Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հրաման՝ ՀՀ ՔԿ դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ և բաց մրցույթների անցկացման կարգը, մրցութային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին

26.08.2016 18:02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ  ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱԿ ԵՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ  ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ, 21-րդ հոդվածի 5-րդ, 23-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերով.



ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 

Հաստատել.

1) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ և բաց մրցույթների անցկացման» կարգը՝ համաձայն հավելված N 1-ի:

2) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ և բաց մրցույթների մրցութային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը»՝ համաձայն հավելված N 2-ի:

  1. Սույն հրամանի կատարման ապահովումը դնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Ա.Զալինյանի վրա:
  2. Հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ստորաբաժանումների պետերին:

 

Ա.Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի

             2016 թ. «25» օգոստոսի թիվ    հրամանի

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱԿ ԵՎ ԲԱՑ  ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  դեպարտամենտում (այսուհետ՝  դեպարտամենտ) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ՝  մրցույթ)  անցկացնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար դեպարտամենտում պետական ծառայության (այսուհետ՝ պետական ծառայություն) թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան:
  3. Դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոն է համարվում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված` «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված չզբաղեցված պաշտոնը:
  4. Մրցույթ չի անցկացվում պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  5. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասսայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից։
  6. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1)   դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2)  դատական կարգով զրկվել է պետական (հանրային) ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3)  տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը պետական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը։ Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:  

4)  դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5)  օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

  1. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվում է փակ կամ բաց մրցույթ։

 

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) պաշտոնական ինտերնետային կայքէջում:
  2. Փակ մրցույթ անցկացնելու մասին  հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
  3. Փակ կամ բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունները պետք է պարունակեն հետևյալ տվյալները`

1) պետական ծառայության թափուր պաշտոնի անվանումը և պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթները.

2) պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

3) փակ մրցույթի դեպքում՝ հարցազրույցի հարցերը.

4) բաց մրցույթի դեպքում թեստավորման հարցաշարն իր ճիշտ պատասխաններով և հարցազրույցի փուլի հարցերը (հրապարակվում է ինտերնետային կայքէջում).

5) բաց մրցույթի դեպքում՝ մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.

6) փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15–րդ օրը.

7) մրցույթի սկսվելու օրը, ժամը և վայրը:

11. Փակ կամ բաց մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ անձ։

 

III. ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

12.Դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու կամ օրենքով սահմանված կարգով և ժամկետում նշանակում չկատարվելու դեպքերում (բացառությամբ պետական ծառայության կրտսեր պաշտոնների) պաշտոնի զբաղեցման համար  դեպարտամենտի ղեկավարի հրամանով կարող է անցկացվել փակ մրցույթ:

  1. Փակ մրցույթը անցկացնում է մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝  հանձնաժողով) հարցազրույցի միջոցով:  Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը (այսուհետ՝ անձնակազմի կառավարման վարչություն):
  2. Փակ մրցույթին կարող են մասնակցել թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող դեպարտամենտի պետական ծառայողները և կադրերի ռեզերվում գրանցված անձինք:
  3. Փակ մրցույթին մասնակցելու համար անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացվում դիմում, որը հաշվառվում է էլեկտրոնային մատյանում:
  4. Ներկայացված դիմումների հիման վրա անձնակազմի կառավարման վարչության կողմից կազմվում է տեղեկանք (տեղեկանքներ), որտեղ նշվում են.

1) պետական ծառայողի դեպքում՝ անձնական տվյալները, զբաղեցրած պաշտոնը, զբաղեցման ժամանակահատվածը, դասային աստիճանը, տույժերը և խրախուսանքները, ատեստավորման արդյունքները կամ անմիջական ղեկավարի գրավոր բնութագիրը (եթե առկա է).

2) կադրերի ռեզերվում ընդգրկված անձի դեպքում՝ անձնական տվյալները, զբաղեցրած վերջին պաշտոնը, զբաղեցման ժամանակահատվածը, դասային աստիճանը, կադրերի ռեզերվում գրանցման հիմքը և գտնվելու ժամանակահատվածը:

17. Անձնակազմի կառավարման վարչությունը կազմված տեղեկանքները փակ մրցույթը սկսելուց առնվազն 1 ժամ առաջ հանձնում է հանձնաժողովին:

18. Մինչև փակ մրցույթի սկսելը հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված տեղեկանքը (տեղեկանքները) և կայացնում որոշում՝ փակ մրցույթին մասնակցել թույլատրելու կամ չթույլատրելու մասին:

19. Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է փակ մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) ցուցակը:

20. Փակ մրցույթի հարցազրույցի հարցերը կազմվում, ինչպես նաև հարցազրույցն անցկացվում է սույն կարգով բաց մրցույթի հարցազրույցի փուլի համար սահմանված կարգով, որի ընթացքում հաշվի է առնվում նաև մրցույթի մասնակցի ատեստավորման արդյունքները կամ անմիջական ղեկավարի գրավոր բնութագիրը:

21. Փակ մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել սույն կարգի 8-րդ գլխով սահմանված կարգով:

22. Փակ մրցույթի արդյունքներով հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը կազմվում և պաշտոնի նշանակումը կատարվում է սույն կարգի 9-րդ գլխով սահմանված կարգով:

  1. Փակ մրցույթի արդյունքում նշանակում չկատարելու կամ պետական ծառայության թափուր կրտսեր պաշտոն առաջանալու դեպքում դեպարտամենտի ղեկավարը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այդ պաշտոնները զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին:  

 

IV. ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ   

 

  1. Բաց մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
  2. Բաց մրցույթն անցկացնում է հանձնաժողովը, իսկ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ու հանձնաժողովի գործունեության կազմակերպական ապահովումն իրականացնում է անձնակազմի կառավարման վարչությունը։
  3. Բաց մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները (այսուհետ` դիմումատու) անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնում են`

1) գրավոր դիմում՝ հանձնաժողովի նախագահի անունով.

2) պետական ծառայության պաշտոնի անձնագրին համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ փաստաթղթերի բնօրինակները՝ պատճենների հետ միասին.

3) ինքնակենսագրություն.

4) կադրերի հաշվառման անձնական թերթիկ.

5) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայական.

6) 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի.

7) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

8) սոցիալական քարտի պատճենը (նույնականացման քարտի բացակայության դեպքում),

9) բժշկական տեղեկանք:

  1. Բաց մրցույթին մասնակցելու համար դիմումատուն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
  2. Անձնակազմի կառավարման վարչությունը դիմումատուի ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ, վրան կատարում նշում (իսկականի հետ ճիշտ է) և ընդունում դրանք:
  3. Անձնակազմի կառավարման վարչությունը դիմումատուների փաստաթղթերին կցում է նաև նրանց դատվածության մասին տեղեկանքները:
  4. Բաց մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ կազմելու, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով, անձնակազմի կառավարման վարչությունում վարվում է դիմումատուների գրանցման էլեկտրոնային մատյան, որտեղ նշվում են թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը, դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, բնակության վայրը (հասցեն), հեռախոսահամարը:
  5. Բաց մրցույթին մասնակցելու համար դիմումատուների տվյալները մատյանում գրանցվում են փաստաթղթերը անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնելու  օրը:
  6. Բաց մրցույթին մասնակցելու համար դիմած դիմումատուն կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ գրավոր հրաժարվել մրցույթին մասնակցելուց և անձնակազմի կառավարման վարչությունից ետ վերցնել ներկայացրած փաստաթղթերը, ինչի համար մատյանում ստորագրում է:
  7. Բաց մրցույթի անցկացման օրվանից մեկ օր առաջ դիմումատուների քանակի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվում դեպարտամենտի ղեկավարին:
  8. Եթե մրցույթին մասնակցելու համար դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում դեպարտամենտի ղեկավարին:
  9. Բաց մրցույթի թեստերը կազմվում են դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման (ստորաբաժանումների) կողմից և ներկայացվում է դեպարտամենտի ղեկավարի հաստատմանը: Բաց մրցույթին մասնակցելու համար նախատեսված թեստերը բաղկացած են 150 հարցից:
  10. Բաց մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվում է հարցատոմսերով:
  11. Բաց մրցույթի հարցազրույցի փուլի հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կազմվում են դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման  (ստորաբաժանումների) կողմից և ներկայացվում է դեպարտամենտի ղեկավարի հաստատմանը: Հարցերի ընդհանուր քանակը պետական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր  խմբի համար չպետք է գերազանցի 50 հարցը, ընդ որում՝ կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման իրավասությանը վերաբերող հարցերի քանակը չպետք է պակաս լինի 15 հարցից:
  12. Անձնակազմի կառավարման վարչությունը մրցույթին մասնակցելու համար դիմումատուների վերաբերյալ կազմում է փաստաթղթերի փաթեթ:
  13. Հանձնաժողովի նախագահը անձնակազմի կառավարման վարչությունից ստանում է դիմումատուների փաստաթղթերի փաթեթները, տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը և թեստավորման ամփոփաթերթերը:
  14. Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ:
  15. Ամփոփաթերթերի ծածկաշերտերի թերությունների կամ վնասվածքների առկայության դեպքում՝ դրանք արձանագրվում են հանձնաժողովի նիստերի քարտուղարի կողմից:
  16. Մինչև թեստավորման փուլի սկիզբը հանձնաժողովն ուսումնասիրում է դիմումատուների փաստաթղթերը, դրանց ամբողջականությունը և կայացնում որոշում` մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին:
  17. Հանձնաժողովը դիմումատուին չի թույլատրում մասնակցել բաց մրցույթին, եթե նա չի բավարարում սահմանված պահանջները կամ ներկայացրած փաստաթղթերը թերի են: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել դիմումատուին:
  18. Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է բաց մրցույթի մասնակիցների ցուցակը: Մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը հրապարակվում է մինչև թեստավորման փուլի սկիզբը:
  19. Եթե հանձնաժողովը դիմումատուներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել բաց մրցույթին, կամ դիմումատուներից ոչ ոք չի ներկայացել, ապա հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` բաց մրցույթը չկայացած համարելու մասին և տեղեկացվում է դեպարտամենտի ղեկավարին:
  20. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, համակարգչի միջոցով, պատահականության սկզբունքով ընտրում է տվյալ մրցույթի թեստավորումն անցկացնելու համար հարցեր և կազմում թեստեր` հետևյալ համամասնությամբ`

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 50 հարց, որոնցից`

ա.  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից՝ 10 հարց,

բ. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից՝ 15 հարց,

գ. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից՝ 25 հարց.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 40 հարց, որոնցից`

ա.  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից՝ 10 հարց,

բ. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից՝ 10 հարց,

գ. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից՝ 20 հարց.

3) պետական ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 30 հարց, որոնցից`

ա.  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից՝ 5 հարց,

բ. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից՝ 10 հարց,

գ. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից՝ 15 հարց.

4) պետական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 20 հարց, որոնցից`

ա.  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից՝ 5 հարց,

բ. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից՝ 5 հարց,

գ. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից՝ 10 հարց:

 

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

  1. Թեստավորումն անցկացվում է գրավոր, եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով:
  2. Թեստավորումն անցկացվում է համապատասխան պայմաններով ապահովված առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն):
  3. Թեստավորմանը մասնակցելու համար դիմումատուն ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի նիստերի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսվելուց 10 րոպե առաջ:
  4. Հանձնաժողովի նիստերի քարտուղարը թեստավորումը սկսվելուց առաջ մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման կարգը և պատասխանում առաջադրված հարցերին:
  5. Հանձնաժողովի նիստերի քարտուղարը մասնակիցներին հատկացնում է նախատեսված ամփոփաթերթ` երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից, գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` արկղի մեջ:
  6. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելը, ինչպես նաև ամփոփաթերթի հիմնական մասի պատասխանների համար նախատեսված վանդակներից դուրս նշումներ, գրառումներ կատարելն արգելվում է, հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:
  7. Թեստավորման ժամանակ մասնակիցները, կտրոնները արկղի մեջ գցելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքները: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:
  8. Հանձնաժողովի նիստերի քարտուղարը թեստավորման առաջադրանքները մասնակիցներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:
  9. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո, մասնակիցը ծանոթանալով հարցերին, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխան:
  10. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:
  11. Սույն կարգի 56-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում, հանձնաժողովը կազմում է արձանագրություն, տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի նիստերի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:
  12. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների վրա կարող է կատարել ցանկացած նշում, որը արդյունքների գնահատման հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
  13. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է, հակառակ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

60. Թեստավորման առաջադրանքների աշխատանքն ավարտելուց կամ կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքները հանձնում է հանձնաժողովի անդամին: Մասնակիցը վերցնում է ամփոփաթերթի երկրորդ օրինակը և դուրս է գալիս թեստավորման սենյակից:

  1. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է`

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում` 60 րոպե,

2) պետական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում` 50 րոպե,

3) պետական ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում` 40 րոպե:

4) պետական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում` 30 րոպե:

  1. Հանձնաժողովի նիստերի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

 

 

VI. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

  1. Թեստավորման ավարտից հետո հանձնաժողովը բացում է արկղը, հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը, որոնց անհամապատասխանության դեպքում կազմվում է արձանագրություն:
  2. Ամփոփաթերթերի հիմնական մասերը ստուգվում են թեստերի հետ միաժամանակ համակարգչից դուրս բերված ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:
  3. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը նշվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա:

66. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 59-րդ կետով նախատեսված դեպքերը:

  1. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ:

68. Հանձնաժողովի նախագահի կողմից մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը, որից հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթերի համարները և դրանց վրա նշված տոկոսները, որոնք արձանագրվում է հանձնաժողովի նիստերի քարտուղարի կողմից:

69. Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որը համեմատվում է ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերի համարների հետ: Չներկայացած մասնակիցների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են հանձնաժողովի նախագահի կողմից բոլորի ներկայությամբ բարձրաձայն հայտարարվում են, որից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է մասնակիցների հավաքած միավորները (տոկոսները):

  1. Մասնակիցների հավաքած միավորները (տոկոսները) հայտարարելուց հետո հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

71.Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին՝ հրապարակումից հետո 30 րոպեի ընթացքում (մասնակցի ցանկությամբ տեղում ուսումնասիրելու նպատակով նրան տրամադրվում է թեստավորման առաջադրանքների իր օրինակը):

  1. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:
  2. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներին ավելացվում են մեկ միավոր:
  3. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
  4. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո և բողոք չլինելու դեպքում հանձնաժողովը հայտարարում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը: Մասնակիցը հաջորդ՝ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
  5. Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են հարցազրույցի փուլին մասնակցելուց կամ դադարեցվել է տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ մասին տեղեկացվում է դեպարտամենտի ղեկավարին:

 

VII. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ  

 

        77. Թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցներից յուրաքանչյուրի հետ առանձին հանձնաժողովի կողմից անցկացվում է հարցազրույց, թեստավորման առաջադրանքների ամփոփումից հետո նույն օրը կամ հանձնաժողովի որոշմամբ՝ հաջորդ աշխատանքային օրը:

        78. Հարցազրույցն անցկացվում է համակարգչի միջոցով կազմված հարցատոմսերով: Հարցատոմսերը բաղկացած են 4 հարցից̀ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքից, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքից, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումից և տվյալ ստորաբաժանման գործառույթներին վերաբերվող իրավական ակտից կամ այլ աղբյուրից̀   մեկական հարցից:

 

         79.Հարցազրույցի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև հանձնաժողովի հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից, ինչպես նաև դուրս գալ սենյակից:

         80. Սույն կարգի 79-րդ կետում նշված պահանջները խախտելու դեպքում հանձնաժողովը կազմում է արձանագրություն և տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է:

         81. Հարցազրույցի ժամանակ մասնակցի կողմից տրված հարցերի պատասխանները գնահատվում են հանձնաժողովի անդամների կողմից սույն կարգի 85-րդ կետի համաձայն: Սխալ պատասխանի դեպքում հանձնաժողովի անդամը հնչեցնում է ճիշտ պատասխանը:

          82. Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները զետեղվում են համակարգչում: Մասնակցի ցանկությամբ անձնակազմի կառավարման վարչությունը տրամադրում է այն իրավական ակտերի և այլ աղբյուրների ցանկը, որոնցից բխում են հարցերը:

          83. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի անդամներին տրամադրվում են համակարգչի միջոցով կազմված հարցատոմսերի հարցերի ճիշտ պատասխանները:

          84.Հարցազրույցի ընթացքում մասնակիցը ողջամիտ ժամկետում ծանոթանալով հարցատոմսի հարցերին, իր նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:

          85.Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 20 միավորով հետևյալ կերպ՝ հարցի գերազանց պատասխանի դեպքում՝ 5 միավորով, լավ պատասխանի դեպքում՝ 4 միավորով, բավարար պատասխանի դեպքում՝ 3 միավորով, իսկ անբավարար պատասխանի կամ պատասխան չհնչեցնելու դեպքերում՝ 2 միավորով:

     86. Հանձնաժողովի անդամները գնահատումն իրականացնում են հարցատոմսի

գնահատման ձևանմուշի վրա, որտեղ նշվում է մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը, գնահատող հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը և ստորագրությունը: Հանձնաժողովի նախագահը ստուգում է գնահատված լինելը, ստորագրության առկայությունը  և ևս ստորագրում  ձևանմուշը:

          87.Մասնակցի հետ հարցազրույցը գրավոր արձանագրվում է և կարող է ձայնագրվել:

          88.Արձանագրության մեջ նշվում են հարցատոմսի հարցերը և մասնակցի կողմից դրանց տրված պատասխանները:

          89.Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի նիստերի քարտուղարի կողմից:

          90. Հարցազրույցի ավարտից հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, hանձնաժողովի նախագահը հերթով ընթերցում է մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, հարցազրույցի փուլում հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրանց միջին թվաբանականը:

          91. Հարցազրույցի արդյունքներն ամփոփելուց հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է այն մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ովքեր հաղթահարել  են մրցույթի հարցազրույցի փուլը, և այն մասնակցի (մասնակիցների) ազգանունը, անունը, հայրանունը, ով (ովքեր) մրցույթի արդյունքում ճանաչվել են հաղթող (հաղթողներ):

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են:

        92. Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների միջին թվաբանականը պետք է լինի առնվազն 15 միավոր (սույն կարգի 85-րդ կետում նշված առավելագույն միավորի յոթանասունհինգ տոկոսը) հարցազրույցի փուլը  հաղթահարելու համար:

        93. Հանձնաժողովի անդամների գնահատականների ամփոփումից հետո առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող։

        94. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ կազմում է ամփոփիչ արձանագրություն:

 

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

       95. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն ավարտվելուց անմիջապես հետո։ Մրցույթի արդյունքները երկօրյա ժամկետում հրապարակվում են կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:

       96. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ հանձնաժողովի անդամի կողմից:

        97. Բողոքը քննության է առնում կոմիտեի նախագահի կողմից հանձնարարված համապատասխան ստորաբաժանումը:

        98. Բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում:

        99. Բողոքը  քննության է առնվում այն՝ դեպարտամենտում մուտքագրվելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

       100. Բողոքը քննության առնելիս ուսումնասիրվում է տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանը (պատասխանները) և հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

         101. Բողոքարկման արդյունքում կոմիտեի նախագահն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

3) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

102. Բողոքի քննության արդյունքում կոմիտեի նախագահի կողմից ընդունված որոշման համաձայն՝  մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցների ցանկը կարող է փոխվել:

103. Սույն կարգի 101-րդ կետով նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

   

IX. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

104. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո ոչ ուշ, քան հաջորդ օրը,  հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ ամփոփիչ արձանագրությունը ներկայացնում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին։ Ամփոփիչ արձանագրությունը պարունակում է տվյալներ մրցույթում հաղթած անձանց վերաբերյալ։

        105. Ամփոփիչ արձանագրության  մեջ նշվում են`

1) պետական ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանուն, անուն, հայրանունը.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում.

5) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

106. Ամփոփիչ արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամները:

107. Մրցույթն ավարտվելուց հետո հանձնաժողովն՝ անձնակազմի կառավարման վարչությանն է փոխանցում մրցույթի մասնակիցների վերաբերյալ ամբողջական փաթեթները, ինչպես նաև մրցույթի ընթացքում հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները, կայացված որոշումները և այլ փաստաթղթեր:

108. Անձնակազմի կառավարման վարչությունը սույն կարգի 107-րդ կետում նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

109. Ամփոփիչ արձանագրությունը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կամ հաղթող ճանաչված մասնակիցներից որևէ մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում, իսկ հաղթող ճանաչված և չնշանակված մասնակիցները իրենց դիմումի համաձայն ընդգրկվում են դեպարտամենտի կադրերի ռեզերվում։

 

X. ՆՈՐ ԵՎ ԿՐԿՆԱԿԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

110. Նոր մրցույթն անցկացվում է`

1) երբ մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման փուլում չի հավաքում անհրաժեշտ միավորների նվազագույն քանակը.

2) երբ հարցազրույցի փուլում մասնակիցներից ոչ մեկը մրցույթում հաղթող չի ճանաչվում.

3) սույն կարգի 111-րդ կամ 112-րդ կետերով նախատեսված դեպքերում։

111. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ։

112.Օրենքով սահմանված կարգի կամ սույն կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով։ Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ: Իսկ եթե անձը նշանակվել է պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնում, ապա ազատվում է զբաղեցրած պաշտոնից օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով:

113. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով։

114. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ։ Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում։ Այն անցկացվում է 10-օրյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով։

115. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվում, ապա պետական ծառայության թափուր պաշտոնը համալրվում է կադրերի ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձանցից` հարցազրույցով։

 


 

Հավելված N 2

                    Հայաստանի Հանրապետության

  քննչական կոմիտեի նախագահի

             2016 թ.  «        »-ի թիվ             հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱԿ ԵՎ ԲԱՑ  ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

  1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմը և աշխատակարգը:
  2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի (այսուհետ՝ կոմիտեի նախագահ) հրամաններով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ   ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

  1. Հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, այդ թվում`  հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի  անդամները նշանակվում են մեկ տարի ժամկետով:
  2. Հանձնաժողովի անդամներից երեքին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը (այսուհետ՝ դեպարտամենտի ղեկավար) դեպարտամենտի պետական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներից, իսկ երկուսին՝ կոմիտեի նախագահը: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում փակ և բաց մրցույթների անցակացումը համակարգող՝ կոմիտեի նախագահի տեղակալն է :
  3. Հանձնաժողովը կազմավորվում է կոմիտեի նախագահի  հրամանով:
  4. Հանձնաժողովի նիստերի քարտուղարի պարտականությունները դրվում են դեպարտամենտի ղեկավարի հրամանով:
  5. Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:
  6. Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի և (կամ) հանձնաժողովի նիստերի քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից մեկը կատարում է հանձնաժողովի նախագահի պարտականությունները,      իսկ հանձնաժողովի նիստերի քարտուղարի պարտականությունները՝ դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ, դրվում է դեպարտամենտի որևէ ստորաբաժանման պետական ծառայողի վրա:  
  7. Դեպարտամենտի ղեկավարն իր հայեցողությամբ կարող է ներկա գտնվել հանձնաժողովի աշխատանքներին:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Հանձնաժողովի խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մրցույթների մասնակցության հավասար մատչելիության ապահովումը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան՝ անկախ ազգությունից, ռասսայից, սեռից, դավանանքից, քաղաքական հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

2)    բարձորակ մասնագետների ընտրության իրականացումը.

3) անցկացվող մրցույթների թափանցիկության ու հրապարակայնության ապահովումը.

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

12. Հանձնաժողովի նիստերն  իրավազոր են եթե դրան մասնակցում է  հանձնաժողովի անդամների  կեսից ավելին:

13. Հանձնաժողովը իր որոշումներն ընդունում է քվեարկության միջոցով:

14. Հանձնաժողովի նիստերը արձանագրում է հանձնաժողովի նիստերի  քարտուղարը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

15. Հանձնաժողովի նախագահը՝

1)  ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2)  վարում է հանձնաժողովի նիստերը.

3) իրականացնում է թեստավորման փուլի ընթացքում կատարվող աշխատանքների նկատմամբ հսկողությունը.

4) կազմակերպում է թեստի կազմման գործընթացը:  

5) հարցազրույցի ժամանակ ընդհատում է անհարկի ծավալված բանավեճը.

6) որոշում է մրցույթի հետ կապված հարցերով, հանձնաժողովին ուղղված դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

7) իր գործառույթների իրականացումը ժամանակավորապես վերալիազորում է հանձնաժողովի այլ անդամի.

8) իրականացնում է սույն աշխատակարգով  և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

16. Հանձնաժողովի անդամը՝

1)   Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է հանձնաժողովի նիստերը.

2)  իրականացնում թեստավորման փուլի ընթացքում կատարվող աշխատանքների նկատմամբ հսկողությունը.

3)  ստուգում և գնահատում է մրցույթի մասնակիցների  թեստավորման արդյունքները.

4)  մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և իրավունք ունի հարցեր տալու մասնակիցներին (տվյալ հարցի շրջանակներում).

5)  հարցազրույցից հետո մասնակցում է հանձնաժողովի կողմից մասնակցի համար անցկացվող քվեարկությանը՝ քվեարկելով կողմ կամ դեմ.

6)  ստորագրում է հանձնաժողովի համապատասխան որոշումները և կազմված արձանագրությունները.

7)  իրականացնում է սույն աշխատակարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

17. Հանձնաժողովի նիստերի քարտուղարը՝

1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

2) ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրանց մուտք գործել թեստավորման սենյակ.

3) մրցույթի մասնակիցներին պարզաբանում է թեստավորման անցկացման ընթացակարգը.

4) իրականացնում է սույն աշխատակարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VIII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

18. Հանձնաժողովի կողմից չօգտագործված ամփոփաթերթերը և մրցութային փաթեթը անձնակազմի կառավարման վարչությանը հանձնելուց հետը տվյալ մրցույթը համարվում է ավարտված:

19. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի