Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է 26-ամյա կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել վերջինիս նախկին ամուսնուն

08.01.2020 11:46

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 26-ամյա բնակչուհու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք  հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս նախկին ամուսնուն:

2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 05:50-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վերք և մարմնի  տարբեր մասերի կտրած-ծակած վերք» մարմնական վնասվածքներով, իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1993թ.: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի նախկին ամուսինն է՝ Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990թ.:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով  26-ամյա կինը ճանաչվել է տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր, արնանման նյութի հետքերով դանակի բռնակ և շեղբ: Կատարվել են առգրավումներ, առերես հարցաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունվարի 2-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 29-ամյա երիտասարդը, ալկոհոլի ազդեցության տակ, նախկին կնոջը սպանելու նախնական դիտավորությամբ գնացել է վերջինիս բնակարան, որտեղ հագին եղած բաճկոնի ձախ ծոցագրպանից հանելով խոհանոցային դանակը՝ հարվածներ է հասցրել նախկին կնոջ՝ կյանքի համար կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի