Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ուրիշի անվամբ ձևակերպվել են վարկեր, իսկ գումարը՝ հափշտակվել. քրեական գործն ուղարկվել է դատարան

02.12.2015 18:07


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ուրիշի անունով վարկեր ձևակերպելու և  ստացված գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննության տվյալներով՝ Երևանի 48-ամյա բնակչուհին «Կոմիտասի» անվան պանթեոնում գտել է ՀՀ քաղաքացի հանդիսացող մի կնոջ անձնագիր, որն օգտագործելով կատարել է հափշտակություններ։ Մասնավորապես՝ անձնագրում նշված կնոջ անվամբ ձեռք է բերել աշխատանքի վերաբերյալ կեղծ տեղեկանք, որը գտած անձնագրի հետ միասին 2014 թ. մայիս-հունիս ամիսներին ներկայացրել է հանրապետությունում գործող տարբեր բանկեր և անձնագրում նշված կնոջ անունով ձևակերպել սպառողական վարկեր, իսկ ստացված գումարները՝ հափշտակել։ Նախաքննությամբ բացահայտվել է նման մեխանիզմով իրականացված խարդախության 4 դրվագ։

Բացի այդ, պարզվել է, որ գտած նույն անձնագրով կապի օպերատորներից մեկի հետ 48-ամյա բնակչուհու կողմից կնքվել է բջջային հեռախոսի և բջջային հեռախոսաքարտի ձեռքբերման պայմանագիր։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա 48-ամյա բնակչուհի Ն. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) ( Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), 325-րդ հոդվածի 1-ին մասով  (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ( խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:  Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի