Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է քննիչին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. գործն ուղարկվել է դատարան

18.01.2016 18:33


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում ավարտվել է քննիչին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Դեպքն արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով. մեղադրյալը գործը քննող քննիչին իր իսկ աշխատասենյակում առաջարկել է կաշառք՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու դիմաց, ինչի մասին քննիչն անմիջապես զեկուցագիր է ներկայացրել։

Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչի վարույթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ  քննվող քրեական գործով Արարատի մարզի բնակչին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի), իսկ որպես խափանման միջոց՝ ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով քննություն է տարվել՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

2015թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 17:07-ին, մեղադրյալը զանգահարել է ՀԿԳ քննիչին և, քրեական գործով կարևոր տեղեկություններ հայտնելու պատրվակով, խնդրել ընդունել իրեն: Քննիչը վերջինիս հրավիրել է իր աշխատասենյակ։

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ մեղադրյալը քննիչի թույլտվությամբ մուտք է գործել Երևան քաղաքի քննչական վարչության վարչական շենք, բարձրացել քննիչի աշխատասենյակ, որտեղ քննիչին առաջարկել է կաշառք՝ իրեն քրեական պատասխանատվությունից ազատելու դիմաց՝ պատրաստակամություն հայտնելով գումարը տալ նույն պահին։ Քննիչն անմիջապես նրան դուրս է հրավիրել իր աշխատասենյակից և կատարվածի վերաբերյալ ներկայացրել գրավոր զեկուցագիր։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քննիչի զեկուցագրում մատնանշված հանգամանքների ուղղությամբ քննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, հարուցվել առանձին քրեական գործ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով որպես մեղադրյալ ներգրավված Արարատի մարզի բնակչին ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով կաշառք առաջարկելը)։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի