Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին (ինկորպորացված տարբերակ)

26.02.2019 19:45
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


Հրամանը՝


Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ

 

ք.Երևան, 27.12.2014թ.  N 18-Լ


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 18-րդ մասը և  ղեկավարվելով  12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`

 

Հրամայում եմ`

 

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն  հավելվածի (կցվում է):

2.Հայաստանի  Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Թամազյանին` «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց տասնութ ամիս հետո ապահովել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների առաջին ատեստավորման անցկացումը:

3.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

 

Ա.Գ. Հովսեփյան    

 

                                                                                      Հավելված՝
                                                                                       Հաստատված  է
Հայաստանի Հանրապետության
                                                                                       քննչական կոմիտեի նախագահի
«      »  ----- 2014թ.
թիվ ----- Լ հրամանով

                                                                                   

                              

    ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵԻ   ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 

 

 I.ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է  Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)  որակավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կարգը:
2.Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով, սույն կարգով և իրավական այլ ակտերով:
3. Հանձնաժողովին վերապահված լիազորությունների  լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովում է  Կոմիտեի  դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը:

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

4. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ապահովել Կոմիտեում ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող որակավորման տարեկան և լրացուցիչ ստուգումները,
2)ապահովել Կոմիտեում ատեստավորման ենթակա ծառայողների ատեստավորում անցկացնելու գործընթացը,
3)ապահովել Կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակի ձևավորումը,
4)ապահովել «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-ից 19-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացումը:

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

5.Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով:
6.Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
7.Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:     
8.Հանձնաժողովի նիստերը սղագրման եղանակով արձանագրում է Հանձնաժողովի նիստերի քարտուղարը:
9.«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-ից 19-րդ կետերով նախատեսված Հանձնաժողովի  լիազորությունների  իրականացումը կազմակերպում է  Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունը:
 
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

10.Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,
2) վարում է Հանձնաժողովի նիստերը,
3)կազմակերպում է Կոմիտեի թեկնածությունների ցուցակի համալրման, Կոմիտեի ծառայողների ատեստավորման և ծառայողական առաջխաղացման ցուցակների  ձևավորման աշխատանքները,     
4)ամփոփում և հայտարարում է Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման, ծառայողների ատեստավորման արդյունքները,
5)իրականացնում է  սույն կարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
 
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

11.Հանձնաժողովի անդամը`

1)Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է նիստերը,
2)մասնակցում է Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող գրավոր քննությանը և Կոմիտեի ծառայողների ատեստավորմանը, ստուգում է նրանց  գիտելիքները,
3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ  կամ սխալ լինելու  մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում  տալիս է ճիշտ պատասխանը,
4)մասնակցում է գրավոր քննության և ատեստավորման արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտատուի կամ ծառայողի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ  կամ դեմ,
5) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,
6)իրականացնում է  սույն կարգով և իրավական այլ ակտերով  իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
 

VI.ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԿԱՐԳԸ  
 
12.Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը (այսուհետ` Թեկնածությունների ցուցակ)  համալրում է Հանձնաժողովը` տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին:
13.Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում  կարող է  անցկացվել հավակնորդների լրացուցիչ որակավորման ստուգում:
14.Հանձնաժողովը Թեկնածությունների ցուցակի  համալրման նպատակով  հայտերի  ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ, առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային  ծանուցումների  պաշտոնական ինտերնետային կայքում /www.azdarar.am/ և Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն` թեկնածությունների ցուցակի  համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին` նշելով  դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման  գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:
15.Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

VII. ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

16.Թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող գրավոր քննության հարցաշարը կազմվում է նախօրոք, հաստատվում է Կոմիտեի նախագահի  կողմից և քննությունից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակվում Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում:
17. Հարցաշարը բաղկացած է երկու հարյուր երեսուն հարցից, որոնք ընդգրկում են հետևյալ բնագավառները՝

1) կրիմինալիստիկա՝ հիսուն հարց,
2) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք՝ հարյուր հարց,
3) Հայաստանի Հանրապետության քրեադատավարական իրավունք՝ ութսուն հարց: (փոփ. 10.12.2018թ. N 203-Լ)

18.Հանձնաժողովը, մինչև գրավոր քննությունը, համակարգչում զետեղված կամ թղթային տարբերակով կազմված հարցաշարից, պատահական ընտրությամբ, ընտրում է գրավոր քննություն անցկացնելու համար հարցեր և կազմում հայտատուների քանակին համապատասխան հարցատոմսեր՝ հետևյալ չափաբաժիններով.

1) կրիմինալիստիկա՝ մեկ հարց,
2) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք՝ մեկ հարց,
3)Հայաստանի Հանրապետության քրեադատավարական իրավունք՝ մեկ հարց:
(փոփ. 10.12.2018թ. N 203-Լ)
 

VIII.ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

19.Գրավոր քննությունն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:
20.Հավակնորդը գրավոր քննությանը  մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել  քննասենյակ:
21.Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է գրավոր քննությունը  սկսելուց 10 րոպե առաջ:
22.Գրավոր քննության մասնակիցներին արգելվում է  քննասենյակ բերել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:
23.Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է գրավոր քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատաս­խանում մասնակիցների  հարցերին:
24.Քննասենյակում յուրաքանչյուր հավակնորդ զբաղեցնում է առանձին գրասեղան։
25.Քննության տևողությունը երկու ժամ  է։ 
26.Մինչև  քննության   սկիզբը յուրաքանչյուր հավակնորդ Հանձնաժողովի քարտուղարից ստանում է ծրար, որը պարունակում է` 

1)հարցատոմս, 
2)Հանձնաժողովի կողմից  դրոշմված, ծածկագրված տետր,
3)գրիչ:

Հանձնաժողովի քարտուղարը քննության ավարտից 10 րոպե առաջ մասնակիցներին հիշեցնում է մնացած ժամանակի մասին:

27.Աշխատանքն ավարտելուց կամ գրավոր քննության համար  հատկացված ժամանակը սպառվելուց հետո, մասնակիցը Հանձնաժողովի քարտուղարին է հանձնում ծածկագրված տետրը և  ծրարը:
28.Քարտուղարն աշխատանքը  պատճենահանման սարքի միջոցով պատճենահանելուց հետո  պատճենը հանձնում է մասնակցին, իսկ ծրարավորված բնօրինակը` Հանձնաժողովի նախագահին:
29.Սույն բաժնում նշված պահանջները խախտելու դեպքում Հանձնաժողովը դադարեցնում է հայտատուի մասնակցությունը քննությանը, աշխատանքը ճանաչում է անվավեր և գնահատում զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում մասնակցի գրավոր աշխատանքի վրա և կազմում համապատասխան արձանագրություն:

IX. ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՑՈՒՑԱԿԻ  ՀԱՄԱԼՐՄԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

30.Հանձնաժողովը հայտատուի գրավոր աշխատանքը ստուգելիս գնահատում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը:
31.Ստուգված գրավոր աշխատանքը պետք է պարունակի դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումները,  որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:
32.Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին և ներկայացնելու իր նկատառումները։ 
33.Հարցատոմսը գնահատվում է  յոթանասունհինգ բալային համակարգով:
34.Հարցատոմսի յուրաքանչյուրը հարցի պատասխանը գնահատվում է  առավելագույնը  քսանհինգ  միավոր:
35.Տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփվելուց հետո:
36.Գրավոր աշխատանքը գնահատվում է զրո միավոր, եթե այն ներկայացվել է չծածկագրված, չդրոշմավորված տետրով, այլ գրիչով գրված կամ այլ  անհատականացնող նշումներով:
37.Կոմիտեի ծառայողների Թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության արդյունքները հրապարակվում են մինչև անցկացման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:
38.Թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության արդյունքները՝ յուրաքանչյուր առաջադրանքի համար ստացած գնահատականը և հավակնորդների հանրագումարային միավորները , հրապարակվում են Հանձնաժողովի նախագահի կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամի  կողմից:
39.Հանձնաժողովի դրական եզրակացությունն են ստանում և Թեկնածությունների ցուցակում են ընդգրկվում գրավոր քննության արդյունքում անցողիկ հիսուն և ավելի առավելագույն  միավորներ հավաքած հայտատուները` համալրման ենթակա տեղերի քանակին համապատասխան:
40.Թեկնածությունների ցուցակի համալրման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում  ցուցակը ներկայացվում է արդարադատության ակադեմիա:
41.Հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում  հայտերի ընդունման և Թեկնածությունների ցուցակը կազմելու ընթացակարգը:
42.Հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ  ճանաչվելու դեպքում  հայտատուի  հայտը  քննարկվում է Հանձնաժողովի կողմից:

X. ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

43.Ատեստավորումն  անցկացվում է զբաղեցրած պաշտոնին Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև` ծառայողական առաջխաղացման նպատակով:
44.Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը մինչև տվյալ  տարվա  հոկտեմբերի 1-ը Կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա` Կոմիտեի  ծառայողների (այսուհետ` Ծառայողներ) ցուցակը:
Ատեստավորման անցկացման ժամանակը սահմանվում է Կոմիտեի նախագահի հրամանով:
45.Ատեստավորման ենթակա Ծառայողները ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կողմից ծանուցվում են ատեստավորում անցկացնելու օրվա և ժամի մասին` նրանցից ստորագրություն վերցնելով: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)
46.Ատեստավորման օրվանից առնվազն երկու շաբաթ առաջ, Ծառայողի ստորաբաժանման կամ մարմնի պետը, Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Ծառայողի  ծառայողական բնութագիրը: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)
47.Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ Ծառայողի մասին` ծննդյան թիվը, ազգությունը, կրթությունը, այլ մարմիններում և զբաղեցրած պաշտոնում աշխատանքային ստաժը, նշանակումից կամ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում ունեցած խրախուսանքներն ու կարգապահական տույժերը, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է ծառայողի անմիջական ղեկավարի կողմից տրված եզրակացության վրա, որը տրվում է  նշանակումից կամ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների հիման վրա:
48.Ծառայողի աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկությունների բնութագրումը պետք է լինեն հստակ, հիմնավոր և օբյեկտիվ: Ծառայողական բնութագրում նշվում են ինչպես նրա դրական հատկանիշները, այնպես էլ աշխատանքում և վարքագծում թույլ տրված խախտումները, թերություններն ու բացթողումները (առկայության դեպքում): Ստորաբաժանման կամ մարմնի պետի կողմից  բնութագրի չափանիշների անտեսումը կամ սահմանված կարգի խախտմամբ բնութագիրը ներկայացնելը համարվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)
49.Ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին:
50.Նախքան ատեստավորումը Հանձնաժողովի քարտուղարը հրավիրում է ատեստավորվողների՝ ստորաբաժանման կամ մարմնի պետերին, ստուգում է ատեստավորվողների ներկայությունը, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարվում է ատեստավորման սկիզբը: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)
50.1. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում ատեստավորման աշխատանքները ղեկավարում է Հանձնաժողովը անդամը՝ Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
50.2. Ատեստավորումն իրականացվում է փաստաթղթային կամ փաստաթղթային և հարցազրույցի փուլերով:

50.3. Փաստաթղթային փուլում հանձնաժողովը քննարկում է ստորաբաժանման կամ մարմնի պետի կողմից ծառայողի վերաբերյալ ներկայացված բնութագիրը՝ բնութագրված հատկանիշների իրատեսականության և փաստաթղթային տվյալների իրավական ակտերին համապատասխանության համատեքստում:
50.4.Ծառայողի բնութագիրը ներկայացնում է ստորաբաժանման կամ մարմնի պետը, բացառիկ դեպքերում նրա տեղակալը: Փաստագրված հատկանիշների կապակցությամբ հանձնաժողովի անդամը կարող է հստակեցնող կամ լրացուցիչ հարցեր տալ:
50.5.Բացառիկ դեպքերում փաստաթղթային փուլի արդյունքները բավարար կարող են լինել ծառայողի նկատմամբ «համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» հանձնաժողովի որոշման ընդունման համար, երբ հիմնվելով առկա տվյալների վերլուծության վրա, հանձնաժողովի անդամի առաջարկով քվեարկության է դրվում և միաձայն ընդունվում ծառայողի պաշտոնին համապատասխանության հարցը, եթե դրա վերաբերյալ չի առարկում ատեստավորվողը: (50.1-ից 50.5-րդ կետերը լրաց. 01.02.2016թ. N 4-Լ)
51. Ատեստավորման սենյակ Ծառայողը ներկայանում է անձամբ, նիստերի քարտուղարի հրավերով՝ ներկայացնելով իր ծառայողական վկայականը: Ատեստավորմանն անհարգելի պատճառով չներկայանալը համարվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)
52.Ծառայողը Հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:
53.Ծառայողին արգելվում է մտնել ատեստավորման անցկացման սենյակ՝ իր մոտ ունենալով տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:
54. (ուժը կորցր. 01.02.2016թ. N 4-Լ)
55. (ուժը կորցր. 01.02.2016թ. N 4-Լ)
56.Հարցազրույցի փուլը Ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառույթներից բխող պարտականությունների իմացության և գործնական կարողությունների ստուգումն է` հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով:
57.Հարցազրույցի ծրագիր-հարցաշարը հաստատում է Կոմիտեի նախագահը: Ծրագիր-հարցաշարը բաղկացած է հարյուր հիսուն հարցից, որոնք ընդգրկում են հետևյալ բնագավառները՝

1)  Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք՝ հիսուն հարց,
2) Հայաստանի Հանրապետության քրեադատավարական իրավունք՝ հիսուն հարց,
3)  կրիմինալիստիկա՝ հիսուն հարց: (կետը լրաց. 21.02.2019թ. N 25-Լ)

58.Ծառայողին հնարավորություն է ընձեռվում, ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ծանոթանալ ծրագիր-հարցաշարին:
59.Յուրաքանչյուր ծառայողի հարցազրույցն անցկացվում է առանձին:
60. Հարցազրույցն անցկացվում է Հանձնաժողովի կողմից կազմված հարցատոմսերով: Յուրաքանչյուր ատեստավորման համար Հանձնաժողովը կազմում է առնվազն 20 հարցատոմս: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)
61.Հարցատոմսը կազմվում է հաստատված հարցաշարից՝ հետևյալ չափաբաժիններով.

1) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքից՝ 1 հարց,
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունից՝ 1 հարց,
3) կրիմինալիստիկայից՝ 1 հարց: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ, 21.02.2019թ. N 25-Լ)

62.Հանձնաժողովին տրվում են հարցատոմսերի հարցերի ճիշտ պատասխանները: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)
63.Ծառայողը, ծանոթանալով հարցատոմսին, իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:
64. Հարցազրույցի ընթացքում ծառայողի կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր, իրավիճակային խնդիրներ, որակման կամ տարբերակման հարցեր կամ Ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառույթներից բխող պարտականությունների իմացության և գործնական կարողությունների ստուգմանն ուղղված այլ հարցեր: Հարցազրույցի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ծառայողին կարող է տալ առավելագույնը երկու հարց: Յուրաքանչյուր հարցից հետո, հարց տվող Հանձնաժողովի անդամը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ նշվում է ճիշտ պատասխանը: Հարակից հարցերի ընդհանուր քանակը չի կարող գերազանցել տասը հարցը: (լրաց. 01.02.2016թ. N 4-Լ)
65.Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է, կարող է կիրառվել նաև ձայնագրություն:
66.Արձանագրության մեջ նշվում է ծառայողին տրված հարցերը և դրանց պատասխանների ճիշտ, մասնակի ճիշտ կամ սխալ լինելը: Արձանագրության տակ ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)
67.Հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է ‹‹Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին›› Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը՝

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
2)համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով քննչական կոմիտեի  ծառայողների առաջխաղացման ցուցակում,
3)համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով,
4)համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ կոչում շնորհելու մասին,
5)չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին,
6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:

68.Հարցազրույցի ավարտից հետո Հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով քննչական կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում,
3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով,
4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ կոչում շնորհելու մասին,
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին,
6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին: (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)

69.Հանձնաժողովը այդ օրվա ատեստավորման ավարտից հետո ամփոփում է արդյունքները:
Ատեստավորման թերթը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և  քարտուղարը:  (փոփ. 01.02.2016թ. N 4-Լ)
70.Ծառայողն ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է արդյունքները  եռօրյա ժամկետում բողոքարկել  Կոմիտեի նախագահին:
71.Ծառայողի ատեստավորման արդյունքերը և Հանձնաժողովի ընդունած որոշումները գնահատագրում ներառելուց հետո Հանձնաժողովի նախագահը եզրակացությունը եռօրյա ժամկետում ներկայացնում է Կոմիտեի նախագահին:
72. (ուժը կորցր. 01.02.2016թ. N 4-Լ)
73.Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացնում Ծառայողի ատեստավորման արդյունքում կայացված որոշումը` անձնական գործում պահելու և սահմանված կարգով արխիվացնելու համար:

XI. ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ  ՑՈՒՑԱԿԸ

74.Կոմիտեի Ծառայողների առաջխաղացման  ցուցակը  ձևավորում է  Հանձնաժողովը`

1) Ծառայողների  հերթական ատեստացիայի ժամանակ,
2) Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում արտահերթ կարգով, երբ  Կոմիտեի նախագահը կամ նրա  տեղակալն առաջարկություն է ներկայացնում  Հանձնաժողով`  Ծառայողի նկատմամբ  որպես խրախուսում  նրան առաջխաղացման  ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան  ծառայողական բնութագիր,
3)այն դեպքերում, երբ Հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության  ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ թեկնածությունների ցուցակում և ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ:
 

XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

75.Հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարում են Կոմիտեի նախագահի  կողմից` համապատասխան իրավական ակտի ընդունմամբ:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի