Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Վանաձորում բնակարանային գողության փորձի և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձի գործով մեղադրանքներ են առաջադրվել

04.02.2016 10:42


Վանաձորում բնակարանային գողության փորձի և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ գողության ահազանգի հիման վրա լույս  հունվարի 30-ի գիշերը  դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ հնչել են կրակոցներ՝ գողության փորձ կատարած անձանց կողմից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի բնակիչներ Ա.Սարգսյանին և Ա.Գալստյանին 2016 թվականի փետրվարի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով (գողության փորձ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպանության փորձ՝ 2 կամ ավելի անձանց նկատմամբ՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ռ.Ռստակյանին՝ 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց  կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի