Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավագ քննիչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ և դադարեցվել նրա լիազորությունները

16.12.2014 22:54

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի նկատմամբ որպես կարգապահական տույժ առավելագույն պատժատեսակը կիրառելու՝ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։
 

ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով հարուցված և կոնկրետ քննիչի վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերի խախտումներ, որոնց արդյունքում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, իրական հանգամանքները բացահայտելու համար։

Հաշվի առնելով արձանագրված խախտումները՝ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կոմիտեի նախագահը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին՝ խախտումներ թույլ տված ավագ քննիչի նկատմամբ «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ։
 

Կարգապահական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 12-ի նիստում միաձայն բավարարվել է միջնորդությունը։ Նույն օրը հանձնաժողովը քննարկել է ևս երկու քննիչի թույլ տված խախտումների հարցը և նրանց նկատմամբ կիրառել կարգապահական այլ տույժեր։
 

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությունը հետևողական է լինելու ծառայողների կարգապահական խախտումների կանխարգելմանը, այդպիսիք ծնող պատճառների վերացմանը և ծառայողական կարգապահության ամրապնդմանը՝ կարևորելով քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը։
 

Քննության որակի բարձրացումը, քննիչի անկախության ապահովումը կոմիտեի առաջնահերթ խնդիրներն են, և գործուն միջոցառումներ են ձեռնարկվում կոմիտեի ծառայողի անկախությունն ու իրավունքների պաշտպանությունը, նյութակենցաղային պայմանները բարելավելու ուղղությամբ՝ միաժամանակ խիստ վերաբերմունք դրսևորելով խախտումներ թույլ տված ծառայողների նկատմամբ, ովքեր օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության՝ ըստ խախտման տեսակի։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի