Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ ծառայողների կողմից իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների ձևակերպման միասնական չափանիշները սահմանող ուղեցույցը հաստատելու մասին

07.05.2018 11:58

                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                   ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


                        Հրաման՝



07.05.2018. ք. Երևան թիվ 59-Լ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների կողմից իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների ձևակերպման միասնական չափանիշները սահմանելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչականկ ոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

                                                                                                   Հրամայում եմ՝

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների կողմից իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների ձևակերպման միասնական չափանիշները սահմանող ուղեցույցը՝ համաձայն N1 հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետին:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:




Ա. Գ. Հովսեփյան





ՀավելվածN1
Հայաստանի Հանրապետության
              քննչական կոմիտեի նախագահի
  «07» 05. 2018թ. N 59Լ հրամանի

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՈՒՂԵՑՈՒՅՑ




1. Սույն ուղեցույցով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների կողմից իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների ձևակերպման միասնական չափանիշները:

2. Օտարերկրյա պետության տարածքում քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման համար հարցումները(այսուհետ՝ Հարցում) կազմվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև քրեական գործերով դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում` Հարցումները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 541 -րդ գլխով (մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդված) նախատեսված դրույթներին համապատասխան:

3. Հարցումը (Ձև 1) ձևակերպում ևստորագրում է գործի մինչդատական վարույթն իրականացնող այն պաշտոնատար անձը (քննիչը), որի վարույթում գտնվում է քրեական գործը, իսկ գործով նախաքննությունը քննչական խմբին հանձնարարված լինելու դեպքում՝ քննչական խմբի ղեկավարը կամ վերջինիս հանձնարարությամբ խմբի անդամ այլ քննիչ՝ անունը, ազգանունը և պաշտոնը նշելով:

4. Հարցումը պետք է բովանդակի.

1) դատավարական փաստաթղթի անվանումը, ելից համարը, ամսաթիվը և կազմման վայրը,

2) օտարերկրյա պետության համապատասխան մարմնի ճշգրիտ պաշտոնական անվանումը, որին ուղարկվում է Հարցումը (օրինակ՝ Հարցումը հասցեագրվում է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմնին),

3) հղումՀայաստանի Հանրապետության վավերացրած համապատասխան միջազգային պայմանագրին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 474-րդ հոդվածին, իսկ միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 482-րդ և 483-րդ հոդվածներին,

4) այն քրեական գործի համարը, ինչի շրջանակներում հայցվում է իրավական օգնությունը,

5) տվյալներ՝ կատարված հանցանքի փաստական հանգամանքների նկարագրության, դրա քրեաիրավական որակման մասին, հնարավորության դեպքում՝ հանցագործությամբ պատճառված վնասի բնույթի և չափի մասին նշմամբ,

6) ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի (հոդվածների) տեքստը (կամ քաղվածքը), որով որակվել է (են) արարքը կամ արարքները,

7) տվյալներ անձանց մասին, որոնց վերաբերյալ ուղարկվում է Հարցումը (ֆիզիկական անձանց դեպքում՝ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան տարի, ամիս, ամսաթիվ, ծննդավայր, հաշվառման կամ փաստացի գտնվելու վայր, քաղաքացիություն, զբաղմունքի տեսակ, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ ամբողջական անվանում, իրավաբանական և փաստացի գործունեության հասցեներ), գործով նրանց քրեադատավարական կարգավիճակը,

8) հայցվող քննչական և (կամ) այլ դատավարական գործողությունների շրջանակը, ինչպես նաև այն փաստաթղթերի, իրեղեն և այլ ապացույցների ցանկը, որոնք ակնկալվում է ստանալ Հարցումը կատարողից,

9) Հարցման նպատակի մասին նշում (գործով ինչ փաստերի հաստատման նպատակով են անհրաժեշտ հայցվող ապացույցները),

10) փոխանցված առարկաների, փաստաթղթերի բնօրինակների վերադարձի վերաբերյալ երաշխիք հայցվող կողմին՝ պահանջի դեպքում,

11) երաշխիք այն մասին, որ Հարցման կատարմամբ ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես քրեական գործի քննության շահերից ելնելով՝ դրա բազմակողմանիությունը, լրիվությունը, գործի դատավարական լուծումն ապահովելու նպատակով, և չեն վնասի օտարերկրյա պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը և հասարակական կարգին,

12) Հայաստանի Հանրապետության վավերացրած մի շարք միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ Հարցման կատարման ակնկալվող ժամկետի մասին նշում (մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» 2002 թվականի ապրիլի 20-ին ընդունվածպայմանագրի 3-րդ հոդվածի2-րդ մասի «ե)» կետ, «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին» 2006թվականի հուլիսի 5-ին ստորագրվածհամաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ինմասի «ը)» կետ, «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» 2007թվականի ապրիլի 15-ին ստորագրված պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «զ)» կետ, «Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» 2010թվականի մարտի 23-ի  համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «զ)» կետ),

13) հարցման ստացման և կատարման ընթացքում գաղտնիության ապահովման խնդրանք՝ նշելով այն մասին, որ Հարցմամբ ներկայացված տվյալները կազմում են նախաքննական գաղտնիք և կարող են հրապարակվել միայն այնքանով, որքանով անհրաժեշտ են դրա պահանջների կատարման համար,

14) հարցման կատարման համար անհրաժեշտ այլ տվյալներ:

5. Հարցաքննության անցկացման մասին Հարցումը պետք է պարունակի այն հարցերի ամբողջական ցանկը, որոնք անհրաժեշտ են պարզել հարցաքննության ժամանակ:

6.Հարցմամբ կարելի է հայցել դատավարության մասնակցին գործի մինչդատական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կայացված որոշման հանձնումև ծանոթացում՝ նշելով հանձնման ենթակա դատավարական փաստաթղթի տեսակը, այն ստացողի դատավարական կարգավիճակը և ճշգրիտ հասցեն:

7. Գործի մինչդատական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի որոշման հիման վրա կատարման ենթակա քննչական և (կամ)այլ դատավարական գործողություն հայցելու դեպքում՝ անհրաժեշտ է Հարցմանը կցել նաև համապատասխան դատավարական որոշումը:

8. Այն դեպքում, երբ օտարերկրյա պետության տարածքում անհրաժեշտ է կատարել այնպիսի քննչական գործողություն, որը ենթակա է կատարման դատարանի որոշման հիման վրա, ապա գործի մինչդատական վարույթն իրականացնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է միջնորդություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան և դատարանի համապատասխան որոշումը ևս կցել Հարցմանը:

9. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող դատավարության մասնակիցներին կանչելու և նրանց մասնակցությամբ քննչական և (կամ) այլ դատավարական գործողություններ կատարելու մասին հարցումները կազմվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 481-րդ հոդվածով կամ փոխադարձության կարգով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու շուրջ պայմանավորվածություններին համապատասխան (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4995-րդ հոդվածի կարգով):

10. Հարցումներին, որոնք բովանդակում են կանչվող անձանց մասնակցությամբ կատարման ենթակա քննչական և (կամ) այլ դատավարական գործողությունների շրջանակը, անհրաժեշտ է կցել նաև կանչվող սուբյեկտներին ուղղված առանձին ծանուցագրեր, որոնք պետք է ներառեն ներկայանալու դեպքում անձանց տրվող դատավարական անձեռնմխելիության (իմունիտետի), անձնական բնույթի երաշխիքների, ինչպես նաև ֆինանսական փոխհատուցման (ճանապարհածախս, կեցության ծախսեր և այլն) վերաբերյալ ամբողջական տվյալներ: Ֆինանսական փոխհատուցման հետ կապված ծախսերի վերաբերյալ հարցերն անհրաժեշտ է նախապես քննարկել և համաձայնեցնել Հայաստանի Հանրապետությանքննչական կոմիտեի դեպարտամենտի հետ:

11. Անհրաժեշտության պարագայում Հարցման մեջ կարող է շարադրվել խնդրանք այն մասին, որ հայցվող դատավարական գործողությունները կատարվեն Հայաստանի Հանրապետությանքրեադատավարական օրենսդրությանը համապատասխան: Այդ դեպքում Հարցմամբ անհրաժեշտ է հիմնավորել ՀՀ օրենսդրության կիրառման անհրաժեշտությունը և կից ներկայացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի՝համապատասխան դատավարական ընթացակարգը սահմանող հոդվածների քաղվածքները:

12. Գործով նախաքննության անհրաժեշտությունից ելնելով՝ Հարցմամբ կարելի է հայցել նաև դրա կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝գործի մինչդատական վարույթն իրականացնող իրավասու ծառայողի (այդ թվում՝ գործի օպերատիվ ուղեկցումն ապահովող հետաքննության մարմնի իրավասու ծառայողի) ներկայության վերաբերյալ թույլտվություն, որում պետք է ներառվեն տվյալ պաշտոնատար անձի տվյալները և ծառայողական վկայականի համարը: Հարցումը պետք է բովանդակի նաև օտարերկրյա պետության իրավասու մարմնին ուղղված խնդրանք՝ Հարցմամբ հայցվող դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի մասին վաղօրոք տեղեկացնելու բովանդակությամբ, որպեսզի հնարավոր լինի նախօրոք ապահովել շահագրգիռ ծառայողների ներկայությունը դատավարական գործողությունների կատարման ընթացքում:

13. Համակարգչային տվյալների ստացման կապակցությամբՀարցում նախապատրաստելու և ձևակերպելու անհրաժեշտության դեպքում՝ անհրաժեշտ է ղեկավարվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի՝ 2017 թվականի մարտի 22-ի «Համակարգչային տվյալների ստացման կապակցությամբ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներին ներկայացվող լրացուցիչ պահանջների վերաբերյալ» թիվ 52-Լ հանձնարարականի պահանջներով:

14. Այն դեպքում, երբ վարույթի շրջանակներում առկա չեն Հարցում ձևակերպելու և դրա կատարումն ապահովելու համար անհրաժեշտ բավարար տվյալներ՝ անձանց, նրանց հասցեների, գույքի, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ, ապա մինչ Հարցում ձևակերպելն՝ անհրաժեշտ տվյալները կարող են հայցվել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (ԻՆՏԵՐՊՈԼ) խողովակներով՝ Հայաստանի ՀանրապետությունումԻՆՏԵՐՊՈԼ-ի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով:

15. Օտարերկրյա պետության տարածքում օպերատիվ-հետախուզական և այլ` ոչ դատավարական գործողություններ կատարելու կամ համապատասխան տվյալներ ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում՝ օժանդակության ցուցաբերման մասին հարցումը պետք է ներկայացվի քրեական գործի օպերատիվ ուղեկցումն ապահովող մարմնի (հետաքննության մարմին) կողմից Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերով սահմանված կարգով (օրինակ՝ «Հանցավորության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրվածհամաձայնագիրը):

16. Հարցման տեքստն անհրաժեշտ է շարադրել այնպես, որպեսզի ապահովի հասցեատիրոջ կողմից դրա հստակ ընկալումը: Միևնույն ժամանակ, հարկ է զերծ մնալ Հարցման տեքստում ավելորդ տեղեկատվության ներառումից, որը նշանակություն չունի դրա կատարման համար (քննության ընթացքի մասին ողջ տեղեկատվությունը և այլն):

17. Հարցման մեջ անհրաժեշտ է օգտագործել առավելապես հասարակ նախադասություններ, հնարավորինս խուսափել բարդ լեզվաոճական ձևակերպումների կիրառումից, ինչը բարդացնում է դրանց թարգմանությունը: Հարցման տեքստում բերվող հապավումները պետք է պարզաբանվեն: Քննության տրամադրության տակ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում՝ օտարահնչուն ազգանունները, անունները, անվանումները, հասցեները պետք է ներկայացվեն ինչպես հայերեն, այնպես էլ դրանց բնօրինակ լեզվի գրվածքով:

18.Հարցման տեքստում հայցվող դատավարականգործողություններն անհրաժեշտ է ներկայացնել ըստ կետերի,համարակալել հարցման էջերը և կից հավելվածները:

19. Հարցումը և կից փաստաթղթերը հաստատում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան մարմնի (ստորաբաժանման)՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի դրոշմով: Հարցմանը կցվող քաղվածքների, փաստաթղթերի պատճենների իսկությունը հաստատվում է գործի մինչդատական վարույթն իրականացնող համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ՝ անուն-ազգանվան և պաշտոնի նշմամբ:


Ձև1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ (ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ) ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ




Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի