Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ընդլայնված Կոլեգիայի նիստ ՀՀ քննչական կոմիտեում. ամփոփվել են նախորդ տարվա ցուցանիշները (Լուսանկարներ)

22.02.2017 16:07

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

Ընդլայնված կոլեգիան քննարկել է 2016 թվականին կատարված աշխատանքները, վերլուծել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված աշխատանքները։ Ըստ ոլորտների կատարված աշխատանքները ներկայացրել են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը, Հայկ Գրիգորյանը, Վահագն Հարությունյանը և Արթուր Ղամբարյանը։

Հանրապետությունում 2016 թվականին գրանցվել է 18764 հանցագործություն՝ 2015 թվականի 17.143 դեպքի դիմաց. աճել են հիմնականում պետական ծառայության և կառավարման կարգի, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ 4,8 տոկոսով նվազել են ծանր հանցագործությունները, 20 տոկոսով աճել առանձնապես ծանր հանցագործությունները։

Ըստ զեկույցների՝ 2016 թվականին  հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով  91,3 տոկոսով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ծառայողների վարույթում, իսկ մնացած 9,7 տոկոսը՝ ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի քննչական վարչության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում։ ՀՀ ՔԿ քննիչների միջին ծանրաբեռնվածությունը կազմել է` 46.4, իսկ առանձին ստորաբաժանումներում՝ շուրջ 130 քրեական գործ։

Չնայած ծանրաբեռնվածությանը՝ հետևողական քայլեր են ձեռնարկվել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով քննության որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ և քննությունը ճիշտ պլանավորելու, ճիշտ կազմակերպելու արդյունքում կրճատվել են նախաքննության ժամկետները, էապես բարելավվել մի շարք հանցատեսակների բացահայտման ցուցանիշները։ Օպերատիվ-որոնողական մարմինների հետ համագործակցաբար ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է ապահովել առանձնապես ծանր հանցագործությունների՝ շուրջ 90 տոկոսի բացահայտումը։

Եթե 2015 թվականի ընթացքում մինչև երկու ամիս ժամկետում ավարտվել է 1676 քրեական գործ, ապա 2016 թվականին՝ 1736, միաժամանակ, էապես նվազել են  մեկ տարուց ավելի  քննվող քրեական գործերը։

«Քրեական գործերով նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, սահմանափակվում են ներգրավված անձանց մի շարք սահմանադրական իրավունքները, և անընդունելի են քննության անհարկի ձգձգումները։ Պետք է հնարավորինս օպերատիվ պարզվեն հանգամանքները և կայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։ Միայն սեղմ ժամկետներում հանցագործությունների բացահայտումը  կնպաստի կատարած արարքի համար պատժի անխուսափելիության հոգեբանության ձևավորմանը»,- նշել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ հանձնարարելով ամենօրյա հսկողություն սահմանել բազմադրվագ, առանձնակի բարդություն ներկայացնող քրեական գործերի քննության, բացահայտման նկատմամբ։

«Քննչական աշխատանքի թիվ մեկ ցուցանիշը հանցագործությունների բացահայտումն է։ Քննիչն է այն դատավարական անձը, ով ղեկավարում է բոլոր նրանց գործողությունները, ովքեր իրենց նպաստը պետք է բերեն հանցագործությունների բացահայտման, ապացույցներ ձեռք բերելու, ֆիքսելու գործին։ Հանրության կողմից պահանջը ձեզ է ներկայացվում»,- ասել է Ա.Հովսեփյանը։

Անդրադառնալով քննության ժամկետների կրճատմանը՝ զեկուցողները նշեցին, որ դրան մեծապես նպաստել են իրականացված կազմակերպական աշխատանքները։ Օրինակ՝ դատարանների որոշումների հիման վրա կապի օպերատորներից վերծանումներն ստանալու էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ վերծանումներն ստացվում են սեղմ ժամկետներում, որը նպաստում է առաջ քաշված վարկածներն առավել օպերատիվ ստուգվելուն։

Քննության համար առաջնային խնդիրներից է շարունակում մնալ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվող փորձաքննությունների կատարման ժամկետները, առանձին դեպքերում նաև՝ որակը։

Զեկուցվեց, որ 2016 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում մշակվել են համագործակցության նոր մեխանիզմներ, որը հնարավորություն է տալիս ավելի սեղմ ժամկետներում և առավել մատչելի գներով կազմակերպել դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը։ Բժշկական համալսարանի մասնագետները պատրաստակամություն են հայտնել կատարել քրեական գործերով դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը: Նշված ամբիոնի մասնագետների կողմից  արդեն իսկ իրականացվել է մի քանի դատահոգեբանական փորձաքննություն, որոնց համար պահանջվել է 45 օր, և միայն մեկ դեպքում է տևել 4 ամիս՝ կապված քրեական գործի բազմածավալ լինելու հետ։

Այդպիսով փաստվեց, որ ԵՊԲՀ-ի հոգեբանության ֆակուլտետի մասնագետների կողմից իրականացված դատահոգեբանական փորձաքննությունների կատարման ժամկետները գոհացուցիչ են: Ներկայումս աշխատանքային քննարկումներ են իրականացվում մանկավարժական պետական համալսարանի համապատասխան մասնագետների հետ՝ նրանց ևս փորձաքննությունների կատարմանը ներգրավելու համար։

«Կազմակերպական, ինչպես նաև քննիչների վերապատրաստման ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել, և բոլոր վիճակագրական տվյալները վկայում են, որ հաջողվում է ապահովել քննության որակի և արդյունավետության բարձրացումը, բայց դա մեզ չպետք է գոհացնի, ինքներս մեզ չպետք է գովենք, այլ խորությամբ ուսումնասիրենք խնդիրները, վեր հանենք բացթողումները  և հետևողական քայլերով շտկենք դրանք։ Պետք է միշտ քննադատաբար մոտենանք մեր աշխատանքներին, քանի որ միայն այդպես կարող ենք առաջ գնալ, արդյունավետ նախաքննություն ապահովել»,- նշել է Ա.Հովսեփյանը:

Բանախոսները նշել են, որ 2016 թվականին ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում մի շարք դեպքերում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հատուկ սուբյեկտների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ, և այդ գործերն ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ՝ նախաքննությունը շարունակելու։ Միաժամանակ ՀՔԾ են գործուղվել նաև երեք տասնյակից ավելի քննիչներ՝ խմբի կազմում աջակցելու նշված քրեական գործերով քննությունն իրականացնելու հարցում։

Քննարկման արդյունքներով՝ ՀՀ ՔԿ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ՝ կարևորելով հանցագործությունների վերաբերյալ քննչական կոմիտեում ստացվող հաղորդումներին արագ, օրենքով սահմանված կարգով ընթացք տալը։ Ա.Հովսեփյանը տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումներին կամ ընտրական գործընթացով պայմանավորված այլ քրեորեն հետապնդելի արարքներին ՀՀ ՔԿ իրավասության սահմաններում արագ և պատշաճ իրավական գնահատական տալու կարևորության վրա։

«Տեղերում հնարավորինս արագ և սահմանված կարգով պետք է արձագանքեք հնարավոր ընտրախախտումների մասին հաղորդումներին։ Յուրաքանչյուր դեպք պետք է օպերատիվ դառնա քննության առարկա»,- շեշտել է ՔԿ Նախագահը։ 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի