիններ և ստորաբաժանումներ, շուրջ 40 իրավական ակտերի նախագծերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ ներկայացվել է  կարծիք:

2018թ. ընթացքում Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ստացվել է 207 միջնորդություն, իրականացվել է 194 նախնական ուսումնասիրություն, 85 ստուգում, ընթացք է տրվել  266 դիմումի:

Նախնական ուսումնասիրությունների թիվը 2017թ. համեմատ աճել է 73-ով: Նախորդ տարվա քննարկվող ժամանակահատվածի համեմատ 23-ով ավելացել է ստուգումների քանակը, իսկ դիմումների թիվն աճել է 166-ով:

Կատարված նախնական ուսումնասիրությունների համար առիթ է հանդիսացել Կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից ստացված 134 միջնորդություն (2017թ՝ 113), այսինքն` ՀՀ դատախազությունից ստացված միջնորդությունների քանակը 2017թ. համեմատ աճել է 21-ով: Ստացված 134 միջնորդությունների առթիվ կատարվել է 122 նախնական ուսումնասիրություն: Նախնական ուսումնասիրության արդյունքներով Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից 19 դեպքում հարուցվել են կարգապահական վարույթներ, 15 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի:

Կոմիտեի նախագահի տեղակալներից, մարմինների և ստորաբաժանումների պետերից ստացված 68 միջնորդությունների առթիվ իրականացված նախնական ուսումնասիրություններից 17-ի արդյունքներով՝ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ, 21 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, 45-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել:

Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, փաստաբաններից,  ՀՀ քաղաքացիներից ստացված 5 միջնորդությունների առթիվ կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից 1 դեպքում հարուցվել է կարգապահական վարույթ, 1 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի:

2018թ. ընթացքում վերսկսկվել է նախկին տարիներին կասեցված 2 նախնական ուսումնասիրության վարույթ, Կարգապահական հանձնաժողովում անհրաժեշտ քվորում չլինելու պատճառով հարուցված 4 կարգապահական վարույթների իրականացումը եղել է անհնար: 2 նախնական ուսումնասիրության վարույթ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ ուղարկվել է կարգապահական հանձնաժողովին, որոնցով դեռևս որոշումներ չեն կայացվել: 20 նախնական ուսումնասիրության նյութ փոխանցվել է 2019թ., նախնական ուսումնասիրության 2 վարույթ կասեցվել է:

Վարչությունում իրականացված 194 նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ քրեադատավարական օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ կատարելու համար Կոմիտեի 37 ծառայողների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, որից 30-ի նկատմամբ՝ «զգուշացում»,  4-ի նկատմամբ՝ «նկատողություն», 1-ի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում՝  մեկ աստիճանով», 2-ի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում»:

Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2018թ. ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 180 հարցում, որոնցից 121-ը կատարվել է ամբողջ ծավալով, 13-ը կատարվել է մասնակի, (անձանց՝ ՀՀ տարածքից բացակայության հիմքով, ՀՀ անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի տվյալներով հարցմամբ ներկայացված անհատական տվյալներով անձ ՀՀ-ում հաշվառված չլինելու հիմքով, բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հայցում առանց դատարանի որոշում ներկայացնելու) 4 հարցման կատարում մերժվել է, որոնցից 1-ն՝ արարքը ՀՀ օրենսդրությամբ քրեորեն պատժելի չլինելու հիմքով, 2-ը` ՀՀ օրենսդրությանը հակասելու պատճառաբանությամբ (հայցվել են անհատական տվյալներ առանց դատարանի որոշում ներկայացնելու), իսկ 1-ը՝ Հարցման հայերեն թարգմանությունը պատշաճ ապահովված չլինելու հիմքով, 16 հարցման պահանջ կատարել հնարավոր չի եղել՝ անձանց՝ ՀՀ տարածքից բացակայելու հիմքով, իսկ 26 Հարցում փոխանցվել  է  2019թ.:

Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին քննարկման է ներկայացվել իրավական օգնություն ցույց տալու մասին 317 հարցում, որոնցից 308-ը՝ լրամշակվելուց հետո ուղարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, 9-ը՝ լրամշակման վերադարձվելուց հետո այլևս չի ստացվել:

308 հարցման պահանջների կատարումն օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից ապահովվել է ամբողջ ծավալով, 9 հարցմամբ ստացվել են հայցվող դատավարական գործողությունների որոշակի մասի կատարմամբ նյութեր, մնացած մասերով հարցումները 2018թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ գտնվել են կատարման փուլում, 8 հարցման կատարում մերժվել է. 6-ը՝ նվազ կարևորության հիմքով (ԱՄՆ), 2-ը՝ հայցվող պայմանավորվող պետության օրենսդրությանը հակասելու հիմքով, 7 հարցման պահանջները չեն կատարվել հայցվող անձանց՝ հայցվող պայմանավորվող պետությունների տարածքներում չհայտնաբերելու հիմքով: 186 հարցում 2018թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ գտնվել է կատարման, իսկ 44-ը՝ թարգմանության փուլում:

Բացի այդ, 2018 թվականի ընթացքում Բաժնի վարույթում են եղել օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին 2014-2017 թվականներին ուղարկված 332 Հարցում, որից 133-ը կատարվել է ամբողջ ծավալով, 3 Հարցման կատարման անհրաժեշտությունը վերացել է՝ նախաձեռնողի պահանջով, 13 Հարցում կատարվել է մասնակի, 5-ի կատարումը մերժվել է՝ 4-ը՝ նվազ կարևորության հիմքով (ԱՄՆ), 1-ը՝ հայցվող տեղեկատվությունը չպահպանվելու հիմքով, իսկ 178 Հարցում 2018թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ գտնվել է կատարման փուլում:

Հիմնական գործառույթների կատարումից զատ Բաժնի ծառայողների վարույթում քննվել է 4 քրեական գործ, կարծիք է ներկայացվել թվով 31 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ:

Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի կողմից Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակներում 2018թ. ընթացքում  ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ լուծելու իրավական և մի շարք կազմակերպչական բնույթի խնդիրներ:

Իրականացված աշխատանքի շնորհիվ քննարկվող ժամանակահատվածում մշակվել, շրջանառվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը, որոնք օրենքով սահմանված կարգով մտել են օրինական ուժի մեջ: Մշակվել, շրջանառվել և ստորագրման է ներկայացվել Կոմիտեի նախագահի և Կոմիտեի նախագահի տեղակալի  123 գերատեսչական իրավական ակտ, որոնցից հատկանշական են՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պրակտիկա անցնելու կարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում էլեկտրոնային եղանակով տեղեկատվական-որոնողական համակարգերից օգտվելու կարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի գործունեությամբ առաջացած փաստաթղթերի արխիվացման և ոչնչացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի ապրիլի 11-ի 20-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձագիտական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի ապրիլի 11-ի թիվ 21-Լ հրամանն ուժը կորցրած  ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերի նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունում ուսումնասիրելու վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի  2014 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 779-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների աշխատանքները պատշաճ կազմակերպելու, նախաքննության ընթացքում թույլ տրված թերությունները հնարավոր սեղմ ժամկետում հայտնաբերելու և վերացնելու վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում վարույթը կասեցված քրեական գործերը ցուցակագրելու, հանձնում-ընդունում կատարելու և վարույթ ընդունելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով վարույթը կասեցված և վաղեմության ժամկետն անցած քրեական գործերի ընթացքը որոշելու վերաբերյալ», «Մահվան ելքով դեպքերով նախաքննություն կատարելու գործընթացը կազմակերպելու վերաբերյալ» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններն ու հանձնարարականները:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել Կոմիտեի նախագահի և Կոմիտեի նախագահի տեղակալների տեղակալների 69 հրամաններում:

Քննարկվող ժամանակահատվածում Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի կողմից կազմակերպական աշխատանքների իրականացման և իրավական կառուցակարգերի մշակման արդյունքում կատարելագործվել են Կոմիտեում ներդրված «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի հնարավորությունները, ինչպես նաև ընդլայնվել է Կոմիտեի ծառայողներին առցանց հասանելի քննչական աշխատանքում անհրաժեշտ տարբեր գերատեսչությունների տեղեկատվական բազաների ցանկը: 

Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նոր կազմը (բացառությամբ՝ Օրենքով նախատեսված կարգով Հանձնաժողովի անդամ նշանակվելու 3 տարին լրացած չլինելու դեպքերի) ձևավորվել է Կոմիտեի նախագահի 2017թ. նոյեմբերի 16-ի թիվ 156-Ա հրամանով:  Կոմիտեի նախագահի և Հանձնաժողովի անդամների կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել է 42 ծառայողի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու 38 միջնորդություն, որոնք բավարարվել են և հարուցվել է կարգապահական վարույթ: Հանձնաժողովը Կոմիտեի ներքին անվտանգության վարչության կողմից ստացել և ուսումնասիրել է նախնական ուսումնասիրության արդյունքում կազմված 31 եզրակացություն:

Հարուցված կարգապահական վարույթների արդյունքում Հանձնաժողովը հաստատել է Կոմիտեի 30 ծառայողի արարքում իրավախախտման փաստի առկայությունը, իսկ 12 ծառայողի արարքում՝ իրավախախտման փաստի բացակայությունը:

Հանձնաժողովի երկու որոշումների հիման վրա Կոմիտեի նախագահի կողմից միջնորդություններ են ներկայացվել «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ կիրառելու նպատակահարմարության մասին, որոնցից մեկը բավարարվել է, մյուսի դեպքում առաջարկվել է կիրառել «կոչումի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժը:

Հանձնաժողովը վերսկսել է 1 ծառայողի նկատմամբ 2016թ.՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու պատճառով երկարաձգված վարույթը, 1 ծառայողի նկատմամբ հարուցված վարույթը կասեցվել է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցված լինելու պատճառով:

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի կողմից Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցնող 3 անձանց ցուցակից հանելու վերաբերյալ 3 միջնորդություն, որոնցից 2-ը բավարարվել է, իսկ 1-ը համապատասխան որոշմամբ մերժվել:

Կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչությունն օրենքով սահմանված կարգով մշակել, շրջանառել է ՀՀ օրենքների 24 նախագծեր, որոնց մեծ մասը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Ոստիկանության մասին»,  «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին»,  «Հայաստանի փրկարար ծառայության մասին»,   «Հրդեհային անվտանգության մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Ավիացիայի մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Օրենքների նախագծերից 8-ը գտնվում են ՀՀ կառավարությունում, մասնավորապես՝ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», որի ընդունման պարագայում Կոմիտեում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք այլևս ուսուցման ծրագիր չեն անցնի Արդարադատության ակադեմիայում, պաշտոնի կնշանակվեն գրավոր և բանավոր քննություն արդյունքների հիման վրա, ինչպես այլ քննչական մարմիններում:

Շրջանառության դրված օրենքների, ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ ներկայացվել է 73 կարծիք, Կոմիտեի ստորաբաժանումների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացվել է  10 կարծիք: Մշակվել, շրջանառվել և Կոմիտեի նախագահի, Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ստորագրմանն է ներկայացվել շուրջ 17 հրամանի նախագիծ:

Զգալի աշխատանքներ են տարվել նաև ներքին (ներգերատեսչական) շրջանառության վիճակագրական հաշվետվությունների ձևերի կատարելագործման ուղղությամբ:

Կադրային քաղաքականության, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրման ոլորտում  ծավալուն աշխատանքներ են իրականացվել: 2018թ. ընթացքում Կոմիտեում ծառայության է նշանակվել 79 թեկնածու, զբաղեցրած պաշտոնից ազատվել է 85 ծառայող:

2018թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ թափուր է 28 հաստիք:

2018թ. ընթացքում Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված մեկ հիմնական և երեք լրացուցիչ քննություններին մասնակցել է 188 դիմորդ, որից 123-ի վերաբերյալ Կոմիտեի որակավորման հանձնաժողովի որոշմամբ կայացվել է դրական եզրակացություն: Նշված թեկնածուներից  56-ը նշանակվել է տարբեր պաշտոնների, 60 թեկնածու ուղարկվել է Արդարադատության ակադեմիա` ուսումնառության դասընթացին մասնակցելու, 7-ի ուսումնառությունը հետաձգվել է: Արդարադատության ակադեմիայում ավարտական քննությանը դրական գնահատական չստանալու կապակցությամբ 3 թեկնածու հանվել է թեկնածությունների ցուցակից, 41-ը նշանակվել է տարբեր պաշտոնների:

Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժինը քննարկվող ժամանակահատվածում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում դիմումների, բողոքների ընդունման և քննարկման, քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» Կոմիտեի նախագահի 2015թ. մայիսի 4-ի  թիվ 40-Լ հրամանի համաձայն կազմակերպել է 503 քաղաքացու ընդունելություն: Ընդունելության համար դիմած քաղաքացիներին տրվել են սպառիչ պատասխաններ, քննությանն առնչվող հարցերով կազմակերպվել է ընդունելություն համապատասխան պաշտոնատար անձանց մոտ և հետևողականություն է ցուցաբերվել բարձրացված հարցերի վերաբերյալ քաղաքացիներին սահմանված կարգով և ժամկետներում հիմնավոր պատասխաներ տալու ուղղությամբ: 

Կոմիտեի վարչական շենքերի հիմնանորոգման և վերանորոգման ուղղությամբ իրականացվել են ակտիվ միջոցառումներ, մասնավորապես` քննարկվող ժամանակահատվածում հիմնանորոգվել են Կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի, Սյունիքի, Շիրակի  մարզային քննչական վարչությունների շենքերը, վերանորոգվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության շենքը:

Վարչական շենքերի համալրմանը զուգահեռ հետևողական աշխատանքներ են տարվել քննչական մարմիններում, ստորաբաժանումներում անչափահասների հարցաքննության համար հատուկ սենյակներ առանձնացնելու և կահավորելու ուղղությամբ: Ի թիվս Կոմիտեի կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժինների, Տավուշի, Արարատի,  Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզային քննչական վարչությունների, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի և Մարտունու, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի և Չարենցավանի, Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի, Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի, Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժինների, ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի և ԶՔԳՎ վարչական շենքերի, անչափահասների հարցաքննության սենյակներով են կահավորվել նաև 2018թ. ընթացքում հիմնանորոգված և վերանորոգված՝ վերը թվարկված բոլոր վարչական շենքերը:

Կոմիտեի ծառայողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերը միասնականացնելու, դատավարական ժամկետների խախտումները կանխարգելելու, նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմներ ներդնելու,  ինչպես նաև ավտոմատացված վիճակագրության հաշվառում և համակարգում իրականացնելու նպատակով քննարկվող ժամանակահատվածում շարունակվել են «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի ներդրման ու կատարելագործման ուղղությամբ տարվող  աշխատանքները: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերը «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով կազմելու և առցանց հաշվառելու մասին» Կոմիտեի նախագահի 2017թ. դեկտեմբերի 14-ի թիվ 178-Լ հանձնարարականի համաձայն Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող բոլոր մարմիններում և ստորաբաժանումներում 2018թ. հունվարի 1-ից  հետո հարուցված քրեական գործերով առանցքային նշանակություն ունեցող դատավարական փաստաթղթերը կազմվում են  «Էլեկտրոնային նախաքննություն»  ծրագրով, ինչը հնարավորություն է տալիս վարելու ավտոմատացված էլեկտրոնային վիճակագրություն: Քննիչների  մասնագիտական հմտությունները զարգացնելու և մարդու իրավունքների ոլորտի միջազգային փաստաթղթերի կիրառությունն ապահովելու նպատակով «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրում ներդրվել է «Էլեկտրոնային գրադարան» բաժինը: Ակտիվ աշխատանքներ են տարվել ծրագրի հնարավորություններն ընդարձակելու ուղղությամբ, մասնավորապես՝ ներկայումս յուրաքանչյուր քրեական գործով թղթային եղանակով լրացվող և ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ուղարկվող վիճակագրական քարտերը լրացվելու են ավտոմատացված կարգով, իսկ ուղարկման գործընթացն իրականացվելու է առցանց, ինչպես նաև Կոմիտեի ծառայողներին ներկայումս հասանելի գերատեսչությունների տեղեկատվական բազաներից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալները հասանելի են լինելու «Էլեկտրոնային նախաքննություն»  ծրագրի շրջանակներում:

Կոմիտեն հետևողականորեն շարունակելու է քննության որակի, քննիչների և ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Կոմիտեն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կանի հնարավորինս՝ հանրապետությունում հանցագործությունների դեմ տարվող պայքարին, սահմանադրական և հասարակական կարգի ամրապնդմանն օժանդակելու, մարդու, հասարակության և պետության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև օրինականության պահպանմանն առնչվող լիազորություններից բխող մյուս խնդիրներն իրականացնելու ուղղությամբ:

 

 

 Հ. Մ. Գրիգորյան



 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի