Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մեղադրանք է առաջադրվել` ԲԿ-ում երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու համար. բժիշկը կալանավորվել է

31.01.2017 16:12

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժշկին՝ երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 03-ի սահմաններում, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ աղջիկը «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունք է ընդունվել հունվարի 16-ին։ Վերջինս հունվարի 17-ին տեղափոխվել է «Բժիշկների սենյակ» գրառմամբ սենյակ, որտեղ հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, փորձել է  սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Աղջիկը դիմադրել է՝ հրել բժշկին, կծել ձեռքերը, բաժակով ջուր լցրել վրան։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բժշկին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի