Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է ժամանցային համալիրի տնօրենի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

18.03.2015 18:39

 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է «Մա Պլազա» ժամանցային համալիրի տնօրենի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել են «Մա Պլազա» ժամանցային համալիրի տնօրեն Մկրտիչ Խաչատրյանի մահվան հանգամանքները, նրան մարմնական վնասվածքներ պատճառած անձանց ինքնությունը:

 

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ա.Քարհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանի համաձայն, 2012 թվականի սեպտեմբերի 13-ին գտնվել է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի տրամադրության ներքո: Նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում, նա մի քանի անձանց հետ գտնվել է Աբովյան քաղաքում գտնվող «Մա Պլազա» ժամանցային համալիրի դիմաց և իրենց հայհոյելու պատճառով վիճաբանել ժամանցային համալիրի տնօրեն Մկրտիչ Խաչատրյանի հետ։

 

Քննությամբ պարզվել է, որ վիճաբանության երկու մասնակից՝ Ա.Քարհանյանը և Վ.Գրիգորյանը ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածել են Մ.Խաչատրյանի մարմնի տարբեր մասերին և վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

 

Այնուհետև Ա.Քարհանյանը ոտքով հարվածել է վերջինիս կրծքավանդակին, որի հետևանքով Մ.Խաչատրյանը մարմնի հետին մակերեսով ընկել է գետնին և ստացել գանգի թաղի ոսկրերի կոտրվածք։ Մ.Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ և սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18:30-ին, ստացած գանգուղեղային տրավմայից մահացել է:

 

Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում նաև՝ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ: Եզրակացությամբ փաստվել է, որ Մկրտիչ Խաչատրյանի մահվան հետ ուղղակի պատճառական կապի մեջ է գտնվել գլխի ծոծրակային շրջանում ստացված մարմնական վնասվածքը, որը նա ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Ա.Քարհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 109-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վ.Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի