Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով «Կամազ»-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել

14.11.2014 19:01
2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Իմէքս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ Մ.Վարդանյանն իրեն ամրացված «Կամազ-53202» մակնիշի, 533 ՏՍ 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, խախտելով ՀՀ ՃԵԿ-ի 96 կետի, ձև № 1-ի 2.5 ճանապարհային նշանի  և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, այն է` պարտավոր լինելով երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալով ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև՝ կանգնել հատվող երթևեկելի մասի եզրից առաջ, ստեղծել է վթարային իրավիճակ, մուտք  գործել խաչմերուկ և բախվել Ռազմիկ Մկրտչյանի վարած, Երևանից-Գյումրի թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի, 0811 Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմեքենային:

Արդյունքում՝ առաջացած վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան հրդեհվել է՝ անզգուշությամբ առաջացնելով նշված ավտոմեքենայի վարորդ Ռազմիկ Մկրտչյանի, ինչպես նաև ուղևորներ Մարինե Նազարյանի, Արամայիս Թումանյանի, Վանիկ Սարգսյանի, Հաբեթ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Դավիթ Հարությունյանի մահը:  Ուղևորներ Կարեն Բաղդասարյանը, Հովհաննես  Չախոյանը, Սամվել Հակոբյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Ալբերտ Շախնազարյանը, Հասմիկ Հովհաննիսյանը և Էդմոն Սիմոնյանը տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Մ.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի