Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է Ն. Քոչինյանի սպանության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

02.08.2016 11:16

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վահագնի գյուղի բնակիչ Ն. Քոչինյանի սպանության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանին:
 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ն.Քոչինյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 02.00-ին,  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհից շուրջ 300 մետր հեռավորության վրա,  գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
 

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝  Ռուսաստանի Դաշնությունում  փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա Ն.Քոչինյանի հետ 2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանը, որի ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակով կրակել է Քոչինյանի գլխին։ Ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է։
 

Բացի այդ, պարզվել է, որ Ա. Կախյանը, գտնվելով հետախուզման մեջ, 2016 թվականի փետրվարին ապօրինի կերպով հատել է ՀՀ սահմանը։ Նա հայտնաբերվել  է 2016 թվականի հունիսի 26-ին   Բագրատաշենի սահմանային անցակետում և բերման ենթարկվել:
 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Կախյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 1-ին և 329-րդ հոդվածի 1-ին մասերով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել մասնակի։
 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի