Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քննության պլանավորումը

12.03.2015 17:40

 

 

 

Հայաստանի Հանրապետության  քննչական   

կոմիտեի նախագահի  12.03. 2015թ.

թիվ 13 հրամանի հավելվածին կցված

բացատրական նյութ

 

Քննության պլանավորումը


Հանցագործության քննությունը բարդ, բազմակողմանի գործունեություն է, որն իրականացվում է օրենքով սահմանված ժամկետներում: Քննիչը պետք է պարզի հանցագործության բոլոր էական հանգամանքները, այն կատարող անձանց, ինչպես նաև հանցագործություն ծնող պատճառներն ու պայմանները: Նշված խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է տարատեսակ միջոցառումներ՝ քննչական (քրեագիտական) վարկածների հմտորեն առաջադրում, տարբեր քննչական գործողությունների կատարում, օրինակ՝ հարցաքննություն, խուզարկություն, զննություն, փորձաքննության կատարում և այլն: Հիշյալ բարդ գործունեությունն առանց համակարգվածության, նպատակաուղղվածության չի կարող հաջողություն ունենալ, իսկ այն առավելապես ապահովվում է քննության պլանավորմամբ:

 

Քննության պլանավորումը մտածողական գործընթաց է, որն իր մեջ ներառում է կատարված հանցագործության բոլոր հանգամանքների բացահայտմանն ուղղված աշխատանքների բովանդակության և հաջորդականության որոշում՝ ժամանակի և ուժերի առավել արդյունավետ օգտագործմամբ:

 

Պլանավորումը նախաքննության այնպիսի կազմակերպումն է, որն ապահովում է հանցագործության արագ և լրիվ բացահայտումը: Պլանավորման առանցքը քննչական վարկածների առաջադրումն է՝ դրանց յուրաքանչյուրի ստուգման նպատակով (բացահայտման ենթակա հանգամանքների շրջանակի որոշում):

 

Քրեագիտական պրակտիկայում համապատասխան հետազոտությունները փաստել են, որ պլանավորման վրա քննիչի ծախսած ժամանակը փոխհատուցվում է այն առումով, որ պլանավորված աշխատանքն արդյունքում էականորեն կրճատում է կոնկրետ գործի քննության համար ծախսվող ընդհանուր ժամանակը:

 

Հնարավոր քննչական վարկածների առաջադրումից հետո յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի համար,սկսվում է պլանավորման գործողությունը, որի արդյունքը բովանդակում է.

 

v այն քննչական գործողությունների շրջանակը, որը անհրաժեշտ է իրականացնել այս կամ այն քննչական վարկածի համաձայն՝ գործող էական հանգամանքներ պարզելու համար (հարցաքննություն խուզարկություն և այլն),

v  այն քննչական գործողությունների բովանդակային ծավալի որոշումը, որը նախատեսվել է անցկացնել (ինչպիսի հարցադրումներ է նպատակահարմար առաջադրել այս կամ այն վկայի հարցաքննության ժամանակ, փորձագետի առաջ, ինչ փնտրել խուզարկության ժամանակ և այլն),

v  նախատեսվող քննչական գործողությունների հաջորդականության սահմանումը (հիմնվելով հանցագործության բնույթի և այլ հանգամանքների վրա՝ քննիչը նախանշված քննչական գործողություններից որոշում է, թե որոնք պետք է իրականացվեն ավելի վաղ, որոնք ավելի ուշ: Եթե այս հարցը քննության պլանի կազմման ժամանակ ոչ բավարար մտածված լինի, ապա այն կարող է հանգեցնել սխալի, իսկ որոշ դեպքերում նաև՝ անուղղելի),

v  նախատեսված քննչական գործողության ժամանակի որոշումը,

v  քննչական գործողության կատարման տեղի ընտրությունը,

v  այս կամ այն քննչական գործողությանը մասնակցող անձանց շրջանակի որոշումը,

v  գիտատեխնիկական միջոցների ընտրությունը, որն անհրաժեշտ է կիրառել կոնկրետ քննչական գործողության կատարման ժամանակ,

v  այն փաստաթղթերի շրջանակը, ինչպես նաև՝ առարկաների, որն անհրաժեշտ է պահանջել կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից և առանձին քաղաքացիներից,

v  օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին ուղղված հանձնարարությունների շրջանակի որոշումը (հանցագործության քննության ժամանակ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների համակարգումն ունի կարևոր նշանակություն: Քննիչը գործով քննության պլանավորման ժամանակ պետք է նախատեսի, թե ինչ հանձնարարություններ է անհրաժեշտ տալ ոստիկանությանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու համար):

 

Ս.Վ.Կուզմինը «Հանցագործությունների քննության պլանավորման բովանդակությունը» խորագրով գիտական հոդվածում քննության պլանավորումը բաժանել է խմբերի: Պլանավորման առաջին փուլը քննչական իրավիճակի պարզումն է, երկրորդը՝ քննության խնդիրների առաջադրումը, երրորդը՝ անհրաժեշտ քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների շրջանակի որոշումը, չորրորդը՝ քննչական գործողությունների հաջորդականությունը, հինգերորդը՝ քննիչի և օպերատիվ աշխատողների կողմից կոնկրետ քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և կազմակերպական միջոցառումների պլանավորումը, վեցերորդը՝ քննության ընթացքի նկատմամբ հսկողության ձևի, ժամանակի, սուբյեկտի, օբյեկտի որոշումը, յոթերորդը՝ գրավոր և (կամ) գրաֆիկական պլանների կազմումը:

 

Պլանավորման բովանդակությունը (զգալիորեն լայն իմաստ ունի ու ներկայացնում է քննիչի աշխատանքի կազմակերպական և ստեղծագործական կողմը, որն սկսվում է քննության սկզբից և շարունակվում մինչև ավարտը) ենթադրում է՝

 

v  վարկածների առաջադրում,

v  վարկածի վերլուծությունից բխող պարզաբանման ենթակա հանգամանքների և հարցերի սահմանում,

v  առաջադրված վարկածների հետազոտման, դրանցից բխող հարցերի պարզաբանման, գործով ապացուցման առարկայի սահմանման և քննության այլ խնդիրների լուծման համար անհրաժեշտ քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և այլ ստուգողական ու կանխարգելիչ միջոցառումների շրջանակի որոշում,

v  նախատեսված գործողությունների և միջոցառումների կոնկրետ կատարողների որոշումը, դրանց կատարման ժամկետները և հաջորդականությունը:

 

 

Քննչական (քրեագիտական) վարկածներ


Քրեագիտական վարկածի բնութագրական հատկանիշներ են.

 

v  ենթադրյալ, հնարավոր (հավանական) բնույթը,

v  ստուգման կարիք ունենալը և ինքնուրույն հիմք չլինելը՝ փաստերի և դրանց միչև կապի մասին վերջնական եզրահանգումների համար,

v  ստուգման ժամանակ այն հաստատվելը և փաստական տվյալ դառնալը կամ հերքվելը ու բացառվելը,

v  առաջադրումը միայն այն հանգամանքների կապակցությամբ, որոնք դեռևս գործով չեն պարզվել,

v  ստեղծված իրավիճակի համար իրատեսական և առկա տեղեկությունների վրա հիմնված լինելը:

 

Քրեագիտական վարկածն ապահովում է՝

 

v  քննչական (օպերատիվ, դատական, փորձագիտական) գործողությունների համակարգվածությունը և ուղղվածությունը,

v  դեպքի և դրա հետ կապված առանձին հանգմանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումը,

v  գործով տեղեկատվական անորոշության հաղթահարումը:

 

Քրեագիտական վարկածի առաջադրման համար քննիչը և քրեագիտական գործունեության այլ սուբյեկտները պետք է ունենան որոշակի փաստական տվյալներ: Դրանք կարող են արտահայտվել նաև հավաքված տվյալների տեսքով, որոնք ստացվել են ոչ քրեադատավարական ռեժիմով, օրինակ՝ օպերատիվ-հետախուզական ճանապարհով պատահական աղբյուրից ստացված օպերատիվ տվյալը: Նշյալ տվյալների հիման վրա առաջադրված վարկածը պետք է միտված լինի ոչ միայն ունեցած տեղեկությունները պարզաբանելուն, այլև դրանց փոխկապվածությունը և փոխկախվածությունն ի հայտ բերելուն:

Հետևաբար, քրեագիտական վարկածը հանցագործության հատկանիշներ պարունակող արարքի էության կամ առանձին հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալների վրա հիմնված, ստուգման ենթակա ենթադրությունն է: Տրամաբանության տեսակետից՝ վարկածը հիպոթեզի տարատեսակ է, որն իրենից ներկայացնում է մտածողության ձև, որի օգնությամբ իրականացվում է հավանական գիտելիքներից անցում դեպի արժանահավատը (ստույգը):

 

Քրեական գործով, որպես կանոն, առաջադրվում է մի քանի վարկած: Եթե հանցագործության էությունը պարզ է (հիմնականում բացահայտ հանցագործությունների դեպքերով) և դրա վերաբերյալ ընդամենը կարելի է մեկ եզրահանգում կատարել, ապա ընդհանուր վարկածների մշակման անհրաժեշտությունը բացակայում է: Սակայն նշյալ դեպքերում ոչ միշտ է հանցագործության բոլոր հանգամանքները բավարար չափով տեսանելի (օրինակ՝ պարզ չեն հանցագործության շարժառիթը և այլն), որը պայմանավորում է այլ, առավել մասնավոր վարկածների առաջադրման անհրաժեշտությունը:

 

Քրեագիտական վարկածները դասակարգվում են ծավալային առումով և ըստ որոշակիության: Ծավալային առումով (պարզաբանման ենթակա հանգամանքներ) դրանք բաժանվում են ընդհանուրի և մասնավորի: Դրա հետ մեկտեղ՝ ընդհանուր վարկածներն առաջադրվում են հանցագործության դեպքի առումով որպես գլխավոր և դրա առանձին հանգամանքների նկատմամբ հարցադրումների համատեքստում, որոնք բնութագրում են ապացուցման առարկայի հիմնական բաղադրիչները: Մասնավոր վարկածները կապված են հանցագործության առավել մասնավոր հանգամանքների հետ, որոնք հաստատում կամ ժխտում են ընդհանուր վարկածը:

Ըստ որոշակիության՝ քրեագիտական վարկածներն իրենց հերթին լինում են տիպային և կոնկրետ:

 

Տիպային վարկածները գիտական ընդհանրության արդյունք են, կազմվում են որոշակի աբստրակցիա ներկայացնող տիպային քննչական իրավիճակի հաշվի առնմամբ և հիմքով: Տիպային վարկածները սովորաբար ունեն կողմնորոշիչ նշանակություն և հիմնվում են ոչ զգալի ծավալի տեղեկությունների վրա: Օրինակ՝ հանկարծակի, առանց շարժառիթի անձի անհետացումը և անարդյունք նրա որոնումները հաճախակիորեն հիմք են տալիս առաջադրել տիպային վարկած սպանության մասին:

 

Կոնկրետ վարկածներն առաջադրվում են որոշակի հանցագործությունների քննության դեպքում և հիմնվում են սեռային առումով մոտ տիպային վարկածի վրա:

 

 

Պլանավորման սկզբունքները և պայմանները


Քննության պլանի օպտիմալության գնահատականը կախված է նրանից, թե որքանով է այն համապատասխանում հիմնական առանցքային դրույթներին, որոնց հանրագումարի արդյունքն ապահովում է դրա հիմնավորված սկիզբը: Նշյալ դրույթների շարքին  են դասվում պլանավորման էությունը, պայմանները, բաղադրիչները և սկզբունքները:

Պլանավորման սկզբունքները քրեագիտության կողմից մշակված և պլանավորմանը ներկայացվող պահանջներն են, որոնց պահպանմամբ ապահովվում է դրա արդյունավետությունը:

 

Պլանավորման սկզբունքներն են՝ անհատականությունը, դինամիկությունը, հիպոթետիկությունը, կոնկրետությունը և իրատեսականությունը:

 

Անհատականության սկզբունքը պահանջում է պլանավորման դեպքում հենվել ինչպես տվյալ տեսակի համար ընդհանուր հատկանիշների, այնպես էլ քննվող հանցագործության բոլոր առանձնահատկությունների վրա: Այսինքն՝ յուրաքանչյուր պլան պետք է լինի անհատական, այլ ոչ տիպային: Այս սկզբունքը քննիչին ուղղորդում է յուրաքանչյուր քրեական գործով կազմել քննության պլան: Որքանով որ չկա երկու միանման հանցագործություն, այնպես էլ անհնար է քննության պլան, որը պիտանի է մի քանի քրեական արարքների քննության համար, անգամ՝ միասեռ: Դրա հետ մեկտեղ, քննության պլանավորման անհատականության սկզբունքը չի բացառում, այլ, հակառակը, ենթադրում է տվյալ դեպքի համար բոլոր անհրաժեշտ ընդհանրական բնույթի քրեագիտական առաջարկությունների լայն կիրառում: Քննության տիպային ուղղությունների, միջոցների և եղանակների վերաբերյալ առաջարկությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ հաշվի է առնվում կոնկրետ հանցագործության և առկա քննչական իրավիճակի բոլոր առանձնահատկությունները:

 

Դինամիկության սկզբունքը նշանակում է, որ քննության պլանը՝ որպես քննիչի կարևոր ստեղծագործական աշխատանքային գործիք, չի կարող չլինել ճկուն և շարժունակ: Ճկունությունը և շարժունակությունը ենթադրում է, որ քննիչը չի կարող կախված լինել քննության այն ուղղություններից, որոնք ինքը նախկինում պլանավորել էր: Գործով տեղեկությունների հավաքման և հետազոտման տրամաբանությունն այն է, որ ստացվող նոր տեղեկությունները միշտ փոխում են ստեղծված քննչական իրավիճակը և համապատասխանաբար պահանջում քննության պլանում լրացումների  և փոփոխությունների կատարում: Այս պահանջի իրականուցումն ապահովում է պլանի դինամիկությունը: Այս սկզբունքը սերտ կապված է քննության փուլային ընթացքի հետ, որոնցից յուրաքանչյուրում պլանի բնույթը փոխվում է: Պլանավորումը մեկանգամյա գործողություն չէ, այն զուգահեռաբար իրականացվում է քննության ողջ ընթացքում:

Հիպոթետիկության սկզբունքը բխում է քննության ընթացքի օբյեկտիվ օրինաչափությունից որպես որոնողական ճանաչողական գործունեություն, որն արտահայտվում է գործով տեղեկությունների ստացման և հավաքման գործընթացում և պահանջում ի հայտ եկած հանգամանքների հիպոթետիկ բացատրություն: Նշվածի հետ կապված՝ քննության պլանը որոնողաճանաչողական մասով կարող է գոյություն ունենալ միայն առաջադրված քննչական վարկածների հիմքում: Հետևաբար, վարկածը պլանավորման տրամաբանական հիմքն է, դրա կազմակերպական սկիզբը: Դրա հետ մեկտեղ, պլանի ոչ որոնողական հատվածը կարող է ուղղված լինել այլ խնդիրների լուծմանը (տակտիկատեխնիկական, կազմակերպական և դատավարական):

 

Կոնկրետության սկզբունքը նշանակում է, որ պլանում պետք է արտահայտված լինեն այս կամ այն վարկածի ստուգման համար անհրաժեշտ բոլոր հարցերը, բոլոր քննչական գործողությունները, հետախուզական և այլ միջոցառումները, դրանց կոնկրետ ժամկետները և կատարող անձինք: Օրինակ՝ անիմաստ է պլանում նշել, «կատարել վկաների հարցաքննություններ», «խուզարկել կասկածյալներին» և այլն: Նման պլանը պրակտիկորեն ոչինչ չի տալիս: Պլանում պետք է նշվի, թե որ վկան պետք է հարցաքննվի, որ կասկածյալը պետք է խուզարկվի, ով և երբ պետք է կատարի նշված գործողություննները:

Իրատեսականության սկզբունքը նշանակում է, որ մշակված պլանը պետք է ապահովի քննության ուղղությունների որոշման և առաջադրված քննչական բոլոր վարկածների արդյունավետ, լիարժեք ստուգման հնարավորություն: Դրա հետ մեկտեղ, նկատի է ունեցվում առաջադրված խնդիրների լուծումը սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով  քննչական գործողությունների, բոլոր հնարավոր քրեագիտական ռեսուրսների, ժամանակակից գիտության և տեխնիկայի առավելագույն կիրառման իրական հնարավորությունները: Պլանի կազմման ժամանակ անհրաժեշտ է առաջնորդվել աշխատանքի ծավալի իրատեսական գնահատականով, ինչպես նաև քննիչի ներուժով և կարողություններով:

 

Նկատի ունենալով, որ քննության պլանավորումը մտածողական ընթացք է, ուստի այն կարելի է դիտարկել ինչպես զարգացող համակարգ և նկարագրել համակարգային մոտեցման համատեքստում: Այս տեսանկյունից քննության պլանները միշտ  համակարգված են: Համակարգվածությունն արտահայտվում է թեկուզ նրանում, որ պլանավորման յուրաքանչյուր տեսակ (ընդհանուր, օրացուցային, առանձին քննչական գործողությունների), ցանկացած պլանի բաղադրիչ առավել ընդհանուր համակարգի կառուցվածքային մաս է: Պլանավորման բոլոր փուլերն ու ձևերը հաջորդական են միմյան հետ: Հենց այս հանգամանքն է թույլ տալիս խոսել քննության պլանի և պլանավորման ամբողջականության մասին և այն ներկայացնել փոխկապակցված համակարգի տեսքով: Այսպիսի ամբողջականությունը և ներքին կազմակերպվածությունը վերաբերելի է նաև առաձին քննչական գործողությունների պլանավորմանը: Չի կարելի քննչական գործողությունը լիակատար պլանավորել՝ չհետևելով կամ բաց թողնելով այդ գործընթացի առանձին փուլեր: Այսպես, հնարավոր չէ որոշել անհրաժեշտ տակտիկական հնարքները և դրանց կիրառման հաջորդականությունը, ինչպես նաև դրանց համար կիրառելի տեխնիկական միջոցները և բացահայտման մեխանիզմները, հետքերի ամրագրման և ամբողջականության ապահովման հարցերը՝ առանց այս կամ այն խնդրի կամ ապացուցման ենթակա հանգամանքների պարզման հերթականությունը որոշելու:

 

Պլանավորման առաջնային նպատակը պլանի կազմումն է, որից հնարավոր կլինի տեսնել ինչը և ինչպես պետք է կատարել, երբ, որտեղ և ով պետք է զբաղվի դրանցով: Նշվածին հասնելու համար քննիչը պետք է լուծի միջանկյալ խնդիրների մի ամբողջական շարք, անցնի հաջորդաբար պլանավորման բոլոր փուլերով: Դրա հետ մեկտեղ, նշվածներից յուրաքանչյուրն ունի իր մասնավոր նպատակները, որոնց չհասնելը թույլ չի տա անցնել հաջորդ փուլին: Օրինակ՝ քննության կոնկրետ խնդիրները չպարզելով հնարավոր չէ ճիշտ որոշել անհրաժեշտ քննչական գործողությունների և այլ միջոցառումների շրջանակը, դրանք չձևակերպելով հնարավոր չէ սահմանել դրանց կատարման հաջորդականությունը, ժամկետները և այլն:

 

 

 

Քննության պլանի ձևերը


Ըստ ձևի՝ քննության պլանը կարող է լինել գրավոր և բանավոր: Քննչական պրակտիկայում հաճախ օգտագործվում է գրավոր ձևը՝ որպես առավել արդյունավետ միջոց, որը քննիչից չի պահանջում քննության պլանի բովանդակությունը, պարզաբանման ենթակա հանգամանքները, միջոցառումները, դրանց կատարման հաջորդականությունը և ժամկետները մտապահել հիշողության մեջ:

Բանավոր պլանով քննիչը սահմանափակվում է գլխավորապես քննության սկզբում, երբ իրականացնում է անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի վայրում ու հնարավորություն չունի կազմել գրավոր քննության պլան: Այս ժամանակ նույնպես քննիչը չի կարող խուսափել քննության պլանավորումից և պետք է հենց սկզբում գործի որոշակի, թեկուզ և՝ մտովի, բայց բազմակողմանի մտածված պլանի շրջանակում: Այլապես նրա աշխատանքը գործով կստանա քաոսային բնույթ և, որպես կանոն, քիչ արդյունավետ կլինի:

 

Կատարելով բոլոր անհետաձգելի միջոցառումները՝ քննիչը ձեռնամուխ է լինում քննության գրավոր պլանը կազմելուն, որի բաղադրիչներն են՝

 

v  առաջադրված վարկածները,

v  պարզաբանման ենթակա հարցերը, հանգամանքները,

v  քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները, դրանց կատարման ժամկետները և հաջորդականությունը:

 

Եթե կիրառվում է  քննության խմբային մեթոդը, քննչական և օպերատիվ խմբի ղեկավարի և խմբի մյուս անդամների մասնակցությամբ, գործով կազմվում է քննության ընդհանուր պլան, իսկ նշվածից զատ յուրաքանչյուր քննիչ կազմում է իր անհատական քննության պլանը:

Անհատական պլանի կոնկրետ բովանդակությունը կախված է նրանից, թե ինչպես է բաշխվել պարտականությունները խմբի անդամների միջև և ինչ հանձնարարություն է ստացել յուրաքանչյուրը:

Գործնականում աշխատանքի բաշխումն իրականացվում է տարբեր եղանակով: Մի դեպքում խմբի աշխատանքները կառուցվում են վարկածներով, երբ յուրաքանչյուր քննիչ իրականացնում է մեկ կամ մի քանի նախատեսված վարկածի ստուգումը: Երկրորդ դեպքում այն կազմակերպվում է փուլային եղանակով, և յուրաքանչյուր խմբի անդամին հանձնարարվում է հետազոտել այս կամ այն հանցագործության դրվագը կամ մի քանի փոխկապակցված դրվագներ: Երրորդ դեպքում, եթե հանցագործությունը կատարվել է տարբեր վայրերում, խմբի անդամների աշխատանքը բաժանվում է տարածքային սկզբունքով:

Երբեմն նպատակահարմար է խմբի որևէ անդամին հանձնարարել կատարել որոշակի քննչական գործողություններ, օրինակ՝ խուզարկություն, հարցաքննություն, փորձաքննության նշանակում և այլն:

Անհատական պլանների կառուցվածքը և բովանդակությունը բերված բոլոր դեպքերում տարբեր են լինում: Օրինակ, տարածքային կամ փուլային սկզբունքով աշխատանքի բաշխման դեպքում անհատական պլանները նմանվում են տիպային քննության պլանին և բովանդակում են բոլոր դրա հիմնական բաղադրիչները: Եթե քննիչին հանձնարարվել է միայն որոշակի քննչական գործողությունների նախապատրաստում և իրականացում, ապա անհատական քննության պլանը կստացվի հատվածային՝ կոնկրետ քննչական գործողությունների սահմաններում:

 

Խմբային և բազմադրվագ քրեական գործերով ընդհանուր և անհատական քննության պլանների հետ օգտագործվում են նաև պլանավորման օժանդակ միջոցներ՝

 

v  հանցավոր խմբի կառուցվածքի սխեմա,

v  հանցակիցների հանցավոր կապերի սխեմա,

v  փաստաթղթաշրջանառության, ապրանքանյութական արժեքների շարժի, կազմակերպության կառուցվածքի, արտադրության տեխնոլոգիական պրոցեսների սխեմաներ,

v  անձնական քարտեր՝ մեղադրյալների, նրանց մեղսագրվող արարքների ու առկա ապացույցների նշումով և այլն,

v  մեղադրյալի կապերի ցանկը,

v  և այլն:

 

Ինչպես վերը նշվեց, ցանկացած պլան կարող է ունենալ մտովի, գրավոր և գրաֆիկական ձև: Պրակտիկայում քննության համար կիրառելի է քննության գրավոր պլանի տիպային ձևը, որում առաջարկվում է նախատեսել հետևյալ տվյալները.

 

v  գործի անվանումը,

v  քննիչի կողմից հարուցման և վարույթ ընդունելու ամսաթվերը,

v  նախաքննության ավարտի ժամկետը,

v  կալանավորված անձի տվյալները,

v  կալանքի ժամկետը,

v  քննչական վարկածը,

v  պարզման ենթակա հանգամանքները,

v  անհրաժեշտ միջոցառումները,

v  յուրաքանչյուր միջոցառման կատարման ժամկետը,

v  կատարողները,

v  Նշում միջոցառման կատարման մասին (ինչ է պարզվել միջոցառման ժամանակ) կամ չկատարման պատճառները,

v  նախավարկածային հարցեր, որոնց պարզելու անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ հիմնական վարկած առաջադրելու համար բավարար տեղեկատվություն չկա:

 

Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր վարկածի համար անհրաժեշտ է առանձին բաժին հատկացնել:

 

Բազմադրվագ գործերով կազմվում են ընդհանուր և առանձին ՝ ըստ դրվագների, սուբյեկտների, հանցագործության կատարման վայրի և այլն պլաններ՝ համապատասխան սխեմաների օգտագործմամբ:

 

Նկատի ունենալով, որ յուրաքանչյուր քննիչի վարույթում առկա է մի քանի քրեական գործ, ապա նպատակահարմար է յուրաքանչյուր գործով կազմել աշխատանքի գրաֆիկ համապատասխան ժամանակահատվածի համար:

 

Հատկապես կարևոր նշանակություն ունի բարդ գործերով քննության պլանավորումը, երբ անհրաժեշտ է պարզել բազմաթիվ դրվագներ մեկ կամ մի քանի հանցագործությունների դեպքերով և երբ գործով կան զգալի քանակով մեղադրյալներ: Տվյալ դեպքում առաջարկվում է պլանի հետ զուգահեռ կազմել սխեմաներ՝ դրվագներով կամ հանցագործության մասնակիցներով: Այսպես, յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ կազմվում են անձնական քարտեր, որտեղ նշվում են հանցագործության դրվագները, դրանց կատարման ժամանակը, ապացույցները, որոնք մերկացնում են տվյալ մեղադրյալին և գործի թերթերը, որտեղ առկա է համապատասխան փաստաթուղթը:

 

Այսպիսով ներկայումս քրեագիտական գիտությունում և օպերատիվ-քննչական պրակտիկայում մշակվել են պահանջներ, որոնց պետք է բավարարի քննչական աշխատանքի պլանը.   


  1. Պլանի առավելագույն հիմնավորվածությունը՝ ապագա գործողությունների էական բաղադրիչների վերաբերելիության առումով: Նախատեսված աշխատանքի պայմանները, մասնակիցները, խոչընդոտները, ակնկալվող իրադրությունը, խթանող հանգամանքները.
  2. Պլանի կատարելիությունը և իրատեսականությունը, որը պետք է բխվի ոչ թե բարի ցանկություններից, այլ իրական հնարավորությունների հստակ հաշվարկից.
  3. Պլանի անհատականությունը՝  տվյալ աշխատանքի, որոշակի գործի կամ գործերի խմբի քննության համար դրա պիտանելիությունը.
  4. Պլանի ճկունությունը և շարժունակությունը.
  5. Պլանի անընդհատությունը.
  6. Պլանի առանձին բաղադրիչների՝ տեղի, ժամանակի, կատարողների, ակնկալվող արդյունքների և այլ ցուցանիշների, հաջորդականությունը, համաձայնեցվածությունը և փոխկապվածությունը,
  7. Պլանի արդյունավետությունը, կարողությունը՝ ապահովել այն խնդիրների լուծումը, որի համար այն մշակվել է:

 


Սխեմա 1.

 

Սխեմա 2.

 

Սխեմա 3.

 

Սխեմա 4.

 

Սխեմա 5.

 

Սխեմա 6.

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի