Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտարարություն՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու փորձի վերաբերյալ

30.06.2017 16:34

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

2003թ.-ի դեկտեմբերի 13-ի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակիորեն ամրագրում է, որ անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը: Մեր կողմից դա ներկայացվեց նույն օրը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին, իսկ 3-րդ մասի համաձայն՝ հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով: Հերքումն իրականացվում է դրա պահանջն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ: Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:

Սույնով shamshyan.com էլեկտրոնային լրատվամիջոցն իրազեկվում է մեր հերքման պահանջի և այն հրապարակելու առնչությամբ իրավական կարգավորումներին:

Զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը հրապարակված է «Մինչ քննչական կոմիտեի մամլո խոսնակ օրիորդը հերքում է մեր ստացած տեղեկությունները կատարված ավազակային հարձակման մասին, ոստիկանությունը հայտնաբերում է կատարողներից երկուսին» վերտառությամբ հոդվածում (աղբյուր՝  http://shamshyan.com/hy/article/2017/06/29/1071331/): Այդ հոդվածում հեղինակն անհիմն և իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ է թույլ տալիս և դուրս գալով լրատվության էթիկայի շրջանակներից՝ պիտակավորում այլ լրատվամիջոցներին և խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված իրավակարգավորումները ներկայացնում խեղաթյուրված և սուբյեկտիվ:

Հոդվածում մասնավորապես նշվում է, թե ֆոտոլրագրողը տեղեկություն ստանալու համար դիմել է քննչական կոմիտե, որտեղից հայտնել են, թե «նախաքննություն է կատարվում, ավարտին նոր կտեղեկացնեն, մինչդեռ ժամեր անց Ս. Տռուզյանը իրեն հաճո լրատվամիջոցով տարածեց տեղեկությունները»:

Ներկայացված պարբերությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաև արատավորում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև՝ կառույցի գործարար համբավը:

Նախևառաջ, ոչ Գ.Շամշյանը, ոչ էլ նշված կայքի աշխատողներից որևէ մեկը չի փորձել ստանալ տեղեկատվություն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականից կամ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ծառայողներից, համենայնդեպս որևէ նման հարցում՝ բանավոր կամ գրավոր, չի ստացվել: Առավել ևս ՔԿ-ից որևէ մեկը չի հերքել տեղի ունեցած ավազակային հարձակման փաստը, որի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն տարածվել է դեռևս հունիսի 27-ին։

Մասնավորապես՝ դեպքին վերաբերող տեղեկատվությունը տարածվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում երկու հրապարակումներով՝ 27.06.2017թ.-ին՝ http://www.investigative.am/news/view/avazakayin-harcakum-aragacotn.html և 28.06.2017թ.-ին՝ http://www.investigative.am/news/view/avazakutyun-shamiram-bacahaytum.html։ Ապա նաև՝ տարածել պաշտոնական մամուլի հաղորդագրություններ։ Եթե լրատվամիջոցները դեպքի վերաբերյալ նյութեր պատրաստելիս օգտագործել են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական տարածած տեղեկատվությունը, ապա դա միայն խոսում է նրանց պրոֆեսիոնալիզմի մասին: Քանի որ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվությունը հանրամատչելի է, այնտեղից տեղեկատվություն կարող են ստանալ բոլորը, այլ ոչ թե, www.shamshyan.com-ի պատկերացմամբ, «հաճո լրատվամիջոցները»:

Ինչ վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև կառույցի գործարար համբավն արատավորելուն, ապա նշեմ հետևյալը.

ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առջև, իսկ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2003 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հնչեղություն և հետաքրքրություն ներկայացնող գործերի վերաբերյալ պարբերաբար ներկայացվում է տեղեկատվություն www.investigative.am պաշտոնական կայքէջի միջոցով, ինչն արվել է նաև քննարկվող դեպքի առնչությամբ, այնինչ shamshyan.com-ը, անտեսելով գործող իրավակարգավորումը և այն փաստը, որ տեղեկատվությունը տրամադրվել է հրապարակային և բոլորի համար հանրամատչելի ձևաչափով, փաստացի մեղադրում է ՔԿ նախագահի խորհրդականին պարտականությունները չկատարելու մեջ՝ դրանով փորձելով բիծ գցել նրա պատվի և արժանապատվության, ՀՀ քննչական կոմիտեի բարի համբավի վրա, քանի որ հիմնադրման առաջին իսկ օրվանից ՀՀ քննչական կոմիտեն արդյունավետորեն համագործակցում է բոլոր զանգվածային լրատվամիջոցների հետ, որոնք որևէ հարցով դիմում են մեզ:

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք www.shamshyan.com կայքէջում հրապարակել հերքում հետևյալ բովանդակությամբ՝

«Հերքում

29.06.2017թ.-ի «Մինչ քննչական կոմիտեի մամլո խոսնակ օրիորդը հերքում է մեր ստացած տեղեկությունները կատարված ավազակային հարձակման մասին, ոստիկանությունը հայտնաբերում է կատարողներից երկուսին» վերտառությամբ հոդվածում հրապարակվող նյութի վերաբերյալ հայցում ենք մեր ներողամտությունը, քանի որ մենք ՀՀ քննչական կոմիտեին և մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին չենք դիմել ներկայացված տեղեկատվությունը ստանալու նպատակով, տեղեկացված չենք եղել, որ հետաքրքրող դեպքի մասին տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ անհիմն մեղադրելով ընտրողաբար որոշ լրատվամիջոցների տեղեկատվությունը տրամադրելու մեջ»:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի