Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

10.01.2019 12:30

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ժողովուրդ օրաթերթ խմբագրություն» ՍՊ ընկերության լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 11-ին Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատինի համայնքապետարանի վարչական շենքի մոտ խոչընդոտվել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Մասնավորապես՝  տեղեկանալով, որ Շատին համայնքի բնակիչների կողմից նույն համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելու կապակցությամբ համայնքապետարանի դուռը փակ է պահվում՝ նշված խմբագրության երկու լրագրողներ 2018թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, գնացել են Շատինի համայնքապետարանի վարչական շենք՝ իրավիճակը լուսաբանելու: Սակայն նույն համայնքի 4 բնակիչներ՝ ծնված 1984, 1958, 1973 և 1970թթ., նկատելով լրագրողներին՝ կանգնել են նրանց առջև, վիճաբանության մեջ մտել նրանց հետ և արգելել մոտենալ համայնքապետարանի մուտքին՝ այդ կերպ խոչընդոտելով լրագրողների մասնագիտական գործունեությանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վայոց Ձորի Շատին գյուղի 4 բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի