Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ստացվել է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը

16.03.2015 18:58

 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։

 

Հաշվի առնելով նշված գործի նկատմամբ ձեւավորված հասարակական պահանջը՝ տեղեկացնում ենք, որ փորձագետների գնահատմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերված եւ փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին եւ հայտնաբերվել դեպքի վայրում։

 

Այսպես` փորձագետների եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված ինքնաձիգը 1981թ. գործարանային արտադրության 5,45մմ տրամաչափի «АКС-74» տեսակի ինքնաձիգ է, մարտական ակոսափող հրազեն, սարքին, պիտանի 5,45մմ (5,45x39) տրամաչափի մարտական փամփուշտներով մենահատ և կրակահերթի ռեժիմներով կրակելու համար։ Ներկայացված փամփուշտները՝ գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտներ են՝ պիտանի կրակոցների համար, և հանդիսանում են ռազմամթերք։

 

Փորձագետներն արձանագրել են, որ փորձաքննության ներկայացված պարկուճները գործարանային արտադրության 5,45մմ (5,45 x 39) տրամաչափի մարտական փամփուշտների մասեր են՝ կրակված պարկուճներ են, որոնք կրակվել են նշված «АКС-74» տեսակի ինքնաձիգից։ Փորձաքննության ներկայացված գնդակները եւս, ըստ փորձագետների, կրակվել են նույն «АКС-74» տեսակի ինքնաձիգի փողից։

 

Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կշարունակվի պարբերաբար տեղեկության տրամադրումը։

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի