Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը, պայմանները հաստատելու, «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» պարգևագրերը հաստատելու մասին (ինկորպորացված տարբերակ)

22.01.2020 16:55

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


Հրաման՝ 

 

ք.Երևան, 11.06.2015թ., թիվ 56-L
Ինկորպորացիա առ 22.01.2020թ. N 13-Լ
(վերնագիրը փոփ. 07.02.2017. N 16-Լ) 


 




Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում աշխատանքի արդունավետության բարձրացումը խթանելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանումը և քննիչին պարզելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը պատշաճ գնահատականի արժանացնելու նկատառումներից ելնելով՝

 

Հրամայում եմ՝


 

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի: (կետը փոփ. 07.02.2017. N 16-Լ)

1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» պարգևագրի նկարագիրը՝ համաձայն N 2 հավելվածի: (կետը լրաց. 07.02.2017. N 16-Լ)

1.2. Հաստատել  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա քննիչ» պարգևագրի նկարագիրը՝ համաձայն N 2 հավելվածի: (կետը լրաց. 07.02.2017. N 16-Լ)

2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին՝ ապահովել «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» անվանումներով պարգևագրերի պատրաստումը: (կետը փոփ. 07.02.2017. N 16-Լ)

3.Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությանը:

4.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությանը և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:


Ա.Գ.Հովսեփյան

 

 

Հավելված N 1
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
                                                                                     քննչական կոմիտեի նախագահի 2015թ.
                                                                                                      հունիսի «11»-ի  թիվ 56- Լ հրամանով
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ  ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե)  Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը  (այսուհետ՝ հանձնաժողով) յուրաքանչյուր տարի ընտրում է մեկ ստորաբաժանում՝ Կոմիտեի «Տարվա ստորաբաժանում», և մեկ քննիչ՝  Կոմիտեի «Տարվա քննիչ»  ճանաչելու նպատակով:

2. Հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որը ձևավորվում է Կոմիտեի նախագահի հրամանով: Հանձնաժողովի կազմում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետը, ներքին անվտանգության վարչության պետը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության  վարչության պետը և Կոմիտեի նախագահի կողմից ներկայացված Կոմիտեի 2 ծառայող՝ մարմինների կամ տարածքային ստորաբաժանումների պետերից: Հանձնաժողովի նախագահը Կոմիտեի նախագահի տեղակալն է: (Կետը փոփ. 22.01.2020թ. N 13-Լ)

3. Տարվա ստորաբաժանման և տարվա քննիչի տվյալները հանձնաժողովին ներկայացնելու  համար պատասխանատու ստորաբաժանումներն  են՝

1) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը,  տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը և Երևան քաղաքի քննչական վարչությունը՝ «Տարվա ստորաբաժանման» թեկնածության ներկայացման համար.
2) Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները,  զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը, կայազորային քննչական բաժինները,  Երևան քաղաքի քննչական վարչության  տարածքային  ստորաբաժանումները՝  «Տարվա քննիչ»-ի թեկնածության ներկայացման համար:

4. Մինչև  հաջորդ  տարվա  հունվարի 20-ը սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին  ենթակետով նախատեսված  պատասխանատու ստորաբաժանումները  քննարկում և համապատասխան ոլորտը համակարգող՝ Կոմիտեի նախագահի տեղակալի համաձայնությամբ հանձնաժողովին են ներկայացնում համապատասխանաբար՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններից, Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներից,   մարզային քննչական վարչություններից  սույն հավելվածի  13-րդ կետով սահմանված պայմանները բավարարող տարվա ստորաբաժանման երկուական  թեկնածություն՝ հավաստող  զեկուցագրի և հիմնավորող այլ փաստաթղթերի հետ:

5.Մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը սույն հավելվածի 3-րդ կետի 2-րդ  ենթակետով նախատեսված պատասխանատու ստորաբաժանումները քննարկում և համապատասխան ոլորտը համակարգող՝ Կոմիտեի նախագահի տեղակալի համաձայնությամբ հանձնաժողովին  են ներկայացնում սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված պայմանները  բավարարող  տարվա քննիչի մեկական թեկնածուի տվյալ՝ հավաստող զեկուցագրի և հիմնավորող այլ փաստաթղթերի հետ:

6.Հանձնաժողովը քննարկում է տարվա ստորաբաժանման և տարվա քննիչի համար ներկայացված թեկնածությունները, ուսումնասիրում հիմնավորող  փաստաթղթերը և  կայացնում տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու վերաբերյալ որոշում:

7.Հանձնաժողովի որոշումն ընդունվում է տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

8.Կայացված որոշման վերաբերյալ կազմված արձանագրությունը մինչև հունվարի 30-ն ուղարկվում է Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն:

9.Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը նախապատրաստում և Կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում տարվա ստորաբաժանում ճանաչելու, ինչպես նաև տարվա քննիչ ճանաչելու վերաբերյալ հրամանների նախագծերը:

10.Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը տարվա ստորաբաժանման  անվանումը, ինչպես նաև տարվա քննիչի լուսանկարը և կենսագրական տվյալներն ուղարկում է Կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու համար:

11. Տարվա ստորաբաժանում, տարվա քննիչ ճանաչելու մասին հրամանները հրապարակվում են Կոմիտեի կոլեգիայի նիստում, որտեղ տարվա ստորաբաժանմանը, ի դեմս ստորաբաժանման պետի և տարվա քննիչին հանձնվում են «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» անվանումով պարգևագրեր:
Տարվա ստորաբաժանում ճանաչված ստորաբաժանման պետն ու տարվա քննիչ ճանաչված ծառայողը կարող են նաև խրախուսվել Կոմիտեի նախագահի կողմից: (կետը փոփ. 07.02.2017. N 16-Լ)



II.  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

12.Կոմիտեում տվյալ տարվա ստորաբաժանում և տվյալ տարվա քննիչ ճանաչելու նպատակով թեկնածությունների ուսումնասիրությունը և ընտրությունը կատարվում է սույն բաժնով նախատեսված պայմանների հիման վրա:

13.Տվյալ տարվա ստորաբաժանման համար առաջադրվող թեկնածությունը պետք է համապատասխանի առնվազն հետևյալ հիմնական պահանջներին.

1) արձանագրել է քննության որակական կողմը և արտադրողականությունը բնութագրող   բարձր ցուցանիշներ,
2) օպերատիվ ծառայությունների հետ  իրականացրել է արդյունավետ համագործակցային աշխատանք,
3) վարույթի մասնակիցների և քաղաքացիների կողմից ստորաբաժանման վարույթում քննվող քրեական գործերով հիմնավոր բողոքներ չեն եղել,
4) (կետն ուժը կորցրել է 29.03.2016. N 17-Լ)

13.1. Տվյալ տարվա ընթացքում ոչ մեծ ծանրաբեռնվածություն (տարեկան մինչև հինգ հարյուր քրեական գործ) ունեցող ստորաբաժանման թեկնածությունը կարող է առաջադրվել, եթե վերջին երկու տարվա ընթացքում ստորաբաժանումն ապահովել է սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված պահանջները: (լրաց. 29.03.2016. N 17-Լ)

14. Տվյալ տարվա քննիչի համար առաջադրվող թեկնածուն պետք է համապատասխանի առնվազն հետևյալ հիմնական պահանջներին.

1) ունի քննչական աշխատանքի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
2) ունեցել է արդյունավետ և դրական աշխատանքի բացառիկ ցուցանիշներ,
3) ընթացք  է տվել  (այդ թվում նաև ավարտել) առավել շատ և բարդ քրեական գործերի, ինչպես նաև նախապատրաստել նյութեր՝ դրանց տալով օրինական և վերջնական ընթացք,
4)մինչդատական վարույթ իրականացնելիս թույլ չի տվել քրեաիրավական և քրեադատավարական նորմերի կիրառության էական խախտումներ,
5) չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության,
6)վարույթի մասնակիցների և քաղաքացիների հետ առնչվել է օրինականության պահպանման  շրջանակներում, ինչի կապակցությամբ վերջիններիս կողմից մամուլում կամ այլ եղանակով նրան հայտնվել է երախտագիտություն կամ ում նկատմամբ հիմնավոր բողոքներ չեն եղել:

15. Հավասար պայմաններ ապահոված թեկնածուներից նախապատվությունը տալու ժամանակ հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները.

1) հանցագործություն բացահայտելը կամ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին պարզելը.
2)գիտական աշխատանքով զբաղվելը կամ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելը.
3) ծառայության առավել տևական ժամանակահատվածում դրական ցուցանիշները պահպանելը.
4) ծառայության վերջին երեք տարիների ընթացքում ստացված խրախուսանքի և տույժերի հարաբերակցությունը.
5)«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի կարգով Կոմիտեում ծառայության ստաժը: 

 

 

Հավելված N 2
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
                                                                                     քննչական կոմիտեի նախագահի 2015թ.
                                                                                                      հունիսի «11»-ի  թիվ 56- Լ հրամանով
(հավելվածը լրաց. 07.02.2017. N 16-Լ)

ՆԿԱՐԱԳԻՐ
«Տարվա ստորաբաժանում» պարգևագրի

1. «Տարվա ստորաբաժանում» պարգևագիրն (այսուհետ` Պարգևագիր) իրենից ներկայացնում է 350 x 350 միլիմետր չափսերի քառակուսի ցուցանակ՝ վրադիր տարրերով (Ձև 1):

2. Ցուցանակը պատրաստվում է փայտից, պատված է մուգ կարմրագույն թավիշով, ունի մուգ շագանակագույն շրջանակ, որը ներսից եզերված է 5 միլիմետր հաստությամբ ոսկեգույն եզրագծով:

3. Պարգևագրի վերևի հատվածում` ոսկեգույն եզրագծից 20 միլիմետր ներքև, տեղակայված է 150 միլիմետր տրամագծով ոսկեգույն շրջան, որը վերևից եզերված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ռելիեֆային գրությամբ, իսկ ներքևից` «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ռելիեֆային գրությամբ: Շրջանի կենտրոնական մասում` վերևի գրառումից 10 միլիմետր ներքև, 40 x 50 միլիմետր չափսերի ոսկեգույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի երկու արծիվները, որոնք պահում են խաչված աչքերի գծապատկերով՝ ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի սպիտակ (էմալապատ) մորթիով: Արծիվների ներքևում 60 x 90 միլիմետր չափսերի ոսկեգույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի պատկերը:

4. Ոսկեգույն շրջանից 30 միլիմետր ներքև 60 x 120 միլիմետր չափսերի վրադիր տարրի ձևով տեղակայված է ոսկեգույն ուղղանկյունի, որի վրա առկա է ռելիեֆային գրություն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի ամսաթվի և հերթական համարի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման անվանման, «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» գրառման, ինչպես նաև դրա ճանաչման տարեթվի նշումով:

5. Պարգևագրի վրադիր տարրերը պատրաստվում են պղնձի հատուկ համաձուլվածքից և պատված են 999 հարգի ոսկով:

Ձև 1

 

 

Ձ Ե Վ
«Տարվա ստորաբաժանում» պարգևագրի


 

Հավելված N 3
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
                                                                                     քննչական կոմիտեի նախագահի 2015թ.
                                                                                                      հունիսի «11»-ի  թիվ 56- Լ հրամանով
(հավելվածը լրաց. 07.02.2017. N 16-Լ)

 

 

ՆԿԱՐԱԳԻՐ
«Տարվա քննիչ» պարգևագրի

 

1. «Տարվա քննիչ» պարգևագիրն (այսուհետ` Պարգևագիր) իրենից ներկայացնում է 340 x 280 միլիմետր չափսերի ուղղանկյուն ցուցանակ՝ վրադիր տարրերով (Ձև 1):

2. Ցուցանակը պատրաստվում է փայտից, պատված է կապույտ թավիշով, ունի մուգ կապույտ շրջանակ, որը ներսից եզերված է 5 միլիմետր հաստությամբ արծաթագույն եզրագծով:

3. Պարգևագրի վերևի հատվածում` արծաթագույն եզրագծից 40 միլիմետր ներքև, տեղակայված է 120 միլիմետր տրամագծով արծաթագույն շրջան, որը վերևից եզերված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ռելիեֆային գրությամբ, իսկ ներքևից` «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ռելիեֆային գրությամբ: Շրջանի կենտրոնական մասում` վերևի գրառումից 10 միլիմետր ներքև, 30 x 40 միլիմետր չափսերի արծաթագույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի երկու արծիվները, որոնք պահում են խաչված աչքերի գծապատկերով՝ ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի սպիտակ (էմալապատ) մորթիով: Արծիվների ներքևում 50 x 80 միլիմետր չափսերի արծաթագույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի պատկերը:

4. Արծաթագույն շրջանից 55 միլիմետր ներքև 45 x 110 միլիմետր չափսերի վրադիր տարրի ձևով տեղակայված է արծաթագույն ուղղանկյունի, որի վրա առկա է ռելիեֆային գրություն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի ամսաթվի և հերթական համարի,   Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման քննիչի պաշտոնի, անվան, հայրանվան, ազգանվան, «ՏԱՐՎԱ  ՔՆՆԻՉ» գրառման, ինչպես նաև դրա ճանաչման տարեթվի նշումով:

5. Պարգևագրի վրադիր տարրերը պատրաստվում են պղնձի հատուկ համաձուլվածքից և պատված են 925 հարգի արծաթով:

 

Ձև 2

 

Ձ Ե Վ
«Տարվա քննիչ» պարգևագրի

 

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի