Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գողացված քարտով բանկոմատից գումար են կանխիկացրել (լուսանկարներ)

17.10.2016 18:25

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը:

2016թ. օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքի մայրապետից հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 29-30-ին հերթապահության մեջ գտնվելու ընթացքում բուժքույրերի համար նախատեսված աշխատասենյակում գտնվող իր պայուսակից գաղտնի հափշտակել են դրամապանակը, որի մեջ գտնվել է կանխիկ գումար և բանկային քարտեր: Գողության հանգամանքը կինը պարզել է օգոստոսի 30-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, հերթապահությունը հանձնելիս։

Պարզվել է նաև, որ տուժողի՝ գողացված բանկային քարտով օգոստոսի 29-ին բանկոմատից կատարվել է կանխիկացում՝  ինչի արդյունքում  նրան  պատճառվել է զգալի չափերի նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննության ընթացքում բանկից ստացվել է գողացված քարտով  օգոստոսի 29-ին կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է բանկոմատին մոտենում կարմիր վերնաշապկով, ջինսե տաբատով, գլխարկով մի տղամարդ և քարտով գումար կանխիկացնում:

Էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված տղամարդու ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք, հայտնել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի