Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեում իրավական ակտերի նախագծերի մշակման, քննարկման և շրջանառման կարգը հաստատելու մասին

20.02.2018 17:03

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
 
Հրամանը՝

 

ք.Երևան, 20.02.2018թ., N 21-Լ 

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝


 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում իրավական ակտերի նախագծերի մշակման, քննարկման և շրջանառման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ղամբարյանին:

3. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

 

Ա.Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ


 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
 «   » ---------- 201 թ.
 թիվ ----- Լ հրամանի

 

 

 

ԿԱՐԳ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ քննչական կոմիտե) և քննչական կոմիտեի դեպարտամենտում (այսուհետ՝ դեպարտամենտ) իրավական ակտերի, բացառությամբ անհատական իրավական ակտերի, նախագծերի մշակման, քննարկման և շրջանառման հետ կապված հարաբերությունները:

2. Իրավական ակտերի նախագծերը պետք է կազմվեն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օրենսդրական տեխնիկայի կանոնների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի նիստի N 13 արձանագրային որոշմամբ հաստատված իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների պահանջներին համապատասխան:

3. Իրավական ակտերի նախագծերը մշակում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, դեպարտամենտի ղեկավարը, քննչական կոմիտեի և դեպարտամենտի ստորաբաժանումները (այսուհետ` նախագիծ մշակող): Իրավական ակտի նախագիծը մշակվում է քննչական կոմիտեի նախագահի կամ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ կամ նախագիծ մշակողի նախաձեռնությամբ:

4. Իրավական ակտի նախագծի մշակման նպատակով՝ քննչական կոմիտեի նախագահի, տեղակալի կամ դեպարտամենտի ղեկավարի հրամանով կարող է ստեղծվել աշխատանքային խումբ:

5. Իրավական ակտերի նախագծերը մշակելուց հետո, նախագիծ մշակողի կողմից դրանք ուղարկվում են կարծիքի քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, քննչական կոմիտեի նախագահի խորհրդականներին, դեպարտամենտի ղեկավարին՝ շահագրգիռ ստորաբաժանումներ ուղարկելու նպատակով, ինչպես նաև քննչական կոմիտեի շահագրգիռ մարմիններ կամ ստորաբաժանումներ:

6. Կարծիքի պատասխանը նախագիծ մշակողին ներկայացվում է մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ծավալուն իրավական ակտերի նախագծերի կամ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս 5 աշխատանքային օրով՝ համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնելով նախագիծ մշակողին:

7. Դիտողությունների և առաջարկությունների առկայության դեպքում, դրանք ներկայացվում են դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ գրությամբ՝ կից տեղեկանքով, որը պետք է լինի հնարավորինս հիմնավորված: Նախագծի տեքստի վրա նշումներ կատարելու եղանակով դիտողություններ և առաջարկություններ չեն ներկայացվում:

8. Իրավական ակտի նախագծի վերաբերյալ դիտողություններ կամ առաջարկություններ չլինելու դեպքում, ներկայացնում է գրություն դիտողությունների և առաջարկությունների բացակայության մասին:

9. Իրավական ակտի նախագծի վերաբերյալ սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետներում դիտողություններ և առաջարկություններ չներկայացնելը, համարվում է որպես դրանց բացակայություն:

10. Դիտողությունների և առաջարկությունների հիման վրա, նախագիծ մշակողի կողմից նախագծում ըստ անհրաժեշտության, կատարվում են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Ելնելով անհրաժեշտությունից, ինչպես նաև իրավական ակտի նախագծի վերաբերյալ տարբեր դիրքորոշումների դեպքում՝ կարող է անցկացվել քննարկում շահագրգիռ ստորաբաժանումների հետ:

11. Քննարկման անցկացումը պետք է իրականացվի այնպես, որ նախագիծ մշակողը ողջամիտ ժամանակ ունենա քննարկումների ընթացքում ստացված առաջարկություններն ամփոփելու համար:

12. Իրավական ակտի նախագծի ներքին շրջանառության վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները կարող են կցվել այդ իրավական ակտի նախագծին և պահվել նախագիծ մշակողի մոտ:

13. Նախագծի վերաբերյալ ստացված կարծիքներն ամփոփելուց հետո, նախագիծ մշակողը լրամշակված իրավական ակտի նախագիծը կից գրությամբ դեպարտամենտի ղեկավարի միջոցով ուղարկում է դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչություն՝ իրավական փորձաքննության եզրակացություն, և ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչություն՝ ֆինանսական տեղեկանք հատկացնելու համար:

14. Իրավական փորձաքննությունն անցկացվում է իրավական ակտի նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև այդ նախագծի՝ սույն կարգի պահանջների և օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանումն ապահովելու նպատակով:

15. Դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության ու ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման  վարչությունները մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում նախագծի վերաբերյալ տրամադրում են իրավական փորձագիտական եզրակացություն և ֆինանսական տեղեկանք:

16. Նախագիծ մշակողը սույն կարգի 15-րդ կետում նշված եզրակացության և տեղեկանքի հիման վրա նախագծում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ, իսկ դրանց հետ համաձայն չլինելու դեպքում, նախագծին կցում է տեղեկանք` ներկայացնելով իր առարկություններն անհրաժեշտ հիմնավորմամբ:

17. Եթե իրավական ակտի նախագիծն էականորեն ենթարկվել է լրամշակման, ապա այն սույն հրամանով սահմանված կարգով կարող է կրկին ուղարկվել շահագրգիռ ստորաբաժանումներ՝ կարծիքի, ինչպես նաև իրավական փորձաքննության եզրակացության և ֆինանսական տեղեկանք հատկացնելու համար:

18. Իրավական ակտի նախագիծը հանվում է շրջանառությունից, եթե կարծիքի ուղարկված շահագրգիռ ստորաբաժանումների բացարձակ մեծամասնությունն իրավական ակտի ընդունումը համարում է անընդունելի: Այդ մասին նախագիծ մշակողի կողմից ներկայացվում է զեկուցագիր իրավական ակտի նախագիծը մշակելու հանձնարարություն տվող պաշտոնատար անձին կամ ոլորտը համակարգող քննչական կոմիտեի նախագահի տեղակալին:

19. Քննչական կոմիտեին վերաբերող իրավական ակտը ստորագրման է ներկայացվում քննչական կոմիտեի նախագահի այն տեղակալի կողմից, ում համակարգման ոլորտում է գտնվում տվյալ իրավական ակտի նախագիծը մշակող ստորաբաժանումը, իսկ դեպարտամենտին վերաբերող իրավական ակտը ստորագրման է ներկայացվում դեպարտամենտի ղեկավարի կողմից:

20. Քննչական կոմիտեի նախագահն իրավական ակտի նախագիծը կարող է վերադարձնել իր դիտողություններով և առաջարկություններով՝ լրամշակման նպատակով, որը սույն կարգով նախատեսված կարգով կրկին համաձայնեցման չի ուղարկվում:

21. Իրավական ակտի նախագիծը գրանցվում և հասցեատերերին է առաքվում քննչական կոմիտեի նախագահի հրամանով հաստատված գործավարության կարգին համապատասխան:

22. Ներքին իրավական ակտերի համակարգումն իրականացնում է այն ստորաբաժանումը, որտեղ պահվում և հաշվառվում է իրավական ակտը:

23. Քննչական կոմիտեի կողմից մշակված և այլ գերատեսչություններ ուղարկվող, շրջանառվող իրավական ակտերի նախագծերի մշակման և քննարկման կարգն իրականացվում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի