Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ Կոթի գյուղի բնակիչների՝ հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ

03.09.2015 15:49


ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, որոնց հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նշված գյուղի բնակիչներ Ն.Պետրոսյանը և Ռ.Թումանյանը և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Ն.Պետրոսյանի մոտ ախտորոշվել է պարանոցի, մեջքի, վերջույթների շրջանի բազմաթիվ հրազենային բեկորային վնասվածքներ, իսկ Ռ.Թումանյանի մոտ՝ ձախ ստորին վերջույթի հրազենային բեկորային վերք:

Ն.Պետրոսյանը և Ռ.Թումանյանը ճանաչվել են տուժող:

Նշանակվել են դատաբժշկական, պայթյունատեխնիկական փորձաքննություններ, առգրավվել են Ռ.Թումանյանի և Ն.Պետրոսյանի՝ այդ պահին նրանց հագին եղած հագուստները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի