Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Երեք անչափահաս կասկածվում են Սյունիքում կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու մեջ

07.12.2016 14:14

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ. կասկածյալներն անչափահասներ են։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերին Սյունիքի մարզի երեք անչափահաս բնակիչներ՝ 1999 և 2000թթ. ծնված, տպիչով կրկնօրինակելու եղանակով պատրաստել են 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, որն իրացրել են  նոյեմբերի 28-ին` Սյունիքի մարզի Լեռնաձոր  գյուղի խանութում։ Պատանիներից մեկը կեղծ թղթադրամով կատարել է գնումներ։

2016թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, խանութը շահագործող անհատ ձեռներեցը ճանաչվել է տուժող։

Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են բնակարանների խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է տպիչ սարքը, որն, ըստ քննության տվյալների, օգտագործվել է կեղծ փողեր պատրաստելու համար, տպագրական թղթեր, ինչպես նաև համակարգիչների պրոցեսորներ։ Առգրավվել և զննվել են խանութի տեսահսկման համակարգի տեսագրությունները և կեղծ թղթադրամը:

Անչափահասները ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի