Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը

10.09.2018 12:47

Հավելված
Հայաստանի Հանրապետության քննչական
Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի
05.09.2018թ. որոշման

 

 

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ


ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

I.ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ


 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության կազմակերպման կարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք), սույն աշխատակարգով, ինչպես նաև՝ այլ իրավական ակտերով։

 



II.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

3. Հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որի կազմում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ, Կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող,  Կառավարության նշանակած 4 ներկայացուցիչ։ Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով։

4. Հանձնաժողովի անդամներն անկախ են։ Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է։

5. Հանձնաժողովն ունի նախագահ, անդամներ և քարտուղար։

6. Հանձնաժողովի կազմում ընդգրկված կոմիտեի նախագահի տեղակալը Հանձնաժողովի նախագահն  է:

7. Հանձնաժողովում նոր անդամների նշանակումներն օրենքով սահմանված կարգով կատարվում են Հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը։

 

 

                  III.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


 

6. Հանձնաժողովը՝

1) Քննարկում է  կարգապահական վարույթ հարուցելու  մասին միջնորդությունները.
2) քննարկում է անձին Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակից հանելու  միջնորդությամբ Կոմիտեի նախագահին դիմելու հարցը.
3) քննարկում է քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց տարկետում տրամադրելու հարցը.|4) տալիս է եզրակացություններ.
5) ընդունում է ընթացակարգային և ըստ էության որոշումներ.
6) սահմանում է կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը.

9. Հանձնաժողովի նախագահը՝

1) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) հրավիրում է և վարում է Հանձնաժողովի նիստերը.
3) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, եզրակացությունները, որոշումներն ու Հանձնաժողովի կողմից կազմված այլ փաստաթղթերը.
4) որոշում է նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը.
5) Հանձնաժողովի անդամների կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդություն ներկայացնելու դեպքում՝ նախնական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, այն ուղարկում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն.
6) անհրաժեշտության դեպքում՝ պահանջում է առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր.
7) հարցեր է տալիս նախնական ուսումնասիրություն իրականացրած Կոմիտեի ներքին անվտանգության վարչության ծառայողին (այսուհետ՝ Զեկուցող).
8) հանձնարարում է Հանձնաժողովի քարտուղարին միջնորդությունների վերաբերյալ հավաքել նյութեր, Հանձնաժողովի նիստին ներկայացնել դրանք և կազմել որոշումների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի նախագծեր.
9) Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, իր լիազորությունների իրականացումը հանձնարարում է Հանձնաժողովի անդամներից մեկին.
10) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ  լիազորություններ։

10. Հանձնաժողովի անդամը՝

1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին.
2) առաջարկություններ և կարծիքներ է ներկայացնում Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ.
3) հարցեր է տալիս Զեկուցողին.
4) ստորագրում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները, կազմված եզրակացություններն.
5) Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդություններ.
6)իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։

11. Հանձնաժողովի քարտուղարին Կոմիտեի դեպարտամենտի ծառայողներից նշանակում է Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը։

12. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
2) Հանձնաժողովի նիստի օրակարգի, տեղի և ժամանակի մասին նիստից առնվազն երեք օր առաջ գրավոր կամ կապի միջոցներով տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին, Կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը, իսկ Կոմիտեի այն ծառայողին, ում նկատմամբ քննվելու է կարգապահական խախտման հարցը՝ Հանձնաժողովի նիստի տեղի և ժամանակի մասին.
3) Հանձնաժողովի անդամներին տրամադրում է Հանձնաժողովի կողմից քննության առնված հարցերի վերաբերյալ համապատասխան նյութեր, նախնական ուսումնասիրության արդյունքում կազմված եզրակացության օրինակներ.
4) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ միջնորդությունների վերաբերյալ հավաքում է նյութեր, Հանձնաժողովի նիստում ներկայացնում է դրանք և կազմում որոշումների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի Նախագծեր.
5) իրականացնում է Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման հետ կապված աշխատանքներ.
6) Կոմիտեի դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանմանը պահպանության և հաշվառման է հանձնում Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և մյուս նյութերը.
7) կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները.
8) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
9) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ  լիազորություններ։

13. Հանձնաժողովի լիազորությունների լիարժեք իրականացումն և տեխնիկական ապահովումն իրականացնում է Կոմիտեի դեպարտամենտը։





IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։ Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են Հանձնաժողովի առնվազն 5 անդամ: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ Հանձնաժողովի անդամներից մեկը։ Հանձնաժողովի անդամը նիստին ներկայանալու անհնարինության դեպքում՝ այդ մասին նախօրոք տեղյակ է պահում Հանձնաժողովի նախագահին։

15. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել 3 շաբաթը, բացառությամբ Կոմիտեի ծառայողի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել Կոմիտեի ծառայողի բացակայության ժամանակահատվածով:

16. Հանձնաժողովի նախագահը կամ անդամը չի մասնակցում կարգապահական վարույթին, եթե`

1) առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող կոմիտեի ծառայողի մերձավոր ազգականն է.
2 կասկածվում է առերևույթ իրավախախտման մեջ և Հանձնաժողովի անդամ է ընտրվել վիճակահանությամբ.
3 առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող կոմիտեի ծառայողի  անմիջական վերադասն է կամ տվյալ ստորաբաժանման պետն է.
4) առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող կոմիտեի ծառայողի  անմիջական ենթական է կամ տվյալ ստորաբաժանման ծառայող:

17. Հանձնաժողովի անդամը պարտավոր է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, եթե`

1) կանխակալ վերաբերմունք ունի կարգապահական վարույթի  մասնակցի (Կոմիտեի ծառայողի, կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում կամ դիմում ներկայացրած մասնավոր անձի) նկատմամբ.
2) ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով կամ առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ Հանձնաժողովի անդամի անաչառության վերաբերյալ:

18. Առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող կոմիտեի ծառայողը, կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում կամ դիմում ներկայացրած մասնավոր անձը սույն աշխատակարգի 16-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունեն Հանձնաժողովի նախագահի կամ տվյալ անդամի վերաբերյալ բացարկի միջնորդություն ներկայացնելու։

19. Ինքնաբացարկի կամ բացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշում ընդունում է Հանձնաժողովը քվեարկությամբ` նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամը, ով ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն կամ ում նկատմամբ ներկայացվել է բացարկի միջնորդություն, չի մասնակցում քվեարկությանը։

20. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքում։ Հանձնաժողովի նախագահի որոշմամբ կարող են անցկացվել նաև արտագնա նիստեր։

21. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է։ Հանձնաժողովի որոշմամբ նիստերը կարող են ձայնագրվել և տեսագրվել։ Ձայներիզներն ու տեսաերիզները կցվում են արձանագրությանը՝ որպես հավելված։ Հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որը ներառում է նաև քննարկված բոլոր հարցերի քվեարկությունների արդյունքները, ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը։

22. Նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են՝

1) նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) նիստը սկսելու և ավարտելու ժամը.
3) նիստին ներկա Հանձնաժողովի նախագահի (նախագահողի), անդամների և քարտուղարի անունը, ազգանունը, պաշտոնը.
4) տեղեկություններ Հանձնաժողովի կողմից քննվող հարցի վերաբերյալ.
5) տեղեկություններ՝ նիստին մասնակցող անձանց ներկայանալու վերաբերյալ.
6) նիստին մասնակցող անձանց հայտարարությունները, միջնորդությունները և բացատրությունները.
7) Կոմիտեի ծառայողների, այլ անձանց բացատրությունները.
8) տեղեկություններ՝ նյութերի հրապարակման, զննման և հետազոտման վերաբերյալ.
9) Ընթացակարգային որոշումների տեսքով ձևակերպվող որոշումների բովանդակությունը։

23. Հանձնաժողովը՝ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ կայացնում է ընթացակարգային և ըստ էության որոշումներ, տալիս է եզրակացություններ։

24. Ըստ էության որոշումները կազմվում են և Հանձնաժողովի նիստին են ներկայացվում Զեկուցողի կողմից: Ըստ էության որոշումները պետք է լինեն պատճառաբանված և համապատասխան տեղեկություններ պարունակեն Օրենքի 29-րդ հոդվածում նշված կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության (բացակայության) վերաբերյալ։

25. Հանձնաժողովի ըստ էության որոշումները համարակալվում են և հաշվառվում էլեկտրոնային մատյանում:

 

ԲԱԺԻՆ 2
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

V. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՓՈՒԼԵՐԸ

26. Կարգապահական վարույթը բաղկացած է կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննարկման, հիմնական լսումների և որոշման կայացման փուլերից:




VI. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

27.  Կարգապահական խախտման փաստի առթիվ Կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ Կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ:

28. Հանձնաժողովի անդամի միջնորդության հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրության եզրակացությունը և նյութերը ներկայացվում են Հանձնաժողովի նախագահին և միջնորդություն ներկայացրած անդամին։ Նախնական ուսումնասիրության եզրակացությունը պարտադիր չէ միջնորդություն ներկայացրած Հանձնաժողովի անդամի համար։

29. Հանձնաժողովի նախագահը կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության դեպքում կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Հանձնաժողովին։

30. Հանձնաժողովի անդամը նախնական ուսումնասիրության եզրակացության և կամ նյութերի հիման վրա որոշում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու հարցը, որը կարող է հարուցվել կարգապահական խախտումը հայտնաբերելուց հետո 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո: Նշված Ժամկետը հաշվվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից գրավոր կամ կապի միջոցներով Հանձնաժողովի անդամներին նախնական եզրակացության մասին տեղեկացնելու օրվանից:

 

VII. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ


 

31. Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության առկայության դեպքում Հանձնաժողովի նախագահը բացում է Հանձնաժողովի նիստը՝ հայտարարելով, թե ինչ հարց է ենթակա քննության, ինչպես նաև սահմանում է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննության կարգը։ Մինչև օրակարգի հրապարակումն այլ հարցեր չեն քննարկվում։

32. Հանձնաժողովի նախագահը հրապարակում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը և կից ներկայացված նյութերը։ Հանձնաժողովի անդամները և առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողն իրավունք ունեն ծանոթանալու կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությանը և կից ներկայացված փաստաթղթերին։

33. Զեկուցողը ներկայացնում է կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացությունը և նախնական ուսումնասիրության նյութերը։ Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու նախնական ուսումնասիրության նյութերին և հարցեր տալ Զեկուցողին։

34. Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության քննարկման արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը բավարարելու և կարգապահական վարույթ հարուցելու կամ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը մերժելու մասին։
Հարուցված կարգապահական վարույթի առկայության պայմաններում, Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում, նույն անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ նոր միջնորդություն ստանալու դեպքում Հանձնաժողովը սույն աշխատակարգով սահմանված կարգով կարող է որոշում կայացնել նրա նկատմամբ նոր կարգապահական վարույթ հարուցելու և  վարույթները միացնելու մասին:

Նույն անձի վերաբերյալ մեկից ավելի կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության առկայության դեպքում Հանձնաժողովը սույն աշխատակարգով սահմանված կարգով կարող է որոշել դրանցով մեկ կարգապահական վարույթ հարուցելու հարցը:
(լրացում՝ ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի 06.06.2019թ. որոշմամբ)

35. Հանձնաժողովը որոշումն ընդունում է փակ քվեարկությամբ՝ նիստին ներկա Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Հանձնաժողովի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկությունից։ Հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջինը։ Հանձնաժողովի անդամների ձայները կիսվելու դեպքում ընդունված է համարվում Կոմիտեի ծառայողի համար առավել բարենպաստ որոշումը։

36. Եթե մինչև կարգապահական վարույթ հարուցելը պարզվել է, որ առկա է Կոմիտեի տվյալ ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթի հարուցումը հետաձգվում է մինչև համապատասխան նյութերի նախապատրաստման կամ քրեական գործի քննության ավարտը։

 

VIII. ՀԻՄՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՈՒՄ

 

37. Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու դեպքում Հանձնաժողովը քննարկում է հիմնական լսումներ անցկացնելու հարցը։

38. Կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում Հանձնաժողովը կարող է միջնորդել Կոմիտեի նախագահին կասեցնելու առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողի լիազորությունները, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը կարող է նրան պաշտոնից ազատելու հիմք հանդիսանալ մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը։

39. Մինչև իրավախախտման վերաբերյալ փաստական տվյալների հետազոտումը սկսելը բացման խոսքով հանդես է գալիս Զեկուցողը, ով ներկայացրել է կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության վերաբերյալ եզրակացությունը, կամ Հանձնաժողովի անդամը, ում միջնորդության հիման վրա հարուցվել է կարգապահական վարույթը։ Զեկուցողը կամ հանձնաժողովի անդամը բացման խոսքում ներկայացնում է Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի այն կետը, որի առերևույթ խախտման մեջ կասկածվում է Կոմիտեի ծառայողը, ինչպես նաև իրավախախտում կատարելու փաստական հիմքը։ Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրավասու են Զեկուցողի կամ Հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություններ կայացրած անդամի դիրքորոշումը ճշտող հարցեր տալ։

40. Առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող ծառայողը, նիստին մասնակցելու դեպքում, իրավունք ունի բացման խոսքում ներկայացնել իրեն վերագրվող իրավախախտման վերաբերյալ դիրքորոշումը։ Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրավասու են ծառայողի դիրքորոշումը ճշտող հարցեր տալ։

41. Բացման խոսքերը ներկայացնելուց անմիջապես հետո Հանձնաժողովն անցնում է նախնական ուսումնասիրության նյութերի կամ Հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն հարուցած անդամի ներկայացրած նյութերի հետազոտմանը։

42. Զեկուցողը կամ Հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն հարուցած անդամը Հանձնաժողովին ներկայացնում է յուրաքանչյուր վերաբերելի նյութի հակիրճ բովանդակությունը, ինչպես նաև տվյալ նյութով հիմնավորվող  իրավախախտման հատկանիշները։ Հանձնաժողովի նախագահը կամ անդամներն իրավասու են յուրաքանչյուր ներկայացված նյութի վերաբերյալ տալ հարցեր։

43. Կոմիտեի ծառայողն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ։ Հանձնաժողովի նախագահն իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամի միջնորդությամբ բացատրություն տալու նպատակով նիստին կարող է հրավիրել առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողին կամ այլ անձի։ Բացառիկ դեպքերում հեռավորությամբ պայմանավորված՝ բացատրությունը կարող է վերցվել տեսակապի միջոցով:

44. Հանձնաժողովը նյութեր չի հետազոտում, եթե առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողը Հանձնաժողովի նիստին ընդունում է իրեն վերագրվող իրավախախտումը կատարելու հանգամանքը, իր մեղավորությունը և գրավոր միջնորդում է առանց նյութեր հետազոտելու անցնել լրացուցիչ լսումների։

45. Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրավասու են առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողին առանց նյութեր հետազոտելու լրացուցիչ լսումների անցնելու մասին միջնորդության վերաբերյալ հարցեր տալ։

46. Նյութերը հետազոտելուց կամ առանց նյութեր հետազոտելու լրացուցիչ լսումների անցնելու մասին առերևույթ իրավախախտման մեջ կասկածվող Կոմիտեի ծառայողի միջնորդությունը բավարարելուց հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է հիմնական լսումների ավարտը, և որոշում կայացնելու համար Հանձնաժողովը հեռանում է առանձին սենյակ։

47. Հանձնաժողովն առանձին սենյակում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) կարգապահական խախտման փաստի բացակայության մասին.
2) կարգապահական խախտման փաստի առկայության և Կոմիտեի ծառայողի մեղքի առկայության մասին.
3) կատարված իրավախախտման մեջ Կոմիտեի ծառայողի մեղքի բացակայության մասին։

48. Հանձնաժողովը որոշումն ընդունում է առանձին սենյակում՝ փակ քվեարկությամբ՝ նիստին ներկա Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Հանձնաժողովի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկությունից։ Հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջում։ Հանձնաժողովի անդամների ձայները կիսվելու դեպքում ընդունված է համարվում Կոմիտեի ծառայողի համար առավել բարենպաստ որոշումը։

49. Հանձնաժողովի որոշումները ստորագրում են Հանձնաժողովի նախագահն ու անդամները։ Դեմ քվեարկած անդամն իրավունք ունի չստորագրել որոշումը, սակայն պարտավոր է ներկայացնել պատճառաբանված հատուկ կարծիք, որը կցվում է որոշմանը։

50. Սույն աշխատակարգի 47-րդ մասով սահմանված որոշումներն անհապաղ ուղարկվում են Կոմիտեի նախագահին։

51. Եթե կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է Կոմիտեի տվյալ ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան նյութերի նախապատրաստման կամ քրեական գործի քննության ավարտը։

52. Կարգապահական վարույթը կասեցվում և վերսկսվում է Հանձնաժողովի որոշմամբ:

53. Եթե հարուցված կարգապահական վարույթի տևողությունը, Հանձնաժողովի քվորում չունենալու պատճառով, գերազանցում է  Օրենքով սահմանված 3 շաբաթյա ժամկետը, ապա վարույթը թողնվում է անհետևանք:

54. Կարգապահական խախտման փաստի առկայության և անձի մեղավորության մասին որոշում կայացնելու դեպքում Հանձնաժողովն անցնում է լրացուցիչ լսումների, եթե Կոմիտեի նախագահը մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված տույժերի կիրառման հարցը։

 

IX.  ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼՍՈՒՄՆԵՐ

 

55. Լրացուցիչ լսումների ընթացքում Հանձնաժողովը քննարկման առարկա է դարձնում Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված տույժերի կիրառման հարցը։

56. Զեկուցողը լրացուցիչ լսումների ընթացքում ներկայացնում է Կոմիտեի նախագահի դիրքորոշումը 4-6 կետերով նախատեսված կոնկրետ տույժի կիրառման մասին։

57. Կոմիտեի նախագահի կողմից «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժի կիրառման հարցը քննարկման ներկայացնելու դեպքում, Հանձնաժողովը եզրակացություն է տալիս կամ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով», կամ «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժի կիրառման նպատակահարմարության մասին։

58. Կոմիտեի նախագահի կողմից «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժի կիրառման հարցը քննարկման ներկայացնելու դեպքում, Հանձնաժողովը եզրակացություն է տալիս կամ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով», կամ «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժի կիրառման նպատակահարմարության մասին։

59. Կոմիտեի նախագահի կողմից «պաշտոնից ազատում» տույժի կիրառելու հնարավորության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու դեպքում, եթե Հանձնաժողովը որոշում է կայացնում «պաշտոնից ազատում» տույժի կիրառման անհնարինության մասին, ապա Կոմիտեի նախագահին առաջարկում է նրա հայեցողությամբ կիրառել «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կամ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժերից մեկը։

60. Կոմիտեի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարանում:

                      

ԲԱԺԻՆ 3

XI. ԱՆՁԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

61. Անձին Կոմիտեի ծառայողների ցուցակից հանելու, տարկետում տրամադրելու՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի ներկայացման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի նիստին ներկայացնում է, թե ինչ հարց է ենթակա քննարկման:

62. Անձն իրավունք ունի ներկա գտնվել Հանձնաժողովի նիստին և բացատրություններ ներկայացնի քննարկվող հարցի վերաբերյալ:

63. Անձին Կոմիտեի ծառայողների ցուցակից հանելու, տարկետում տրամադրելու հարցի քննարկման արդյունքում, Հանձնաժողովը պատճառաբանված որոշում է կայացնում անձին Կոմիտեի ծառայողների ցուցակից հանելու կամ չհանելու միջնորդությամբ Կոմիտեի նախագահին դիմելու, տարկետում տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ:

64. Անձն իրավունք ունի իրեն Կոմիտեի ծառայողների ցուցակից հանելու, տրկետում չտրամադրելու վերաբերյալ որոշումներն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարանում:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի