Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հրաման՝ ՀՀ քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները հաստատելու մասին

11.06.2015 10:28


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


Հրաման՝ 

 

ՀՀ քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները հաստատելու մասին 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում աշխատանքի արդունավետության բարձրացումը խթանելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանումը և քննիչին պարզելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը պատշաճ գնահատականի արժանացնելու նկատառումներից ելնելով՝

 

Հրամայում եմ՝

 

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին՝

տարվա ստորաբաժանմանը և տարվա քննիչին հանդիսավոր պայմաններում հանձնելու նպատակով  ապահովել  «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» գրառումներով շրջանակի մեջ դրված հրամանների գունավոր քաղվածքների պատրաստումը:

3.Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությանը:

4.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությանը և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

 

Ա. Գ. Հովսեփյան

                                                                                            

Հավելված

Հաստատված է Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի 2015թ.

«2015թ. հունիսի 11»-ի  թիվ 56Լ հրամանով

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ  ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե)  Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը  (այսուհետ՝ հանձնաժողով) յուրաքանչյուր տարի ընտրում է մեկ ստորաբաժանում՝ Կոմիտեի «Տարվա ստորաբաժանում», և մեկ քննիչ՝  Կոմիտեի «Տարվա քննիչ»  ճանաչելու նպատակով:

2. Հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որը ձևավորվում է Կոմիտեի նախագահի հրամանով: Հանձնաժողովի կազմում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, կազմակերպական-վերլուծական բաժնի պետը, ներքին անվտանգության վարչության պետը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության  և քրեական գործերի քննության աջակցության վարչության պետը և Կոմիտեի նախագահի կողմից ներկայացված Կոմիտեի 2 ծառայող՝ մարմինների կամ տարածքային ստորաբաժանումների պետերից: Հանձնաժողովի նախագահը Կոմիտեի նախագահի տեղակալն է:

3. Տարվա ստորաբաժանման և տարվա քննիչի տվյալները հանձնաժողովին ներկայացնելու  համար պատասխանատու ստորաբաժանումներն  են՝

1) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը,  տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը և Երևան քաղաքի քննչական վարչությունը՝ «Տարվա ստորաբաժանման» թեկնածության ներկայացման համար.

2) Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները,  զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը, կայազորային քննչական բաժինները,  Երևան քաղաքի քննչական վարչության  տարածքային  ստորաբաժանումները՝  «Տարվա քննիչ»-ի թեկնածության ներկայացման համար:

4. Մինչև  հաջորդ  տարվա  հունվարի 20-ը սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին  ենթակետով նախատեսված  պատասխանատու ստորաբաժանումները  քննարկում և համապատասխան ոլորտը համակարգող՝ Կոմիտեի նախագահի տեղակալի համաձայնությամբ հանձնաժողովին են ներկայացնում համապատասխանաբար՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններից, Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներից,   մարզային քննչական վարչություններից  սույն հավելվածի  13-րդ կետով սահմանված պայմանները բավարարող տարվա ստորաբաժանման երկուական  թեկնածություն՝ հավաստող  զեկուցագրի և հիմնավորող այլ փաստաթղթերի հետ: 

5.Մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը սույն հավելվածի 3-րդ կետի 2-րդ  ենթակետով նախատեսված պատասխանատու ստորաբաժանումները քննարկում և համապատասխան ոլորտը համակարգող՝ Կոմիտեի նախագահի տեղակալի համաձայնությամբ հանձնաժողովին  են ներկայացնում սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված պայմանները  բավարարող  տարվա քննիչի մեկական թեկնածուի տվյալ՝ հավաստող զեկուցագրի և հիմնավորող այլ փաստաթղթերի հետ: 

6.Հանձնաժողովը քննարկում է տարվա ստորաբաժանման և տարվա քննիչի համար ներկայացված թեկնածությունները, ուսումնասիրում հիմնավորող  փաստաթղթերը և  կայացնում տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու վերաբերյալ որոշում:

7.Հանձնաժողովի որոշումն ընդունվում է տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

8.Կայացված որոշման վերաբերյալ կազմված արձանագրությունը մինչև հունվարի 30-ն ուղարկվում է Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն:

9.Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը նախապատրաստում և Կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում տարվա ստորաբաժանում ճանաչելու, ինչպես նաև տարվա քննիչ ճանաչելու վերաբերյալ հրամանների նախագծերը:

10.Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը տարվա ստորաբաժանման  անվանումը, ինչպես նաև տարվա քննիչի լուսանկարը և կենսագրական տվյալներն ուղարկում է Կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու համար:

11.Տարվա ստորաբաժանում, տարվա քննիչ ճանաչելու մասին հրամանները հրապարակվում են Կոմիտեի կոլեգիայի  նիստում: Տարվա ստորաբաժանման  պետն  ու  տարվա քննիչը կարող են նաև խրախուսվել  Կոմիտեի նախագահի կողմից:
 

 

II.  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

12.Կոմիտեում տվյալ տարվա ստորաբաժանում և տվյալ տարվա քննիչ ճանաչելու նպատակով թեկնածությունների ուսումնասիրությունը և ընտրությունը կատարվում է սույն բաժնով նախատեսված պայմանների հիման վրա:

13.Տվյալ տարվա ստորաբաժանման համար առաջադրվող թեկնածությունը պետք է համապատասխանի առնվազն հետևյալ հիմնական պահանջներին.

1) արձանագրել է քննության որակական կողմը և արտադրողականությունը բնութագրող   բարձր ցուցանիշներ,

2) օպերատիվ ծառայությունների հետ  իրականացրել է արդյունավետ համագործակցային աշխատանք,

3) վարույթի մասնակիցների և քաղաքացիների կողմից ստորաբաժանման վարույթում քննվող քրեական գործերով հիմնավոր բողոքներ չեն եղել,

4) ներկայացրել է քննության արդյունավետության բարձրացմանն ուղղված ողջամիտ և արդյունավետ առաջարկներ:

14. Տվյալ տարվա քննիչի համար առաջադրվող թեկնածուն պետք է համապատասխանի առնվազն հետևյալ հիմնական պահանջներին.

1) ունի քննչական աշխատանքի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,

2) ունեցել է արդյունավետ և դրական աշխատանքի բացառիկ ցուցանիշներ,

3) ընթացք  է տվել  (այդ թվում նաև ավարտել) առավել շատ և բարդ քրեական գործերի, ինչպես նաև նախապատրաստել նյութեր՝ դրանց տալով օրինական և վերջնական ընթացք,

4)մինչդատական վարույթ իրականացնելիս թույլ չի տվել քրեաիրավական և քրեադատավարական նորմերի կիրառության էական խախտումներ,

5) չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության,

6)վարույթի մասնակիցների և քաղաքացիների հետ առնչվել է օրինականության պահպանման  շրջանակներում, ինչի կապակցությամբ վերջիններիս կողմից մամուլում կամ այլ եղանակով նրան հայտնվել է երախտագիտություն կամ ում նկատմամբ հիմնավոր բողոքներ չեն եղել:

15. Հավասար պայմաններ ապահոված թեկնածուներից նախապատվությունը տալու ժամանակ հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները.

1) հանցագործություն բացահայտելը կամ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին պարզելը.

2)գիտական աշխատանքով զբաղվելը կամ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելը.

3) ծառայության առավել տևական ժամանակահատվածում դրական ցուցանիշները պահպանելը.

4) ծառայության վերջին երեք տարիների ընթացքում ստացված խրախուսանքի և տույժերի հարաբերակցությունը.

5)«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի կարգով Կոմիտեում ծառայության ստաժը:

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի