Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտնաբերվել և կալանավորվել է Վանաձորում խուլիգանական դրդումներով դիտավորությամբ երկու անձի մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող անձը

21.04.2015 13:16
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հայտնաբերվել և կալանավորվել է  Վանաձորում 2015 թվականի մարտի 15-ին-ին երկու հոգու կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող անձը։
 
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 23:00-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության բաժանմունքից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության են դիմել Ս.Մելիքյանը՝ աջ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով, և Ա.Մկրտչյանը՝ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նշված անձանց մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները։ Քննության տվյալներով՝  մարտի 15-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ Մ.Սարոյանը խուլիգանական դրդումներով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով  անհիմն վիճաբանել և հարձակվել է Փ.Մելիքյանի վրա, որի ընթացքում իր մոտ առկա սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է հարձակումը հետ մղող Ա.Մկրտչյանի գոտկային շրջանին և Ս.Մելիքյանի կրծքավանդակի թիկունքային աջ շրջանին։ Հարվածների հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, մասնավորապես՝ ծակած-կտրած թափանցող վերք` աջակողմյան պնևմոթորաքսով և ենթամաշկային էմֆիզեմայով, իսկ Ա.Մկրտչյանի առողջությանը` թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
 
2015 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել Մ.Սարոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
 
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում  ապրիլի 16-ին Մ.Սարոյանը հայտնաբերվել է։  Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Մ.Սարոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի