Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Փորձ է կատարվել հրկիզել անչափահասի սպանության մեջ մեղադրվող անձի հայրական տունը

15.09.2015 14:33


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Կուրթան գյուղում քաղաքացու կողմից ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

2015թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 07:23-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ այրվում է Լոռու մարզի  Կուրթան գյուղի տներից մեկը:

Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը` գույքը դիտավորյալ ոչնչացնելու դիտավորությամբ կոտրել է Խ.Գևորգյանի՝ Կուրթան գյուղում գտնվող տան պատուհանները, ապա բաց կրակի աղբյուրի ներգործությամբ փորձել հրկիզել տան գույքը, ինչն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով. համագյուղացիները նկատել են բռնկված  հրդեհը, և նրանց կանչով դեպքի վայր ժամանած հրշեջների կողմից այն մարվել է:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը փորձ կատարելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս):

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը, շարժառիթը, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական քննության տվյալներով՝ նշված տունը հրկիզեու փորձ կատարել է օգոստոսի 28-ին սպանված անչափահասի հայրը՝ վրեժխնդրությունից դրդված։ Վերջինս իրավապահ մարմիններին  է ներկայացել ինքնակամ եւ հայտնել, որ  համագյուղացի Ս. Գևորգյանի կողմից սույն թվականի օգոստոսի 28-ին իր անչափահաս որդուն սպանելու կապակցությամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ալկոհոլի ազդեցության տակ ջարդել է Ս.Գևորգյանի հայրական տան պատուհանները, որից հետո այրված շորի կտորներ տուն նետելու միջոցով հրկիզել է տանը եղած գույքն ու հեռացել:

Առերեւույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի